Թուրքիայում «Ավրորայի լուսաբացը» ցուցադրելու համար դատվող Ռոջհիլաթ Աքսոյը արդարացվեց
Երեկ՝ ապրիլի 6-ին, Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանում տեղի ունեցավ քուրդ ռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյի դատավարության երկրորդ լսումը։ Նա մեղադրվում էր Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ «թուրքական ազգին և պետական կառույցներին հրապարակայնորեն վիրավորելու» համար։ 2024 թվականին Ռոջհիլաթ Աքսոյը Դիարբեքիրում անցկացվող «Which Human Rights?» կինոփառատոնի շրջանակում ցուցադրել էր (ստորագրել էր ցուցադրության դիմումը) Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը (ռեժ. Իննա Սահակյան)։ Տեղի դատախազությունը այս տարվա մարտին նրա դեմ վարույթ էր նախաձեռնել։ Կազմված մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ ֆիլմում «1915 թվականի իրադարձությունները ներկայացվել են որպես ցեղասպանություն, այդ ժամանակաշրջանի ապստամբությունները նկարագրվել են որպես «ազատամարտիկների արդարացված պայքար», իսկ տարածաշրջանում ապրող հայերը ներկայացվել են որպես բռնի կերպով փոխված և անմարդկային վերաբերմունքի ենթարկված անձինք»։ Ֆիլմի երկխոսությունները մեջբերվել են որպես մեղադրական ապացույց։
Երեկ թուրքական Bianet լրագրողական հարթակը լուսաբանել է Դիարբեքիրում կայացած երկրորդ դատական նիստը։ Ռոջհիլաթ Աքսոյի փաստաբան Ֆրաթ Յլդզը, ի պատասխան մեղադրանքների, ասել է, որ իր պաշտպանյալը ֆիլմի ռեժիսորը չէ և միայն մասնակցել է ցուցադրությանը։
Նա ասել է, որ նման դատավարությունները սահմանափակում են խոսքի ազատությունը և ճնշում արվեստը։
«Նույնիսկ եթե նա լիներ ֆիլմի ռեժիսորը, սա դեռ պետք է գնահատվեր խոսքի ազատության շրջանակներում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի նախադեպային որոշումներ այս հարցի վերաբերյալ։ Կան նաև արդարացման որոշումներ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունների համար հետապնդվող անհատների և հաստատությունների համար, այդ թվում՝ Դիարբեքիրի փաստաբանական ասոցիացիայի»,- ասել է Աքսոյի փաստաբանը։
Պաշտպանության հայտարարություններից հետո Դիարբեքիրի առաջին ատյանի դատարանը արդարացրեց քուրդ ռեժիսոր Ռոջիլաթ Աքսոյին։
Տես նաև՝
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել