HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությունը կվճարի Իշխան Զաքարյանի ՀԿ-ի սպորտային ավանի վարձավճարը եւ հարկերը

Կառավարությունը որոշել է պետական բյուջեի միջոցներից փոխհատուցել պատգամավոր Իշխան Զաքարյանի «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը «Ջրվեժ» անտառպարկում տրամադրված 23,3 հա հողատարածքի 5 տարվա վարձավճարը և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ու կազմակերպության հետ պայմանագրից բխող հարկերի վճարը։ Որոշումն ընդունվել է այսօր՝ ապրիլի 9-ին։

Այս տարածքը «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե»-ին է տրամադրվել Կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ՝ առանց մրցույթի, 50 տարի ժամկետով` սպորտային ավան կառուցելու նպատակով։ Նախագիծը դեռ սեպտեմբերին արագացված ընթացակարգով անցել է ռազմավարական էկոլոգիական գնահատման փորձաքննություն և ստացել դրական եզրակացություն: 

Կառավարությունն այսօրվա որոշումը հիմնավորում է նրանով, որ սկզբնական փուլում կազմակերպությունը եկամուտներ չի ունենալու։ Այդ պայմաններում նախատեսվող «հողի տրամադրման տարեկան վճարի բեռը կազմակերպության վրա թողնելը կարող է բացասաբար անդրադառնալ ծրագրի բնականոն մեկնարկի և արդյունավետ իրականացման վրա»։ Ըստ ներդրումային ծրագրի, առաջին փուլում, որն ավարտվելու է 2031 թվականին, կազմակերպությունը պետք է իրականացնի 13,3 մլրդ դրամի ներդրում։ 

Հողամասի վարձավճարի համար սահմանվել է տարեկան նվազագույն վարձավճար՝ 24,5 մլն դրամ։ Որոշումով նախատեսված այս փոխհատուցմամբ պետական բյուջեի վրա բեռը հարկերի հետ միասին տարեկան կլինի մոտ 37,8 մլն դրամ, իսկ 5 տարվա համար՝ 189,3 մլն դրամ։ Կառավարության պնդմամբ, առաջարկվող կարգավորումը չի վերացնում կառուցապատման իրավունքի դիմաց վճարի ինստիտուտը, այլ առաջին 60 ամիսների՝ ներդրումային ծրագրի առաջին փուլի համար սահմանում է պետական աջակցության ժամանակավոր մեխանիզմ։ 

Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն 20,9 մլրդ դրամ է։ Ծրագիրը նախատեսված է իրականացնել 3 փուլով։ Ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում ակնկալվում է մինչև 6000 անձ ընդունելու հնարավորություններով ժամանակակից մարզական ավան և 1240 նոր աշխատատեղ։ Նախատեսվում է նաև շուրջ 20,000 ծառի տնկում, իսկ կառուցապատման սկզբնական փուլերում օգտագործվելու են էկո տնակներ, ճաշարան, բժշկական սպասարկման կենտրոն, ինչպես նաև իրականացվելու են ենթակառուցվածքների բարեկարգման աշխատանքներ։ Ներդրումային ծրագրով նախատեսված Համահայկական խաղերի մարզական ավանը ծառայելու է ոչ միայն Համահայկական ամառային և ձմեռային խաղերի անցկացման ժամանակ որպես մարզիկների կեցության վայր, այլ նաև խաղերից դուրս օգտագործվելու է երիտասարդական տարբեր հավաքների, սփյուռքահայ ուսանողների կեցության, Հայաստան - Սփյուռք ծրագրերի, ինչպես նաև հանգստի և ժամանցի կազմակերպման նպատակներով։

Որոշման փոփոխությամբ՝ ծրագրով նախատեսված ներդրումները չիրականացնելու կամ մասնակի իրականացնելու դեպքում «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն» պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնել իրեն տրամադրված փոխհատուցման գումարներն ամբողջ ծավալով։ 

Ներդրումային ծրագրի իրականացման ու հնարավոր հետևանքների մասին «Հետքը» գրել էր, ինչպես նաև՝ զրուցել Իշխան Զաքարյանի հետ այս ամենի մասին անցած տարվա նոյեմբերին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter