HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանի թիվ 41 մանկապարտեզի բացումը նախատեսվում է մոտ օրերս. սպասման մեջ է շուրջ 400 երեխա

Ծանոթներիցս մեկի երկու երեխաները հաճախում էին Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող թիվ 42 մանկապարտեզ (Հալաբյան 57/5)։ 2024 թ․ ապրիլի 1-ին այն փակվել է հիմնանորոգման նպատակով։ Այս մանկապարտեզի սաները տեղավորվել են մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներում, որոնք, սակայն, թիվ 42-ից բավականին հեռու են։ Հեռավորության պատճառով ծնողներից ոմանք նախընտրել են երեխաներին գրանցել իրենց տանը մոտ գտնվող այլ մանկապարտեզներում՝ սպասելով դրանց վերաբացմանը։

Նարինեն արդեն երկու տարի սպասում է Աջափնյակի թիվ 41 մանկապարտեզի վերաբացմանը (Քըրք Քըրքորյան 38ա)։ Որդին այս սեպտեմբերից դպրոց է հաճախելու, բայց մանկապարտեզը դեռ չի վերաբացվել։ Հիմնանորոգման նպատակով այն փակ է 2023-ի ապրիլի 1-ից, այսինքն՝ արդեն 3 տարի:

«Մանկապարտեզ» կառավարման համակարգի համաձայն՝ ներկա պահին թիվ 41 մանկապարտեզում հերթագրված է 396 երեխա։ Ընդ որում՝ 2020 թ․ ծնված 28 երեխա դեռ սպասում է հերթում։

Թիվ 41 մանկապարտեզը նախատեսվում է շահագործման հանձնել մարտի 31-ին։ Այս ամսաթիվն է նշված «Մանկապարտեզ» կառավարման համակարգում, նույնը, մեր հարցմանն ի պատասխան, փոխանցել են Երեւանի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանից «Հետքին» հայտնել են, որ Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 41 մանկապարտեզի հիմնանորոգման ու բակի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են «ԷԼԴՈԳԱՐ» ՍՊԸ-ի հետ 2023 թ․ մարտի 27-ին կնքված պայմանագրի համաձայն: Ըստ քաղաքապետարանի՝ տեխնիկական խնդիրների պատճառով շինաշխատանքները սահմանված ժամկետում (17.07.2025 թ.) չեն ավարտվել, բայց խնդիրների լուծման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել: Նախատեսվում է հաստատությունը շահագործման հանձնել մարտի վերջին:

Ինչ վերաբերում է թիվ 42 մանկապարտեզին, որը փակ է արդեն 2 տարի, ապա այն, քաղաքապետարանի տեղեկացմամբ, ներառված է Երեւանի էներգաարդյունավետության ծրագրի երկրորդ փուլում: Ըստ «Հետքի» ստացած պատասխանի՝ այս տարվա առաջին կիսամյակում մրցութային գործընթացների արդյունքում կնքվելու է նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման պայմանագիր: Շինաշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2027-ին, ավարտը՝ 2029-ին: «Մանկապարտեզ» համակարգի համաձայն՝ թիվ 42-ի վերաբացումը նախատեսվում է 2029 թ. սեպտեմբերի 1-ին:

Թիվ 42 մանկապարտեզի աշխատակցիների մեծ մասը հարկադիր պարապուրդում է։ Նրանցից ոմանք իրենց մտահոգությունն էին հայտնել «Հետքին», թե ինչ է սպասվում իրենց մանկապարտեզի փակումից 2 տարի անց, եթե այն դեռ չի վերաբացվել, նույնիսկ վերանորոգումը չի սկսվել:

Քաղաքապետարանի արձագանքը հետեւյալն է. «Երեւանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներն անցնում են հարկադիր պարապուրդի՝ հաստատության գործունեությունը ժամանակավորպես դադարեցնելու իրավական ակտի հիմքով եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթներով, եւ հաստատությունների գործունեության կարգավիճակի ու Աշխատանքային օրենսգրքով սահմանված պայմանների չփոփոխվելու դեպքում կշարունակվեն նաեւ հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter