HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

2025-ին YouTube-ում ադրբեջանական քարոզչություն տարածող ավելի քան 6 հազար ալիք է արգելափակվել

Google-ը 2025 թվականին ադրբեջանական քարոզչություն տարածող ավելի քան 6 հազար յութուբյան ալիք է արգելափակել: Թեև 2024-ի համեմատ արգելափակված ալիքների թիվը 2․3 անգամ կրճատվել է, սակայն Google-ի Սպառնալիքների վերլուծության խումբը (Threat Analysis Group) շարունակում է Հայաստանին քննադատող ու ադրբեջանական կառավարությանը փառաբանող բովանդակությունն ուշադրության կենտրոնում պահել։

Ընդգծենք՝ արգելափակված ալիքների թիվը վերաբերում է միայն Ադրբեջանի հետ կապվող քարոզչական գործողությունների հետաքննությանը և չի ներառում յութուբյան այն ալիքները, որոնք արգելափակվել են հարթակի այլ կանոններ խախտելու պատճառով։

2021 թվականից սկսած այս հետաքննության շրջանակում ադրբեջանական ավելի քան 22 հազար ալիք ջնջվել է։ Այս ուղղությամբ Google-ը հատկապես ակտիվ աշխատել էր 2024-ին՝ YouTube-ում դադարեցնելով 14 հազար քարոզչական ալիքի գործունեություն։ 2025-ին այս թիվը նվազել է՝ 6028 ալիք։

TAG-2026-1.jpg (264 KB)

Սպառնալիքների վերլուծության խմբի 2025 թվականի տեղեկագրերը ցույց են տալիս, որ Հայաստանը թիրախավորող ալիքներ արգելափակվել են տարվա բոլոր ամիսներին։ Խոսքը երբեմն հազարավոր, երբեմն էլ մի քանի ալիքի մասին է։ Այս ալիքները տեսանյութեր են հրապարակել ադրբեջաներենով, փառաբանել Ադրբեջանի կառավարությանը, թիրախավորել ու քննադատել են երկրի ընդդիմությանն ու Հայաստանին։

TAG-2026-2.jpg (204 KB)

Հայաստանի մասին նշվում է նաև ռուսական քարոզչական մի քանի հետաքննության շրջանակում։ Եթե նախորդ տարիներին հայերենով ռուսամետ բովանդակության տարածման ընդամենը 1 դեպք էր արձանագրվել, ապա 2025-ի հուլիսից սկսած ռուսական ազդեցությունը Հայաստանին վերաբերող կամ հայերենով տարածվող բովանդակության վրա ուսումնասիրության առարկա է դարձել։ Ռուսաստանին սատարող ու շատ դեպքերում Հայաստանին քննադատող 212 ալիք է արգելափակվել։ Սա ռուսական քարոզչության հետաքննության շրջանակում արգելափակված ալիքների ընդամենը 1.5%-ն է։

Հայաստանին առնչվող ռուսական քարոզչության թիրախն ու արգելափակված ալիքների թիվը՝ աղյուսակում․
Ամիս Արգելափակված ալիքների թիվ Թիրախ Լեզուներ
Հուլիս 12 Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին սատարող, ՆԱՏՕ-ին և Արևմուտքին քննադատող բովանդակություն Հայերեն, ինդոնեզերեն, պարսկերեն և ռուսերեն
Սեպտեմբեր 69 Ռուսաստանին սատարող և Ուկրաինային ու Արևմուտքին քննադատող բովանդակություն Ռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն, հայերեն, արաբերեն, ֆրանսերեն, ուզբեկերեն և ռումիներեն
Սեպտեմբեր 40 Ռուսաստանի կառավարությանը սատարող և Մոլդովայի կառավարությանը քննադատող բովանդակություն Ուկրաիներեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն, իսպաներեն, հայերեն և ուզբեկերեն
Հոկտեմբեր 29 Ռուսաստանին սատարող և Հայաստանին, Իսրայելին, Մոլդովային, Ուկրաինային ու Արևմուտքին քննադատող բովանդակություն Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, արաբերեն և ռուսերեն
Հոկտեմբեր 26 Հայաստանին քննադատող բովանդակություն Ռուսերեն և հայերեն
Նոյեմբեր 7 Ռուսաստանին սատարող և Հայաստանին ու Արևմուտքին քննադատող բովանդակություն Հայերեն
Դեկտեմբեր 29 Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային և ԱՄՆ-ին քննադատող բովանդակություն Հայերեն

Հատկանշական է, որ YouTube-ում թե՛ ադրբեջանական, թե՛ ռուսական քարոզչության ուսումնասիրությունը Սպառնալիքների վերլուծության խմբի ամենախոշոր հետաքննություններից են։ 2025-ին Google-ն ամենից շատ Չինաստանի հետ կապվող ալիքներ է արգելափակել՝ ավելի քան 45 հազար ալիք, երկրորդ տեղում ռուսական ալիքներն են՝ 14 հազար, եռյակն էլ եզրափակում է ադրբեջանական քարոզչամեքենան՝ արգելափակված 6 հազար ալիքով։

Եթե ռուսական ալիքները մի քանի ուղղությամբ են աշխատել ու մի շարք լեզուներով բովանդակություն տարածել, ապա ադրբեջանական ալիքների դեպքում թիրախը մեկն է եղել, լեզուն՝ ադրբեջաներեն։

TAG-2026-3.jpg (202 KB)

Թե արգելափակված այս քարոզչական ալիքներն ինչ ազդեցություն են ունեցել, դժվար է գնահատել․ տեղեկագրերում չի նշվում, թե ալիքներում քանի տեսանյութ է տարածվել, դրանք քանի դիտում են ունեցել կամ որտեղ են դիտվել։

Տե՛ս նաև․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter