HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնսերվատորիայի այգին. ինչպես մասնատվեց Թամանյանի նախագծած այգին

Երևանի կենտրոնում գտնվող Կոնսերվատորիայի այգին տասնամյակների ընթացքում է ձևավորվել։ Մի ժամանակ Կոնսերվատորիայի ու Սարյանի այգիների ու դրանց հարակից՝ Ֆրանսիայի հրապարակի տարածքում, պտղատու ծառերով մեծ, ամբողջական այգի էր։ Թամանյանի նախագծած Երևանի գլխավոր հատակագծում՝ «քաղաք-այգում», այն այդպիսին էլ պետք է մնար։ Բայց տարիների ընթացքում Երևանի լայնացող փողոցները կուլ տվեցին նաև այգին՝ տեղում թողնելով չորս փոքր կանաչ զանգված։

Թամանյանի «քաղաք-այգին»

Երբ Ալեքսանդր Թամանյանը սկսել էր աշխատել Երևանի գլխավոր հատակագծի վրա, դրա հիմքում Երևանի երկու կարևոր արժանիքներն էին՝ այգիները և Արարատ լեռան տեսարանը։ Մարկ Գրիգորյանն իր «Երևան․ քաղաքի կենսագրությունը» գրքում նշում է, որ Թամանյանի նախնական գաղափարով պետք է կառուցվեր «քաղաք-այգի», որը բացվելու էր Արարատին դեմ հանդիման։ Այդ տարիներին՝ 1919-1920 թվականներին, «քաղաք-այգին» ամենանորաձև քաղաքաշինական հայեցակարգերից մեկն էր աշխարհում։ 

Այն փոքր քաղաք է, որում արդյունաբերական օբյեկտները ծայրամասերում են, բնակիչներն ապրում են կենտրոնում՝ այգիներով շրջապատված երկհարկ-եռահարկ տներում։ Այդ քաղաքները տնտեսապես անկախ են, իսկ քաղաքի բնակիչների համար ճանապարհը տնից աշխատավայր և հակառակը՝ քիչ ժամանակատար։ Քաղաք-այգում 32 հազարից ավելի մարդ չէր կարող ապրել, իսկ հենց բնակչության թիվը մոտենում է այս սահմանին, կլոր քաղաք-այգու կողքը պետք է կառուցվի նորը։ Երևանը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին հարմար էր թվում այս գաղափարի իրականացման համար․ այն դեռևս փոքր քաղաք էր՝ շուրջ 50 հազար բնակչությամբ։ Դեպի Արարատ լեռը բացվող «քաղաք-այգին» խորհրդանշելու էր աստվածաշնչյան Նոյի այգին՝ կորսված դրախտը։ 

Բայց ընդամենը չորս տարի անց՝ 1923 թվականին, չկար Հայաստանի առաջին Հանրապետությունը, Հայաստանը խորհրդայնացվել ու այնուհետև ԽՍՀՄ կազմի մեջ էր մտել։ Երևանը, որը պետք է ունենար 30 հազար բնակչություն ու լիներ ոչ մեծ քաղաք-այգի, վերածվեց միութենական հանրապետության մայրաքաղաքի, որի բնակչությունը 1930-ականներին 150 հազար էր, ոչ թե 30 հազար։

Ֆունկցիոնալությունն ընդդեմ գաղափարի 

Չնայած այս փոփոխությանը, Երևանը շարունակում էր մնալ երկհարկանի կավաշեն տներով գավառական քաղաք։ Դրա կառուցմամբ սկսեցին զբաղվել խորհրդային իշխանությունները՝ ի դեմս հայ պրոլետարիատի երիտասարդ ճարտարապետների։ Մարկ Գրիգորյանն իր «Երևան․ քաղաքի կենսագրությունը» գրքում գրում է, որ Մոսկվայից Երևան տեղափոխված հայ ճարտարապետների ուշադրության կենտրոնում էր կացարանների ֆունկցիոնալությունը, կառուցվածքի նպատակահարմարությունը: Նրանք փնտրում էին այնպիսի ճարտարապետություն, որը կհամապատասխաներ ժամանակակից պահանջներին, իսկ Թամանյանը նույն ժամանակ փորձում էր ներդաշնակություն գտնել դասական ու ազգային ճարտարապետության փորձերի միջև: Այս երկու ուղղությունները հաճախ էին բախվում։ Բայց, անկախ ընդհարումներից, Թամանյանը շարունակում էր աշխատել Երևանի գլխավոր հատակագծի վրա ու աշխատեց մինչև իր կյանքի վերջը՝ 1936 թվականը։

Մեկ տարի անց՝ 1937 թվականին Երևանի գլխավոր ճարտարապետ դարձավ Մարկ Գրիգորյանը։ Իր հուշերում նա պատմել է, որ նիստերից մեկին Անաստաս Միկոյանը հրավիրել է նաև իրեն։ Այս մասին գրում է նրա թոռ Մարկ Գրիգորյանը իր «Երևան․ քաղաքի կենսագրությունը» գրքում։ Այդ նիստին Անաստաս Միկոյանը կատաղած էր, իսկ զայրույթի պատճառը Երևանի՝ հավանական պատերազմին (Հայրենական Մեծ պատերազմ-հեղ.) անպատրաստ լինելն էր։ Նա կասկածում էր, որ Թուրքիան Գերմանիայի հետ դաշինք կկնքի, ու եթե պատերազմ սկսվի, կհարձակվի ԽՍՀՄ-ի վրա։ Նման սցենարի դեպքում Երևանը կհայտնվեր փակուղում։

Այս ժամանակ Երևանից հյուսիս տանող միակ ճանապարհը Սարալանջի փողոցն էր։ Չկար Ազատության պողոտան։ Պատերազմի դեպքում մայրաքաղաքը խնդիր էր ունենալու՝ և՛ զորքերի  տեղաշարժի, և՛ միակ ճանապարհով քաղաքի բնակչությանը տարհանելու։ Ու չնայած Մարկ Գրիգորյանի առաջարկով որոշվեց Գետառի կիրճի երկայնքով նոր ճանապարհ կառուցել, որը ներկայիս Մյասնիկյան պողոտան է, դա ամեն դեպքում չէր լուծում քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու խնդիրը։

Երևանի փողոցները նեղ էին՝ 10-12 մետր։ Օրինակ՝ Սունդուկյան փողոցը, որը նախ Ստալինի անունով կոչվեց, հետո՝ Լենինի և այժմ Մաշտոցի պողոտա է կոչվում, ուներ մոտ 11-12 մետր լայնություն։ Պատերազմի դեպքում զինվորների, ռազմամթերքի, մարդկանց տեղաշարժման համար սա դժվարություններ ու անհարմարություններ կառաջացներ։ Այս հարցը լուծելու համար Երևանում մի քանի փողոցներ ընդարձակվեցին մինչև 40-42 մետր՝ ստեղծելով ռազմավարական երթուղի։ Այդ փողոցներից էր ներկայիս Մաշտոցի պողոտան, որը ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանի խոսքով, սկսեցին կառուցել Մարկ Գրիգորյանը և Գրիգոր Հարությունյանը 1937 թվականին։ 

«Պրոսպեկտը այս զույգի քաղաքաշինական հայացքների արտահայտությունն էր։ 1932-ին ճարտարապետության ուղղությունը դարձավ ստալինյան։ Դրանից հետո քաղաքաշինությունը անցավ Մարկ Գրիգորյան-Գրիգոր Հարությունով զույգին։ Բայց պետք է նաև հասկանալ, որ ճարտարապետները կարևոր չեն այնքան, ինչքան առաջին քարտուղարը՝ Հարությունովը։ Նա էր որոշում՝ ինչ կառուցել ու ինչպես։ Նա պաշտում էր Ստալինին, և այդ պաշտամունքի արդյունքը եղավ Ստալինի արձանի կանգնեցումը»,- պատմում է Կարեն Բալյանը։

Նրա խոսքով, մտադրություն կար փոխել նաեւ Երևանի գլխավոր փողոցը։ 19-րդ դարի կեսերից Աբովյանն էր Երևանի գլխավոր փողոցը։ 1930-ականների երկրորդ կեսին գլխավոր փողոցի դերը տրվեց Ստալինի (ներկայում՝ Մաշտոց) պողոտային։ Դա երկու պատճառ ուներ՝ կիրառական ու գաղափարական։

«Կիրառականը պայմանավորված էր նրանով, որ Սունդուկյան փողոցի թեքությունն ավելի փոքր էր՝ ի տարբերություն Աբովյան փողոցի։ Փոքր թեքության հաշվին այն փողոցին ավելի հանդիսավոր տեսք էր տալիս։ Միաժամանակ, այն ավելի լայն էր»,- գրում է Կարեն Բալյանը իր «Քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» գրքում։

Մյուսն ավելի գաղափարական էր։ Աբովյան փողոցն ուներ ընդգծված մշակութային, պատմական և ազգային բովանդակություն, ինչը կդժվարացներ փողոցը խորհրդային դարձնելը։ Միաժամանակ, Սունդուկյան փողոցը քիչ էր կառուցապատված, ինչը գլխավոր փողոցը կառուցելիս մեծ հնարավորություններ էր տալիս։

Բացի այդ, Մարկ Գրիգորյանը պատերազմից հետո նախագծեց նաև Բաղրամյան պողոտան, որը Սայաթ-Նովա պողոտայի շարունակությունը դարձավ։ Ալեքսանդր Թամանյանի Երևանի գլխավոր հատակագծով Մաշտոցի պողոտայի ու Սայաթ-Նովա, Բաղրամյան պողոտաների հատման տարածքում ու դրա շուրջը պետք է լիներ ամբողջական մեծ այգի։ Սակայն խորհրդային իշխանությունների պահանջներն իրականացնելու համար թամանյանական այգու միջով նախ անցավ Մաշտոցի պողոտան, այնուհետև՝ Բաղրամյան պողոտան։

«Մաշտոցի պողոտան մի գծով հատեց այգին։ Երկրորդ գծով այն հատվեց, երբ Բաղրամյան պողոտան կառուցվեց։ Պողոտաները հատվեցին ու խաչ քաշեցին Թամանյանի գաղափարի վրա։ Խաչ քաշվեց նաև այն իմաստով, որ ստեղծվեց խաչմերուկ, կենտրոնում առաջացավ հրապարակ՝ այսօրվա Ֆրանսիայի հրապարակը»,- պատմում է Կարեն Բալյանը։

Մեծ այգուց առաջացավ չորս փոքր զանգված՝ ներկայիս Սարյանի պուրակը, Կոնսերվատորիայի այգին, այս երկուսի արանքում գտնվող ավելի փոքր զանգվածը վերևում, իսկ ներքևում՝ Օպերայի շենքին հարող զանգվածը։ Այսպիսով, աճող քաղաքը կուլ տվեց նաև այգին: Երևանում բախվեցին դարաշրջանները, աշխարհայացքները, քաղաքի և աշխարհի նկատմամբ տարբեր մոտեցումները։ 

Մրգատու այգիներից՝ քաղաքային պուրակ

Երաժշտագետ Արմեն Բուդաղյանը Կոնսերվատորիայի այգին հիշում է դեռ այն ժամանակներից, երբ ո՛չ Կոնսերվատորիայի շենքը կար, ո՛չ էլ այգին էր մասնատված։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա սովորում էր Չայկովսկու անվան դպրոցում, որն այն ժամանակ գտնվում էր ներկայիս Ամիրյան փողոցի ու Մաշտոցի պողոտայի խաչմերուկում։

«Մեր դասատուն ամեն ուսումնական տարվա ավարտին դպրոցից վերցնում էր մեզ ու տանում էր քաղաքում քայլելու՝ էքսկուրսիայի։ Այդ ժամանակ, բնականաբար, Երևանում նույն շարժը չկար, ինչ հիմա է։ Ոտքով գալիս էինք այգի, որի մի կտորը հիմա հայտնի է որպես Կոնսերվատորիայի այգի կամ Կոմիտասի անվան պուրակ»,- հիշում է Արմեն Բուդաղյանը։ 

Նա պատմում է, որ ներկայիս Կոնսերվատորիայի, Սարյանի ու դրանց արանքում գտնվող տարածքի, Օպերայի շենքի հարևանությամբ գտնվող այգիների հիմքում երևանցիների պտղատու այգիներն էին։

«Երբ խոսում ենք Կոմիտասի անվան պուրակի կամ Կոնսերվատորիայի այգու մասին, ինչպես հիմա ընդունված է անվանել, այն չենք կարող դիտարկել իր շուրջը գտնվող տարածքից դուրս։ Իսկ այգու չորս կողմը երևանցիների տներն էին, մեծ շենքեր ու կառույցներ չկային, այլ միայն բնակելի տներ»,- ասում է Արմեն Բուդաղյանը։

Նրա խոսքով, տարիների ընթացքում պարբերաբար խիտ ծառատունկեր էին կազմակերպվում, ու մրգատու ծառերի կողքին հայտնվում էին ապագա այգու ծառերը։ Երևանի մեծանալուն ու բարեկարգվելուն զուգահեռ այգում հայտնվում էին նաև թփերը, բարեկարգվում էր նաև պուրակը։

Արմեն Բուդաղյանը այգու դիմացի շենքում՝ Կոմիտասի անվան Կոնսերվատորիայում է աշխատում։ Տարիներ շարունակ աշխատանքի է գնում-գալիս նույն ճանապարհով՝ այգու միջով, Կոմիտասի արձանի կողքով։ Սարսափով է հիշում այն ժամանակները, երբ այգում սրճարան էր գործում, որի բարձր երաժշտությունը խանգարում էր Կոնսերվատորիայի դասերին, նիստերին ու քննություններին: Ասում է՝ հիմա արգելված է բարձր երաժշտությունը:

Կոնսերվատորիայի այգին տարիներ առաջ տրվել էր վարձակալության, որի հետևանքները, Բուդաղյանի խոսքով, մինչ օրս անդառնալի են:

«Ժամանակին կանաչ այգուց մնացել են չորացած ծառերն ու թփերը։ Այգու մի մասում ընդհանրապես ծառեր չեն մնացել։ Մի քանի տարի առաջ տույաների չորացած տնկիներ բերեցին, կիսաչոր տնկեցին, երկու տարի էդպես չորացած տնկած մնացին, մի տարի է, ինչ հավաքել են։ Ինչ ասես՝ չեղավ այգու հետ էս տարիների ընթացքում, կրպակներ դրեցին, նորից հանեցին։ Սպասում եմ, որ մի օր նորից կսիրունանա այգին»,- ասում է Արմեն Բուդաղյանը:

Երաժշտություն լսող արձանները

Թամանյանական այգու մասնատվելուց հետո փոքրիկ կանաչ զանգվածներից մեկը, որ Կոնսերվատորիայի շենքի կառուցումից հետո սկսեցին անվանել Կոնսերվատորիայի այգի, իսկ Կոմիտասի արձանի տեղադրումից հետո՝ Կոմիտասի անվան պուրակ, ձևավորվել է տարիների ընթացքում։ Նախ տեղադրվել է Սայաթ-Նովայի արձանը, այնուհետև՝ Կոմիտասի արձանը։ Այս երկու արձանների հեղինակը քանդակագործ Արա Հարությունյանն է։ 

Կոմիտասից Կոմիտաս

Քանդակագործ Արա Հարությունյանը դեռևս 1954 թվականին քանդակել էր Կոմիտասի մահարձանը։ Դստեր՝ Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ դրանով սկիզբ է դրվել Արա Հարությունյանի՝ տարիներ շարունակ Կոմիտասի կերպարի փնտրտուքին։ 

«Ամբողջ մեր տունը Կոմիտասի նկարներն էին, ինքն աշխատում էր Կոմիտասի երաժշտության տակ։ Նա որպես մոնումենտալիստ սկսեց քանդակել Կոմիտաս, և որպես մոնումենտալիստ ավարտեց՝ Կոմիտաս քանդակելով»,- պատմում է Սուսաննա Հարությունյանը։

1980-ականների կեսերին որոշվեց Երևանում՝ Կոնսերվատորիայի դիմաց տեղադրել Կոմիտասի արձանը։ Սուսաննա Հարությունյանը պատմում է, որ մրցութային մի քանի փուլից հետո արձանի նախագծի իրականացումը վստահվել է Արա Հարությունյանին։ 

Նրա խոսքով, Կոմիտասի արձանի սկզբնական տարբերակում Կոմիտասը կանգնած է։ Հետո որոշվեց «թամանյանական այգու» կտորներում տեղադրված բոլոր արձաններն էլ քանդակել նստած վիճակում։ Նստած դիրքում են Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի ու Կոմիտասի արձանները։

Արա Հարությունյանի էսքիզների բազում տարբերակներից ծնվեց այն մեկը, որն այժմ  տեղադրված է Կոնսերվատորիայի այգում։ Դա իր վերջին մոնումենտալ աշխատանքն էր, որին Արա Հարությունյանը հասել է երկար տարիներ Կոմիտաս քանդակելով։

«Հայրս ասում էր, որ իր միակ իղձն է՝ իր ընտրած Կոմիտասը տեսնել Երևանում»,- ասում է Սուսաննա Հարությունյանը։

Արա Հարությունյանի երազանքն իրականացավ 1988 թվականին, երբ Երևանի կենտրոնում՝ Կոնսերվատորիայի այգում տեղադրվեց Կոմիտասի արձանը։ 

Հարությունյանի ուսանող, քանդակագործ Արա Ալեքյանը աշխատել է նրա արվեստանոցում այն ժամանակ, երբ վերջինս քանդակում էր Կոմիտասի արձանը։

«Ես ու ևս երկու ուսանող օգնում էինք նրան։ Մեծ աշխատանքը երբ կավով ծեփում ես, օգնող է պետք լինում, քանի որ ծանր աշխատանք է։ Մենք օգնում էինք նրան ֆիզիկական աշխատանքով․ բերում էինք կավը, իսկ ինքն ասում էր՝ որտեղ ծեփենք»,- պատմում է Արա Ալեքյանը։ 

Նրա խոսքով, երբ սկսել են օգնել Արա Հարությունյանին, վերջինս արդեն ծեփել էր գլխի հատվածը, մնացել էին ներքևի մասերը։

«Ոտքերի հատվածների ծալքերը մեր արածներն են։ Երջանիկ եմ, որ իմ մատնահետքերն էլ կան այդ արձանին»,- ասում է Արա Ալեքյանը։

Ինքը և իր կուրսեցիները Արա Հարությունյանին միշտ արվեստանոցում էին տեսնում։

«Քանդակագործներ կային, ձեռքով չէին էլ կպնում կավին, իսկ ինքը՝ չէ, կավը ձեռքով վերցնում էր, ափով ծեփում։ Հենց այդպես էլ պետք է շփվել կավի հետ. ձեռքերդ կավի մեջ շարժելով պետք է զգաս ու փոխանցես քանդակի շունչը, որ իրականին մոտ լինի, որ կենդանանա կավը»,- ասում է Արա Ալեքյանը։

Խորհրդային Հայաստանում արձանները տեղադրվում էին հզոր պատվանդանների վրա՝ որպես հավերժացում, որպես աստված կամ կուլտ։ Ազատագրվելով խորհրդային քանդակների այս «հիվանդությունից», Արա Հարությունյանը չի աստվածացնում Կոմիտասին։ Արձանը ցածր կլոր պատվանդանի վրա է տեղադրված։ Նա պատկերում է Կոմիտասին հողեղեն, մարդուն ու հողին մոտ, թույլ է տալիս, որ մարդը մոտենա ու շփվի արձանի հետ, ձեռք տա ու նստի կողքը։ Արա Հարությունյանը շեշտել է արձանի գլուխն ու ձեռքերը։ 

«Այնքան արտահայտիչ ու զգացմունքային է Կոմիտասի դեմքը, նուրբ ձեռքերը ծնկներին դրած, գլուխը փոքր-ինչ հետ գցած։ Միայն երաժշտություն լսող ու զգացող մարդը կարող է նման հայացք ունենալ․ Արա Հարությունյանը գտել է Կոմիտասին իր երաժշտության ու մելանխոլիայի մեջ: Իսկ ոտքերը հողին միաձուլվելով՝ հեղինակի մտահղացմամբ դառնում են ծիրանի ծառի բունը»,- ասում է Արա Ալեքյանը Կոմիտասի արձանի մասին: 

Նա պատմում է, որ ծառը, որի վրա նստած է Կոմիտասը, իրական ծիրանի ծառի ճյուղ է, որն Արա Հարությունյանը գտել էր քանդակելու ընթացքում։ 

«Նա ծիրանի ճյուղը բերեց արվեստանոց, որից ֆորմա հանեցին գիպսից, հետո մոմով սարքեցին ու բրոնզից ձուլեցին, ստացվեց իրական ծառի ճյուղի նմանակումով։ Բնականից ձուլելն այդ ժամանակ նորություն էր»,- ասում է Արա Ալեքյանը։ 

Սայաթ-Նովայի հուշաղբյուրը

Մինչ Կոմիտասի այս արձանը, Արա Հարությունյանը քանդակել էր նաև Սայաթ-Նովայի արձանը, որը նույնպես տեղադրվել է  Կոնսերվատորիայի այգում՝ 1963 թվականին, Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակի կապակցությամբ։ Սայաթ-Նովայի արձանն էլ տեղադրվել է այգու այն հատվածում, որի դիմաց Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցն է: 

Սայաթ-Նովայի արձանը, ի տարբերություն Կոմիտասի, քանդակի երկու ոճերի խառնուրդ է: Այն կառուցված է ուղղանկյուն բլոկների վրա, որոնք տեղ-տեղ ունեն անցքեր։ Դրանց միջով երևում է արևի լույսը։ Դրա շնորհիվ լուսավորության ինտենսիվությունը փոխում է արձանի ընկալման ձևը։ Արձանի գլուխը քանդակված է բարձր ռելիեֆի վրա: Գլխի դիրքի շնորհիվ այն հստակ ուրվագծվում է լույսի տակ։ Վերևի հորիզոնական սալաքարի վրա ոչ այնքան բարձր ռելիեֆի վրա քանդակված են կանանց դիմագծեր՝ ազգային զարդարանքներով։ Իսկ արձանի ներքևի աջ անկյունում ջուր է հոսում: Արձանի դիմաց՝ Մաշտոցի պողոտայի վրա կանգառ է: 

Այսպիսով, այս երկու արձանների՝ նախ Սայաթ-Նովայի (ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան), այնուհետև Կոմիտասի արձանի (ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան) տեղադրումից հետո ձևավորվեցին այգին ու այգու կենտրոնը։ Երկու արձաններն էլ տեղադրված են ինչպես այգուն, այնպես էլ այգու շուրջը գտնվող քաղաքային միջավայրին համահունչ: Երկուսի հայացքներն էլ քանդակագործը պատկերել է այնպես, որ կարծես երկուսն էլ դիմացի շենքերի երաժշտությունն են լսում: Մեծ հաշվով, սա է Կոնսերվատորիայի այգու յուրահատկությունը: 

Այգու «Պայծառ Երազը»

2015 թվականին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, այգու տարածքի մեծ մասը տրվել է վարձակալության։ 2016 թվականի մայիսի 23-ին պայմանագիր է կնքվել «Պայծառ Երազ» ՓԲԸ-ի հետ՝ մինչև 2030 թվականը։ Այս որոշմամբ նախ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի փաստացի տնօրինության տակ գտնվող տարածքը սահմանվել է 11538 քմ, մինչդեռ որոշման մեջ ասվում է, որ վկայականում ամրագրված մակերեսը 12022 քմ էր։ Նշված տարածքի մեծ մասի՝ 10090 քմ-ի նկատմամբ «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության կառուցապատման իրավունքը դադարեցվեց ու տրվեց վարձակալության «Պայծառ Երազ» ընկերությանը։ Այս ժամանակ այգու 405 քմ-ի վրա դեռևս սրճարան էր գործում: 

Քանի որ վարձակալության տրվող տարածքը մնում էր ընդհանուր օգտագործման տարածք,  «Պայծառ Երազ» ՓԲԸ-ն պետք է իրականացներ տարածքի մաքրման, կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ, ապահովեր անհրաժեշտ լուսավորությամբ, ձմռան ամիսներին պետք է մաքրեր ձյունը, սառույցը:

Ընկերությունը, սակայն, տարիներ շարունակ չի կատարել այս պարտականությունները։ Ծառերի մի մասն ամբողջությամբ չորացել էր չջրելու և չխնամելու հետեւանքով։ Պատշաճ խնամք չէին ստանում նաև այգու արձանները։ 

Արա Հարությունյանի դստեր՝ Սուսաննա Հարությունյանի խոսքով, ինքն անձամբ է մի քանի անգամ մաքրել այգու տարածքը։

«Երբ տարածքը տրված էր վարձակալության, վարձակալողն ընդհանրապես չէր հետևում տարածքին, ծառերը չորացել էին։ Արա Հարությունյանի անվան դպրոցի աշակերտների, Հասմիկ Պապյանի հետ գնացել ու մաքրել ենք այգին»,- պատմում է Սուսաննա Հարությունյանը։

Մի քանի տարի առաջ էլ Կենտրոնի թաղապետարանի հետ պայմանավորվել ու լվացել են Կոմիտասի արձանը։ 

«Մի քանի անգամ քաղաքապետարանի աշխատողներին խնդրել եմ, որ ջրեն Կոնսերվատորիայի այգու ծառերը, ինձ ասել են, որ չեն կարող, մասնավոր տարածք է»,- պատմում է նա։

2024 թվականին Երևանի քաղաքապետարանը դիմել է Սնանկության դատարան «Պայծառ Երազ» ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով։ 2015 թվականի պայմանագրով հողի վարձակալության գումարը կազմել էր տարեկան 2 մլն 431 հազար դրամ։ Ընկերության՝ վարձավճարը չվճարելու պատճառով մեծ պարտք էր կուտակվել, շուրջ 36 մլն 332 հազար դրամ, ինչպես նաեւ տույժ՝ 3 մլն 335 հազար դրամ։ Պատշաճ կերպով չեն կատարվել աղբահանության վճարումները, ինչի հետևանքով ընկերությունը կուտակել է ևս 680 հազար դրամ պարտք։ Ընկերության պարտավորությունների հանրագումարը կազմել է 40 մլն 347 հազար դրամ։ 

Դատարանի որոշմամբ ընկերությունը սնանկ է ճանաչվել։ Այնուհետև քաղաքապետարանը դիմել է առաջին ատյանի դատարան ընկերության հետ կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջով։ Միջնորդություն են ներկայացրել սնանկության գործով կառավարիչը, քաղաքապետարանը, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է։ Երեւանի քաղաքապետարանը դիմել է Վերաքննիչ դատարան։ 

Վերադարձ՝ վերականգնման խոստումով 

Երևանի քաղաքապետարանը 2025 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարեց, որ բոլոր դատական ատյաններն անցնելով, Կոնսերվատորիայի այգին վերադարձվեց Երևանի քաղաքապետարանին։ Գործակարգավարական նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը հանձնարարեց սկսել այգու մաքրման աշխատանքներ։

Քաղաքապետարանի փոխանցմամբ, մինչև այգու վերակառուցումը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ՀՈԱԿ-ը այգու տարածք է բերել ոռոգման սնուցման աղբյուր` ժամանակավոր ռետինե խողովակներով այգու ծառերն ու թփերը ջրելու համար։ Տասից ավելի չորացած ծառեր հատել են, էտել են մյուս ծառերն ու սրսկել։ Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ ամբողջ տարածքի հողը փորել են, հարստացրել պարարտանյութերով, միաժամանակ տարածք են բերել տորֆով հարստացված լրացուցիչ հող։

Նախկին սրճարաններից մնացած բետոնապատ տարածքները քանդել ու դուրս են բերել այգուց՝ լրացնելով տարածքը հողախառնուրդով։ 

Քաղաքապետարանի պնդմամբ, «Պայծառ Երազ» ՓԲԸ-ն հողամասի վարձավճարը պայմանագրով սահմանված ժամկետում վճարելու պարտականությունը պատշաճ չի կատարել՝ թույլ տալով պայմանագրի կետանց։ Քաղաքապետարանը խնդրել է պարտապանին «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 10-րդ հոդվածների հիմքով «Պայծառ Երազ» ՓԲԸ-ն ճանաչել սնանկ։ 

2026 թվականի մարտի 4-ին «Ակբա բանկ»-ը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեցին Կոմիտասի անվան պուրակի բարեկարգման գործում համագործակցության մասին։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ այգին շուտով կբարեկարգվի և կստանա նոր ու ժամանակակից տեսք: Իսկ «Ակբա բանկը» հայտնեց, որ պուրակի բարեկարգումն «Ակբայի» նվերն է Երևանին՝ բանկի 30-ամյակի կապակցությամբ: Ակբա բանկի տարածած հաղորդագրության մեջ միաժամանակ ասվում է, որ պուրակում տնկվելու է ավելի քան 3000 բույս, կտեղադրվի կաթիլային ոռոգման համակարգ, կավելանան նոր զբոսուղիներ, կկառուցվի փոքր բեմ՝ ամֆիթատրոնով։

Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ «Ակբա բանկ»-ը շինարարական աշխատանքների իրականացման համար պատվիրել է նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք նախատեսվում է փոխանցել Երևանի քաղաքապետարանին՝ շինարարության մրցույթ հայտարարելու համար։ 

Նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման արժեքը շուրջ 31 մլն 500 հազար դրամ է։ Շինարարական աշխատանքների ձեռքբերման նախնական արժեքը 700 մլն դրամ է, որից շուրջ 260 մլն դրամը կտրամադրի «Ակբա բանկ»-ը, մնացած շուրջ 440 մլն դրամը՝ Երևանի քաղաքապետարանը՝ ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար: 

Այսպիսով, Կոնսերվատորիայի այգու պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես են քաղաքաշինական, գաղափարական, ռազմավարական ու տնտեսական որոշումները վճռում հանրային տարածքների ճակատագիրը։ Կոնսերվատորիայի այգու վերակառուցման նոր փուլը ցույց կտա՝ արդյոք քաղաքը պատրաստ է վերականգնել իր երբեմնի «քաղաք-այգին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter