Դեպի խորհրդարան. 2017 թ. ԱԺ ընտրություններին մասնակցած ուժերը (մաս 1)
Մեկնարկի համար ընտրված 2017 թվականը պատահական չէ․ այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն էին 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնցով Հայաստանը կիսանախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանական կառավարման։ Սա նշանակում էր, որ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող ուժի ղեկավարը դառնալու էր երկրի փաստացի ղեկավարը։ Այդ փոփոխություններն ուժի մեջ մտան 2018թ.-ին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետից հետո։
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2017 թ. ապրիլի 2-ին: Ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 588 հազար 468 էր, քվեարկության մասնակիցներինը՝ 1 միլիոն 575 հազար 786 կամ 60․9%-ը:
Ընտրապայքարին մասնակցում էր 9 քաղաքական ուժ՝ 5 կուսակցություն և 4 դաշինք։ Համամասնական ընտրակարգով ընտրվեց 105 պատգամավոր, խորհրդարան անցավ քաղաքական չորս ուժ՝ երկու կուսակցություն և կուսակցությունների երկու դաշինք։
Խորհրդարան անցած ուժերը
Ստեղծվեց չորս խմբակցություն՝ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (58 պատգամավոր), «Ծառուկյան» (31 պատգամավոր), «Ելք» (9 պատգամավոր), «Հայ Յեղափոխական դաշնակցություն» (7 պատգամավոր):
«Հետքը» ներկայացնում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերի անցած ճանապարհն ու գրանցած արդյունքները։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հիմնադրվել է 1990 թվականին: Կուսակցությունն իրեն համարում է Գարեգին Նժդեհի ուսմունքի և Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական-քաղաքական ժառանգորդը։
Հիմնադիր նախագահը քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանն է։ Նրա մահից հետո կուսակցությունը ղեկավարում էր Վազգեն Սարգսյանը, ապա՝ այդ ժամանակ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նրանից հետո՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը մինչ օրս կուսակցության նախագահն է։
ՀՀԿ-ն ներկայացված է եղել դեռ առաջին գումարման Ազգային ժողովում՝ 1995-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելով «Հանրապետություն» միավորման կազմում։ Միավորման առանցքն այն ժամանակվա իշխող ուժն էր՝ Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ)՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Միավորման մեջ ընդգրկված էին ևս 5 քաղաքական ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, «Մտավորական Հայաստան» միավորումը, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը և Ռամկավար ազատական կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքում խորհրդարանում միավորումը մեծամասնություն կազմեց։ Առաջին գումարման Ազգային ժողովի «Հանրապետություն» խմբակցության կազմում հանրապետականներն ունեին 4 պատգամավոր։
1997-1998 թթ․ միավորման կազմում Արցախի հիմնախնդրի լուծման ուղիների վերաբերյալ տարաձայնություններ առաջացան։ 1997 թվականի նոյեմբերին մահացավ ՀՀԿ նախագահ Աշոտ Նավասարդյանը։ Խորհրդարանում մեծամասնություն կազմող «Հանրապետություն» խմբակցությունը սկսեց տրոհվել։ ՀՀԿ-ն և նրան հարող պատգամավորներն աստիճանաբար դադարեցրին համագործակցությունը ՀՀՇ-ի հետ՝ միանալով «Երկրապահ» պատգամավորական խմբին, ինչի արդյունքում խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը փոփոխվեց։
1998 թվականի փետրվարին՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, «Հանրապետություն» միավորումը փաստացի դադարեց որպես միասնական քաղաքական բևեռ գործելուց։ ՀՀԿ-ն պաշտոնապես լքեց դաշինքը՝ սատարելով Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում։
1998 թ. հուլիսին ՀՀԿ-ն, Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) և ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խումբը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ սկիզբ դնելով ՀՀԿ շրջանակներում քաղաքական համախմբման գործընթացին: ԵԿՄ քաղաքական գործունեությամբ զբաղվող հատվածն ընդգրկվեց ՀՀԿ շարքերում: Կուսակցության առաջնորդ դարձավ Վազգեն Սարգսյանը:
1999 թ. Կարեն Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ ստեղծվեց «Միասնություն» դաշինքը: Ընտրությունների արդյունքում դաշինքը դարձավ խորհրդարանական մեծամասնություն, իսկ ՀՀԿ-ն ամենամեծ թվով պատգամավորներ ունեցող կուսակցությունն էր:
Հանրապետականներն 1999 թ. հնարավորություն ստացան մասնակցելու կառավարության ձևավորմանը: Վարչապետ նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որի գլխավորած կառավարությունում կային ՀՀԿ անդամ նախարարներ: Կարեն Դեմիրճյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։ Սակայն 1999 թվականի քաղաքական բնականոն ընթացքը ընդհատվեց հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած զինված հարձակման պատճառով։ Ահաբեկչության հետևանքով սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։
1999 թ. հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո վարչապետ նշանակվեց Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը: 2000 թվականի մայիսին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Միասնություն» դաշինքի միջև առկա հակասությունների հետևանքով, Արամ Սարգսյանն ազատվեց վարչապետի պաշտոնից, և կառավարության ղեկավարումը ստանձնեց ՀՀԿ ղեկավար Անդրանիկ Մարգարյանը։
2003 թվականի մայիսի 25-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն առաջին անգամ մասնակցեց միայնակ՝ ստանալով ընտրողների ձայների 23,6 տոկոսը և երրորդ գումարման Ազգային ժողովում ևս ապահովեց ամենամեծ ներկայացվածությունը։ Ընտրություններից հետո ձևավորվեց նոր քաղաքական կոալիցիա, որի կազմում ընդգրկվեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող երեք քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Օրինաց երկիր» կուսակցությունը։
2006 թվականին կոալիցիոն հարաբերություններում տեղի ունեցավ փոփոխություն. «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս եկավ իշխող դաշինքից, իսկ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց։ Այդուհանդերձ, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն շարունակեցին համագործակցությունը՝ պահպանելով մեծամասնությունը խորհրդարանում։ Խորհրդարանական մեծամասնության մաս կազմեցին նաև «Միավորված աշխատանքային կուսակցություն» խմբակցությունը և «Ժողպատգամավոր» խումբը։
2000-ականների կեսերին ՀՀԿ-ի ներսում սկսվեց ուժերի նոր համախմբում, երբ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 2006 թվականի հուլիսին ընտրվեց ՀՀԿ խորհրդի նախագահ։ 2007 թվականի մարտին հանկարծամահ եղավ ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ինչից հետո վարչապետի պաշտոնը և ՀՀԿ նախագահի պաշտոնը ստանձնեց Սերժ Սարգսյանը։ Այս անցումը տեղի ունեցավ հերթական խորհրդարանական ընտրությունների շեմին, որտեղ ՀՀԿ-ն ներկայացավ արդեն նոր ղեկավար կազմով և քաղաքական նոր հավակնություններով։
2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններին Հանրապետական կուսակցության օգտին քվեարկեց ընտրողների 33.6 տոկոսը: Արդյունքում ձևավորվեց ՀՀԿ խմբակցություն 64 պատգամավորով: ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, որը խորհրդարանի խոսնակի պաշտոնում 2006-ին փոխարինել էր Արթուր Բաղդասարյանին: Հանրապետական կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ստորագրեց կոալիցիոն, իսկ ՀՅԴ-ի հետ՝ համագործակցության հուշագրեր:
Այս հաղթանակից հետո 2008 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը առաջին փուլով հաղթանակ տարավ՝ ստանձնելով երկրի նախագահի պաշտոնը, իսկ վարչապետի պաշտոնում նշանակվեց Տիգրան Սարգսյանը։ Այս փուլում ՀՀԿ-ն վերահսկում էր իշխանության բոլոր ճյուղերը։
Սակայն այս ընտրություններն ուղեկցվեցին լուրջ ցնցումներով: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը հայտարարեց համատարած կեղծիքների մասին և բողոքի ակցիաներ սկսեց Ազատության հրապարակում։ Հետընտրական լարվածությունը իր գագաթնակետին հասավ 2008 թ. մարտի 1-ին, երբ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեց 10 մարդ (8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան)։ Երկրում հայտարարվեց 20-օրյա արտակարգ դրություն։
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը 2008 թ. փետրվարի 19-ի ընտրությունների վերաբերյալ զեկույցում նշեց՝ նախընտրական և քվեարկության շրջանում ընտրությունները հիմնականում համապատասխանել էին միջազգային չափանիշներին, սակայն ընտրությունների օրվանից հետո ստեղծված իրավիճակը «արժեզրկեց ամբողջ ընտրական գործընթացը»:
2012 թ. ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ի օգտին քվեարկեց ընտրողների 44,01 տոկոսը: 2012 թ. մայիսի 31-ին ստեղծվեց Ազգային Ժողովի հինգերորդ գումարման ՀՀԿ խմբակցությունը, որում ընդգրկված 69 պատգամավորներից 53-ը Հանրապետական կուսակցության անդամներ էին: Թեև ՀՀԿ-ն ուներ բավարար մանդատներ միայնակ կառավարություն ձևավորելու համար, կուսակցությունը կոալիցիա կազմեց «Օրինաց երկիր» կուսակցության հետ։
2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը վերընտրվեց երկրորդ ժամկետով, ինչից հետո կուսակցությունը նախաձեռնեց լայնածավալ սահմանադրական փոփոխությունների գործընթաց։ 2015 թվականին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում Հայաստանը կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի։ Այս փոփոխությունը ենթադրում էր, որ 2018 թվականից (գործող նախագահ Ս. Սարգսյանի պաշտոնավարումից հետո) երկրի իրական իշխանությունը կենտրոնանալու էր վարչապետի և խորհրդարանական մեծամասնության ձեռքում։
2017 թ․ ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցեց «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով։ Ցուցակը գլխավորում էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Կուսակցությունը հավաքեց ձայների 49,1 տոկոսը, ինչը թույլ տվեց ՀՀԿ-ին միանձնյա ձևավորել կառավարություն: Չնայած դրան՝ նրանք կոալիցիա կազմեցին ՀՅԴ-ի հետ՝ դիրքերն ավելի ամրապնդելու համար։
«Ծառուկյան» դաշինքը ձևավորվել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ նույն տարվա սկզբին։ Դաշինքի ստեղծումից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարություն տարածեց։ Միավորման առանցքը ԲՀԿ-ն էր, ընդգրկված էին նաև «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունները։ Դաշինքը դիրքավորվում էր որպես իշխող Հանրապետական կուսակցության հիմնական մրցակից և հանդես էր գալիս սոցիալ-տնտեսական արմատական բարեփոխումների ծրագրով։
2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Ծառուկյան» դաշինքը ներկայացրեց «15 առաջնահերթ քայլերի» ծրագիրը։ Ընտրություններում հաջողելու դեպքում նորաստեղծ քաղաքական ուժը խոստանում էր նվազեցնել էլեկտրաէներգիայի և գազի սակագները, փոքր ու միջին բիզնեսի համար հարկային արտոնություններ սահմանել, բարձրացնել կենսաթոշակները, վերանայել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները և այլն։
Դաշինքը ընտրություններին գնաց «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է» կարգախոսով, ցուցակն էլ գլխավորեց Գագիկ Ծառուկյանը։ Ընտրությունների արդյունքում ուժը ստացավ ընտրողների ձայների 27,32 տոկոսը և վեցերորդ գումարման Ազգային ժողովում ստացավ 31 պատգամավորական մանդատ՝ դառնալով խորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական ուժը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականին։ Հիմնադիր-նախագահը գործարար Գագիկ Ծառուկյանն է։
Կուսակցության առաջին լուրջ փորձությունը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններն էին, որտեղ ԲՀԿ-ն ստացավ ընտրողների ձայների 15 տոկոսը և զբաղեցրեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Ընտրություններից հետո ԲՀԿ-ն մաս կազմեց իշխող կոալիցիային՝ ստանալով մի շարք նախարարական պաշտոններ։ 2008 թվականի նախագահական ընտրություններում կուսակցությունը պաշտոնապես սատարեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը և շարունակեց իր գործունեությունը կառավարության կազմում մինչև 2012 թվականը։
2012 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը հավաքեց ձայների 30,1 տոկոսը՝ կրկին դառնալով խորհրդարանի երկրորդ ամենամեծ խմբակցությունը։ Սակայն ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ կուսակցությունը չի միանալու իշխող կոալիցիային և ԱԺ-ում ունենալու է «հավասարակշռող դերակատարություն»։ Այս շրջանում ԲՀԿ-ն սկսեց համագործակցել ընդդիմադիր ուժերի՝ «Հայ ազգային կոնգրեսի», «Ժառանգության» և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» հետ՝ ձևավորելով այսպես կոչված «ոչ իշխանական քառյակը», որը հետագայում Դաշնակցության դուրս գալուց հետո վերածվեց «եռյակի»։
Իշխանությունների հետ հարաբերությունները հատկապես սրվեցին 2015 թվականին։ Ընդդիմադիրները դեմ էին սահմանադրական փոփոխություններին՝ այդ գործընթացը որակելով որպես ՀՀԿ-ի կողմից «իշխանության վերարտադրման փորձ»:
2015 թվականի փետրվարի 5-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նոր մարդկանցից, ու պետք է պատրաստվել ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորմանը:
Փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծավալուն և խիստ քննադատական ելույթով, որտեղ հայտարարեց Գագիկ Ծառուկյանին Ազգային անվտանգության խորհրդի կազմից հեռացնելու մասին և հանձնարարեց ստուգել նրա բացակայությունների օրինականությունը խորհրդարանում, ինչպես նաև հարկային ստուգումներ սկսել նրան պատկանող ձեռնարկություններում։
Ի պատասխան սրան՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց շուրջօրյա հանրահավաքներ սկսելու և իշխանափոխության հասնելու մտադրության մասին։ Երկրում ստեղծվեց սուր քաղաքական ճգնաժամ, որն ուղեկցվում էր երկու կողմերի ներկայացուցիչների կոշտ հռետորաբանությամբ։ Սակայն մի քանի օր տևած լարվածությունից հետո, որի ընթացքում տեղի ունեցան փակ քաղաքական քննարկումներ և միջնորդական փորձեր, կողմերը եկան համաձայնության։ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու ու ԲՀԿ նախագահի պաշտոնը թողնելու մասին։ Կուսակցության ղեկավար ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը։ Այս շրջանում կուսակցությունը որոշակիորեն կորցրեց իր նախկին ազդեցությունը և ներկայացվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում։
2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն և ձևավորեց «Ծառուկյան» դաշինքը, որի հիմքը ԲՀԿ-ն էր։
«Ալյանս» առաջադիմական կուսակցությունը հիմնադրվել է 2015 թվականի մայիսին Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությամբ։ Կուսակցությունը ձևավորվեց Ուրիխանյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռանալուց հետո՝ նպատակ ունենալով ստեղծել նոր քաղաքական հարթակ, որը կդիրքավորվեր որպես ցենտրիստական ուժ։ Կուսակցությունն իր գործունեության սկզբնական փուլում շեշտադրում էր սոցիալական արդարության և պետական վերահսկողության ուժեղացման գաղափարները։ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «Ալյանսը» որոշում կայացրեց միանալ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքին, ինչի արդյունքում կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը դաշինքի ցուցակով ընտրվեց պատգամավոր և ներկայացված էր վեցերորդ գումարման Ազգային ժողովում։
«Առաքելություն» կուսակցությունը ստեղծվել է 2013 թվականին մի խումբ տնտեսագետների և փորձագետների կողմից, որոնց թվում էր Մեսրոպ Առաքելյանը։ Կուսակցության առաջին համագումարից օրեր անց Հայաստանում նախագահական ընտրություններ էին։ Նորաստեղծ ուժը հայտարարեց, որ չեն պաշտպանում ՀՀ նախագահի որևէ թեկնածուի և կոչ են անում ակտիվ մասնակցել ընտրություններին՝ անվավեր դարձնելով քվեաթերթիկները, դրանցում ավելացնելով «բոլորին դեմ եմ» գրությունը:
Կուսակցության առաջին խոշոր փորձությունը 2013 թվականի Երևանի ավագանու ընտրություններն էին, որտեղ, սակայն, այն ստացավ ընտրողների ձայների ընդամենը 0,6 տոկոսը և չանցավ ավագանու կազմ։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Առաքելությունը» նույնպես միացավ «Ծառուկյան» դաշինքին։
«Ելք» դաշինքը ձևավորվել է 2016 թվականի դեկտեմբերի 12-ին՝ որպես լիբերալ և եվրոպական ուղղվածություն ունեցող քաղաքական միավորում, որի կազմում ընդգրկված էին երեք կուսակցություններ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը»։ Դաշինքի ստեղծման հիմնական նպատակն էր 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հանդես գալ միասնական ճակատով և առաջարկել քաղաքական այլընտրանք այն ժամանակվա իշխանություններին։
«Ելք» դաշինքը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցեց «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով, իսկ ցուցակը գլխավորում էր առաջին համարը Էդմոն Մարուքյանը։ Դաշինքը ստացավ ձայների 7,78 տոկոսը և խորհրդարանում ներկայացվեց 9 պատգամավորով։ Նույն տարվա Երևանի ավագանու ընտրություններում դաշինքի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, և միավորումը ստացավ ձայների 21 տոկոսը՝ դառնալով քաղաքային իշխանության հիմնական ընդդիմադիր ուժը։
Դաշինքը փաստացի դադարեց գոյություն ունենալ 2018 թվականի անհնազանդության ակցիաների ժամանակ, երբ անդամ կուսակցությունները տարբեր մոտեցումներ ցուցաբերեցին սկսված փողոցային պայքարի նկատմամբ, ինչը հետագայում հանգեցրեց նրանց քաղաքական ճանապարհների առանձնացմանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմնադրվել է 2013 թվականին՝ որպես հանրային-քաղաքական նախաձեռնություն, իսկ որպես կուսակցություն պաշտոնապես գրանցվել է 2015 թվականի մայիսին։ Կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները շեշտը դնում էին ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորման և քաղաքացիական մասնակցության վրա։ 2018 թվականի իրադարձություններից հետո այս կուսակցությունը դարձավ երկրի իշխող քաղաքական ուժը՝ սկզբում «Իմ քայլը» դաշինքի, իսկ հետագայում արդեն ինքնուրույն ձևաչափով։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերին Էդմոն Մարուքյանի և նրա համախոհների կողմից։ Կուսակցությունը որդեգրել էր դասական լիբերալիզմի և եվրոպական մոդելի պետականաշինության գաղափարախոսությունը։ Մինչ «Ելք» դաշինքի կազմավորումը, կուսակցությունն 2016 թվականի Վանաձորի ավագանու ընտրություններում դարձել էր քաղաքի երկրորդ քաղաքական ուժը։ 2018 թվականի արտահերթ ընտրություններին կուսակցությունը մասնակցեց առանձին և անցավ խորհրդարան, սակայն 2021 թվականի ընտրություններում չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը։
«Հանրապետություն» կուսակցությունը դաշինքի ամենահին անդամն էր՝ հիմնադրված 2001 թվականին Արամ Զավենի Սարգսյանի (պաշտպանության նախկին նախարար և վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր) և նրա թիմակիցների կողմից։ Կուսակցությունն իր գործունեության ողջ ընթացքում աչքի է ընկել ընդգծված արևմտամետ դիրքորոշմամբ և Եվրոպական Միությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու առաջնահերթությամբ։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո կուսակցությունը դուրս եկավ դաշինքից և հետագայում մասնակցեց ընտրություններին «Մենք» դաշինքով, սակայն չստացավ պատգամավորական մանդատներ։
Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական քաղաքական իրականության ամենահին կուսակցություններից է, որը հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում՝ Քրիստափոր Միքայելյանի, Ստեփան Զորյանի և Սիմոն Զավարյանի ջանքերով։ Կուսակցության գաղափարախոսությունը հիմնված է ազգային սոցիալիզմի սկզբունքների վրա, իսկ նրա պատմական առաքելությունը ձևավորվել է Հայ դատի հետապնդման և հայկական հողերի միավորման գաղափարի շուրջ։ ՀՅԴ-ն առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) կայացման գործում՝ լինելով այն ժամանակվա հիմնական կառավարող ուժը, սակայն Հայաստանի խորհրդայնացումից հետո կուսակցությունն իր գործունեությունը շարունակել է բացառապես սփյուռքում։
Հայաստանի երրորդ հանրապետության տարիներին ՀՅԴ-ն վերադարձավ հայրենիք և պաշտոնապես վերագրանցվեց 1991 թվականին։ Սակայն 1990-ականների կեսերին կուսակցության և այն ժամանակվա իշխանությունների միջև հարաբերություններում սուր հակասություններ առաջացան։ 1994 թվականի դեկտեմբերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ՀՅԴ գործունեությունը Հայաստանում կասեցվեց, իսկ կուսակցության մի շարք առաջնորդներ և անդամներ ձերբակալվեցին։ Կուսակցությունը հնարավորություն ստացավ վերականգնել իր օրինական գործունեությունը միայն 1998 թվականի իշխանափոխությունից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ կասեցումը հանվեց։ 1999 թվականին կուսակցությունը մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, ստացավ ավելի քան 84 հազար ձայն և դարձավ խորհրդարանական ուժ 10 մանդատով։
2000-ական թվականներին ՀՅԴ-ն սերտորեն համագործակցում էր իշխանությունների հետ՝ սատարելով նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ 2003 թվականի ընտրություններում կուսակցությունը բարելավեց իր արդյունքը՝ ստանալով 136 հազար ձայն (11 մանդատ) և կազմելով կոալիցիա ՀՀԿ-ի ու «Օրինաց երկիր» կուսակցության հետ։ 2007 թվականի ընտրություններում ՀՅԴ-ն արձանագրեց իր ամենաբարձր ցուցանիշը՝ 178 հազար ձայն կամ 13,02 տոկոս, և կրկին մաս կազմեց իշխող կոալիցիային։ Սակայն 2009 թվականին կուսակցությունը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու և ընդդիմություն դառնալու մասին՝ պատճառաբանելով իր անհամաձայնությունը նախագահ Սերժ Սարգսյանի վարած հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությանը» և Ցյուրիխյան արձանագրություններին։
2012 թվականի ընտրություններում ՀՅԴ-ն ստացավ 86 հազար քվե կամ ձայների 5,7 տոկոսը և շարունակեց հանդես գալ որպես ընդդիմադիր ուժ։ Սակայն 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնց կուսակցությունը կողմ էր արտահայտվում տասնամյակներ շարունակ, ՀՅԴ-ն կրկին վերադարձավ իշխանական համակարգ։ 2016 թվականին ստորագրվեց քաղաքական համագործակցության համաձայնագիր ՀՀԿ-ի հետ, որը շարունակվեց նաև 2017 թվականի ընտրություններից հետո։
2017-ի ընտրություններին ՀՅԴ-ն մասնակցեց «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով։ Ընտրական ցուցակը գլխավորում էր Արմեն Ռուստամյանը։ Ընտրությունների արդյունքում կուսակցությունը ստացավ ձայների 6․6%-ն (103 հազար քվե) ու պատգամավորական 7 մանդատ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել