HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակի 36 թեկնածուների անունները

«Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցություններն իրենց համագումարներում հաստատել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին 36 անունները։ Դաշինքի ամբողջական ցուցակը կհրապարակվի ապրիլի 11-ին նախատեսվող հանրահավաքի ժամանակ։

«Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է՝ չնայած սահմանադրական արգելքներին։ Մայր օրենքի 48-րդ հոդվածը սահմանում է պատգամավորին առաջադրվող պահանջները՝ « ․․․ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող․․․ »։ Մեկ այլ հոդվածում ասվում է. «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները»: «Հետքի» հետ զրույցում ցուցակի երրորդ համարը՝ Գոհար Մելոյանը նշում է, որ Կառավարության անդամներին ներկայացվելիք պահանջները ենթակա են փոփոխության առանց հանրաքվեի։ 

Ահա ցուցակի առաջին եռյակը՝

  1. Նարեկ Կարապետյան 
  2. Արամ Վարդևանյան 
  3. Գոհար Մելոյան 

Դաշինքի ցուցակը գլխավորում է Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Նա լինելու է անցումային համակարգող, մինչև Սահմանադրությունը փոխելու հնարավորությունն ու Սամվել Կարապետյանին վարչապետ ընտրելը։

Երկրորդ համարը Արամ Վարդևանյանն է, նա իրավաբան է, 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայաստան» դաշինքի կազմում։ 2022-ին մանդատը վայր էր դրել ֆեյսբուքում գրառում կատարելով՝ « ․․․ Այժմ վերադառնում եմ փաստաբանական համայնք. անելիք շատ կա»:

Ցուցակի երրորդ համարը սահմանադրագետ, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Գոհար Մելոյանն է, մինչև քաղաքական գործունեությունը զբաղվում էր ընտրությունների դիտորդական առաքելությամբ։ 

Հաջորդ եռյակում են՝

  1. Դավիթ Ղազինյան 
  2. Ռուբեն Մխիթարյան 
  3. Արեգա Հովսեփյան 

Ցուցակի չորրորդ համարը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն է։ Հաջորդում է փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Նա Գյումրիի քաղաքապետարանի դիմացից ձերբակալված 15 քաղաքացիներից էր, ըստ նրա՝ գնացել էր մասնագիտական գործունեություն ծավալելու։ Ձերբակալությունից հետո նրան կալանավորել, հետո ազատ էին արձակել։ Արեգա Հովսեփյանը քաղաքական գործընթացներում հայտնվեց 2025-ի ամռանը՝ Սամվել Կարապետյանին աջակցող ցույցերի ժամանակ։

Տասնյակում են նաեւ հետեւյալ անձինք՝

  1. Մամիկոն Ասլանյան 
  2. Հայկ Ֆարմանյան 
  3. Մարիաննա Ղահրամանյան 
  4. Հայկ Սուքիասյան 

Մամիկոն Ասլանյանը Վանաձորի նախկին քաղաքապետն է։ 2021 թվականի դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում նրա ղեկավարած ուժն ամենաշատ ձայնը ստացավ։ Ասլանյանը, սակայն, չհասցրեց պաշտոնավարել։ Մինչեւ Վանաձորի ավագանու անդրանիկ նիստը նա ձերբակալվեց պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով։ Երկու տարի յոթ ամիս կալանքից հետո նա ազատ արձակվեց։ 2025 թվականի հունվարի 29 Հակակոռուպցիոն դատարանը Ասլանյանին մեղավոր ճանաչեց, գործը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում։ 

Ցուցակում 8-րդ համարը Հայկ Ֆարմանյանն է, նա տնտեսագետ է։ Նախկինում եղել է «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արթուր Ղազինանի հիմնած «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ։

Մարիաննա Ղահրամանյանը լրագրող է։ «Հինգերորդ ալիք»-ում վարում էր «Օրագիր» հաղորդումը։

Ցուցակում ընդգրկված բոլոր 36 թեկնածուներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Լուսանկարը՝ «Ուժեղ Հայաաստանի» ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter