Կա՛մ ծառայիր, կա՛մ վճարիր․ ինչ դժվարություններ է ստեղծում «Զինծառայության մասին» օրենքը հայրենադարձների համար
Տիգրան Մովսեսյանը 29 տարեկան է, մինչեւ 2022 թվականն ապրել է Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո տեղափոխվել է Հայաստան, այստեղ ամուսնացել է, ցանկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ:
«Երբ եկա Հայաստան, 26 տարեկան էի։ Մտածում էի՝ կսպասեմ մինչև 27-28 տարեկանը, հետո քաղաքացիության հարցերս կկարգավորեմ։ Բայց հենց այդ տարի ընդունվեց օրենքը, որը սահմանեց տարբերակներ՝ կա՛մ ծառայիր, կա՛մ վճարիր»,- պատմում է նա։
Տիգրանը գրաֆիկ դիզայներ է, համագործակցում է արտասահմանյան ընկերությունների հետ։ Նրա խոսքով՝ գրաֆիկ դիզայների դեպքում երկար ժամանակ մասնագիտական գործունեությունից կտրվելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։
«Եթե երկու տարով գնամ բանակ, վերադառնալուց հետո կարող է պարզվել, որ իմ մասնագիտությունն այլևս մրցունակ չէ։ Այս ոլորտներում նույնիսկ կես տարվա դադարն արդեն մեծ խնդիր է, բացի այդ, ես ամուսնացած եմ արդեն, ընտանիք ունեմ, երեխա պլանավորել էլ չենք կարող, ես անգամ չեմ կարող հիպոթեքային վարկ ձևակերպել, օգտվել առավելություններից»,- նշում է նա։
Տիգրանը կարծում է, որ գործող կարգավորումները կարող են հակառակ ազդեցություն ունենալ։ Հայրենիք վերադառնալ ցանկացող երիտասարդները կարող են մտափոխվել, քանի որ տուգանքը շատ մեծ է։
«Ստացվում է՝ քաղաքացիություն ունենալը դառնում է վճարովի ծառայություն։ Եթե փող ունես՝ կվճարես կազատվես՝ ինչպես նախկինում, եթե ոչ՝ պետք է գնաս ծառայության։ Բայց այդպես շատ մարդիկ պարզապես չեն գա Հայաստան։ Իմ ծնողները ինչ-ինչ պատճառով լքել են հայրենիքը, ես ու իմ պես շատ երիտասարդներ մեծացել, հասուն մարդիկ ենք դարձել ու որոշել, որ պետք է հայրենիքում ապրել, բայց, փաստորեն, դա հեշտ չէ։ Մարդը 30-35 տարեկանում ստիպված է լինում կտրուկ փոխել իր կյանքը, այդ տարիքում գրեթե բոլորն արդեն կայացած մարդիկ են, կարիերա ու ընտանիք ունեն»,- ասում է նա։
2026թ. փետրվարի 11-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կացության մասին» օրենքում կատարված փոփոխությունները։ Ըստ այդմ՝ 27-37 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ ընտրելով ծառայության տեւողությունը եւ դրա համար վճարելու տարբերակը։ 15 մլն դրամ վճարելու դեպքում նրանք առհասարակ ազատվում են ծառայությունից։
Օրենքն առաջարկում է՝
- ծառայել 24 ամիս՝ առանց վճարի,
- ծառայել 12 ամիս և վճարել 2.5 մլն դրամ,
- ծառայել 6 ամիս և վճարել 5 մլն դրամ,
- ծառայել 1 ամիս և վճարել 10 մլն դրամ,
- վճարել 15 մլն դրամ եւ ազատվել ծառայությունից։
Մինչեւ օրենքի վերջին փոփոխությունը Հայաստանի օրենսդրությամբ պարտադիր զինվորական ծառայությունից միանվագ վճարի դիմաց ազատման մեխանիզմ գոյություն չուներ։
Օրենքը թույլ էր տալիս 27 տարին լրացած և ծառայությունից խուսափած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից՝ վճարելով տուգանք։ Այն հաշվարկվում էր հետեւյալ կերպ՝ 100 000 դրամ բաց թողած յուրաքանչյուր զորակոչի համար։
Տիգրան Մովսեսյանը միակը չէ, որ բախվել է այս խնդրին՝ ՀՀ քաղաքացիություն ստանալը, Հայաստանում օրինական աշխատելն ու ապրելը բարդացել է։ 30-ամյա Արարատ Մինասյանը ծնվել է Մոսկվայում, այնտեղ բարձրագույն կրթություն է ստացել, աշխատել է տարբեր ընկերություններում և ընտանիք կազմել։ Հաճախ է այցելել Հայաստանում, իր խոսքով՝ միշտ ցանկացել է ապրել այստեղ։ 2022 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան։ Այստեղ փորձել է կարգավորել իր փաստաթղթերը՝ գրանցման եւ օրինական կարգավիճակի համար։
«Երբ գնացի գրանցվելու, ինձ ասացին՝ մենք չենք կարող օգնել, որովհետև դուք արդեն քաղաքացի եք։ Ես զարմացա, ասացի՝ ինչպե՞ս կարող եմ քաղաքացի լինել, եթե ծնվել եմ Մոսկվայում, անձնագիրս ռուսական է։ Պարզվեց, որ ծնողներս իմ ծնվելու պահին Հայաստանի քաղաքացիներ են եղել ու էդպես ես էլ եմ համարվում քաղաքացի»,- պատմում է նա։
Անձնագրային բաժնում, ըստ Արարատի, ասել են, որ պետք է նախ հայկական անձնագիր ստանա։ Միևնույն ժամանակ, հայկական անձնագիր ստանալը ենթադրում է զինվորական ծառայության մեկնել։
«Ստացվում է փակ շրջան։ Օրինակ՝ քաղաքացիությունից հրաժարվելու համար պետք է նախ քաղաքացի դառնաս, անձնագիր ունենաս, բայց ինձ ասում են, որ ես արդեն քաղաքացի եմ, չունեմ անձնագիր, բայց եթե ունեցա, պետք է ծառայեմ։ Ես արդեն 30 տարեկան եմ։ Ունեմ ընտանիք, երեխա, վարկեր։ Հիմա ինձ ասում են՝ կամ պետք է երկու տարի ծառայեմ բանակում, կամ վճարեմ մոտ 15 միլիոն դրամ»,- ասում է նա։
Արարատի կարգավիճակն անորոշ է։ Նա Ռուսաստանի քաղաքացի է և ստիպված է յուրաքանչյուր 180 օրը մեկ դուրս գալ Հայաստանից և վերադառնալ՝ երկրում օրինական մնալու համար։ Նրա կինն ու երեխան ՀՀ քաղաքացիություն են ստացել։
Արարատն ասում է, որ կուզեր Հայաստանում ապրել ու աշխատել, հարկեր վճարել, երեխաներին այստեղ մեծացնել։ Բայց հիմա ստիպված է շարունակել աշխատել արտասահմանյան ընկերությունների հետ և հարկեր վճարել դրսում։
«Ես օրական 12-13 ժամ աշխատել եմ, որ կարողանամ Մոսկվայում տուն գնել հիփոթեքով։ Բայց 15 միլիոն դրամ վճարելու հնարավորություն չունեմ։ Եթե գնամ ծառայության, ո՞վ է տանս հիփոթեքը վճարելու, ընտանիքիս կերակրելու, ասում են՝ վերադարձեք հայրենիք, բայց հայրենիքում ապրելու նպաստավոր պայմաններ չկան»,- ասում է նա։
Արարատի խոսքով՝ նման իրավիճակում հայտնված մարդիկ հաճախ չեն հասկանում՝ ինչ տարբերակներ ունեն։ Չնայած առաջացած դժվարություններին, Արարատը մտադիր է ապրել Հայաստանում։
25-ամյա Արմեն Սաֆարյանը ծնվել է Մոսկվայում և ավարտել քաղաքացիական ավիացիայի ինստիտուտը՝ օդաչուի մասնագիտությամբ։ Ավարտելուց անմիջապես հետո որոշել է տեղափոխվել Հայաստան՝ այստեղ մասնագիտական գործունեությունը շարունակելու։
Արմենի խոսքով՝ աշխատանք գտնելու փորձերը սկսել էր դեռ ուսանողական տարիներին՝ էլեկտրոնային նամակներ ուղարկելով հայկական ավիաընկերություններին։ Սակայն պատասխաններ գրեթե չէր ստանում։ Հայաստան տեղափոխվելուց հետո նա դիմել է մի քանի ընկերությունների, սակայն աշխատանքի համար անհրաժեշտ էր ունենալ Հայաստանի քաղաքացիություն՝ համապատասխան փաստաթղթերով եւ սոցիալական քարտ։
Սակայն անձնագրային բաժնում նրան ասել են, որ ռուսական անձնագրով սոցիալական քարտ ստանալ չի կարող։ «Տեսան հայկական ազգանունս ու սկսեցին ստուգել ծնողներիս տվյալները։ Պարզվեց, որ ծնողներս իմ ծնվելու պահին եղել են Հայաստանի քաղաքացիներ, և ըստ այդմ՝ ես համարվում եմ Հայաստանի քաղաքացի։ Այդ պատճառով ռուսական անձնագրով սոցքարտ ստանալ չեմ կարող։ Պետք է հայկական անձնագիր հանեմ»,- պատմում է Արմենը։
Հայկական անձնագիրը նշանակում է նաև զինվորական ծառայության պարտավորություն։ Արմենը ծառայել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում։ Ուսումնառության ընթացքում մասնակցել է զինվորական պատրաստության ծրագրերի, անցել հավաքներ և ստացել պահեստազորային սպայի կոչում։
Արմենը եղել է Հայաստանի տարբեր մարզերի հինգ անձնագրային բաժիններում։ Նշում է, որ այլ երկրների քաղաքացիները հեշտությամբ սոցքարտ էին ստանում։
Նա ժամանակավորապես աշխատել է Երևանի սրճարաններից մեկում՝ որպես մատուցող։ Սակայն օդաչուի մասնագիտություն ունեցող Արմենի համար մատուցող աշխատելը գրավիչ չէր։ Դիմել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե։ Արմենին հրավիրել են հարցազրույցի, բայց երբ լսել են, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ասել են, որ պետական կառույցում օտարերկրյա քաղաքացի չի կարող աշխատել։
Ի վերջո, նա որոշել է տեղափոխվել Արաբական Միացյալ Էմիրություններ, այժմ բնակվում է Աբու Դաբիում։ Ասում է՝ պատրաստ էր ծառայել Հայաստանին, եթե ավելի ճկուն լուծում առաջարկվեր։ Նրա կարծիքով՝ այս խնդիրն ավելի լայն օրենսդրական կարգավորում պետք է ստանա՝ առանց լրացուցիչ վճարման պարտավորությունների։
«Շատ երկրներ ունեն հայրենադարձության մասին օրենքներ, որոնք հեշտացնում են սփյուռքի ներկայացուցիչների վերադարձը։ Մենք ունենք մեծ սփյուռք, բայց նման մեխանիզմներ գրեթե չկան»,- նշում է նա։
Իրավաբան Նորայր Նորիկյանի գնահատմամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կացության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխություններով փորձ է արվում լուծել զինծառայությունից խուսափողների խնդիրը, սակայն կարող են նաև նոր ռիսկեր ծագել, հատկապես՝ հայրենադարձության տեսանկյունից։
Նրա խոսքով՝ օրենսդիրը փորձել է իրավական մեխանիզմ առաջարկել այն անձանց համար, որոնք տարբեր պատճառներով չեն ծառայել և գտնվում են քրեական հետապնդման ռիսկի տակ։Նորիկյանի խոսքով, այս փոփոխությամբ պետությունը փաստացի ասում է՝ մենք պատրաստ ենք փակել ձեր նկատմամբ քրեական հետապնդման հարցը, բայց դրա դիմաց դուք պետք է կամ ծառայեք կամ վճարեք։
Նորայր Նորիկյանն ընդգծում է, որ առաջարկվող տարբերակները, հատկապես՝ բարձր վճարները, կարող են սոցիալական անհավասարության խնդիր առաջացնել, երբ նույն պարտականությունից ազատվելու հնարավորությունը տարբեր մարդկանց համար տարբեր արժեք ունի. մեկը կարող է վճարել և չծառայել, մյուսը՝ոչ։
«Օրենսդիրն այս առումով հնարավորություն է տվել քաղաքացուն հայեցողական վարքագիծ դրսևորել, այսինքն` իր համաձայնությամբ կամ անցնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության 24 ամիս ժամկետով, կամ, ասենք, 1 ամիս ժամկետով՝ վճարելով 8 միոն դրամ, 6 ամիս ժամկետով՝ վճարելով 5 միլիոն և 1 տարի ժամկետով՝ 2.5 միլիոն դրամի դիմաց։ Այսինքն` այստեղ ոչ թե խտրական մոտեցում է, այլ առաջարկություններ են ներկայացված, հնարավորություն է ներկայացված քաղաքացուն»,-նշում է իրավաբանը։
Միևնույն ժամանակ, Նորիկյանը չի բացառում, որ օրենքը կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ ծառայությունից խուսափելու դեպքերի կրճատման վրա, սակայն ընդգծում է՝ խնդիրը պետք է դիտարկել համալիր ձեւով։
Անհրաժեշտ է նաև գնահատել՝ արդյոք սահմանված գումարները համադրելի են զինվորական ծառայության իրական արժեքի հետ։ «Պետությունը պետք է հաշվարկի, թե մեկ զինծառայողի վրա 18 ամսվա ընթացքում որքան ծախս է արվում և դա համադրի սահմանված վճարների հետ»,- նշում է նա։
Ըստ Նորիկյանի՝ խնդրի երկարաժամկետ լուծումը պրոֆեսիոնալ բանակի ձևավորումն է։ «Եթե ունենանք պրոֆեսիոնալ բանակ, ծառայության կգնան այն մարդիկ, ովքեր իրականում ցանկանում են զինվորական դառնալ, և խուսափումների մակարդակն էապես կնվազի»,- նշում է նա։
Նորիկյանը նաև շեշտում է՝ թեմայի առանձնահատկությունից ելնելով, յուրաքանչյուր դեպք պետք է առանձին ուսումնասիրել։ Ռուսաստանում ապրող հայ երիտասարդներից յուրաքանչյուրի դեպքն առանձին պատմություն է, որի վերաբերյալ գնահատական տալու համար պետք է հավելյալ ուսումնասիրել։
Լուսանկարը՝ արխիվային
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել