Նախընտրական Weekend
Հանգստյան օրերը հարուստ էին քաղաքական անցուդարձով, ինչպես վերջին ամիսների գրեթե բոլոր շաբաթ-կիրակիները։ Նախընտրական քարոզարշավը չսկսված՝ քաղաքական ուժերը հանդիպում են ընտրողների հետ, այցելում մարզեր ու հանրահավաքներ կազմակերպում։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ավտոբուսն այս անգամ ուղղություն էր վերցրել դեպի Լոռի, Գեղարքունիք ու Կոտայք։ Իշխող թիմին այս մարզում տարբեր կերպ դիմավորեցին։ Մի դեպքում մարդիկ ջերմ գրկախառնվում էին։
Մեկ այլ դեպքում՝ պատմում իրենց խնդիրների մասին՝ մի տղամարդ, որին արտաքսել են Ռուսաստանից, դա կապում էր հայ-ռուսական հարաբերությունների հետ, մի կին էլ դժգոհում էր, որ որդուն տարել բանակ, երբ նա բարձր ջերմություն ուներ։ Եղան մարդիկ, որոնք իրենց դռները փակեցին Փաշինյանի առաջ։
Այս անգամ էլ, ինչպես Արտաշատում, թիմակիցներից մեկը վարչապետին ասաց․
«Մեր Պողոսյանը նոր սուպերմարկետ է բացել` խորհրդի նախագահ»։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Weekend-ին հանդիպել էր երիտասարդների հետ ու պատասխանում էր նրանց հարցերին։ Պատմում էր, օրինակ, թե ինչպես է 2008-ից հետո սովորել հեռախոսից ու համակարգչից օգտվել, իսկ մինչ այդ՝ պաշտոնավարման ընթացքում հեռախոս չի ունեցել։
«Իմ սերնդի համար կիրթ և խելոք մարդը նա էր, ով շատ բան էր հիշում։ Հիմա, այֆոնների հետ անիմաստ է այդ ամբողջ ինֆորմացիան հիշել։ Չեմ տեսնում, որ մեր կրթական համակարգը ադապտացվել է այդ կարգի փոփոխություններին։ Ուսանողներին և դպրոցականներին փորձում են գնահատել դեռ հին մոդելով»,- նշեց Քոչարյանը։
Նա պատմեց նաև իր երաժշտական ճաշակի ու մարզումների մասին։
Weekend-ին հանրահավաք էր հրավիրել «Ուժեղ Հայաստան» դաշինքը։
Քանի որ այս ուժի դե ֆակտո ղեկավար Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, հանրահավաքին ցուցադրվեց նրա տեսաուղերձը։ Ըստ Կարապետյանի աջակիցների, այն նկարահանված էր, այլ ոչ գեներացված Արհետական բանականությամբ, ինչպես նախորդը։
Կարապետյանը խոսեց տնտեսական նոր հնարավորությունների, ստեղծվելիք աշխատատեղերի, խաղաղության ու Հայաստանի արտաքին հարաբերությունների մասին։ Անդրադարձավ նաև իրենց մշակած անվտանգային քաղաքականության և այլ հարցերի մասին։ Հանրահավաքի ավարտին մասնակիցները երթով շարժվեցին Կասկադ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել