Դեպի խորհրդարան. 2017 թ. ԱԺ ընտրություններին մասնակցած ուժերը (մաս 2)
Սկիզբը՝ Դեպի խորհրդարան. 2017 թ. ԱԺ ընտրություններին մասնակցած ուժերը (մաս 1)
2026 թվականի հունիսյան ընտրություններին ընդառաջ՝ «Հետքը» որոշել է ներկայացնել վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերի անցած ճանապարհն ու գրանցած արդյունքները։ Նպատակն է՝ ընթերցողին տրամադրել համապարփակ տեղեկատվություն այն կուսակցությունների մասին, որոնք ձևավորել և ձևավորում են Հայաստանի քաղաքական օրակարգը։
2017 թվականի ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած ուժերին անդրարդարձել էինք մեր նախորդ հոդվածում։
Խորհրդարան չանցած ուժերը
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է 2016 թվականին՝ միավորելով շուրջ մեկ տասնյակից ավելի կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ, որի հիմքում Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցության վերակազմավորումն էր։ Կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը, ով մինչ այդ զբաղեցրել էր Ազգային ժողովի նախագահի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները։
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը ներկայացավ «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի» կարգախոսով, իսկ նախընտրական ցուցակը գլխավորեց Արթուր Բաղդասարյանը։ Քարոզարշավի ընթացքում ուժը շեշտադրում էր տնտեսական զարգացման, սոցիալական աջակցության ծրագրերի և պետական կառավարման համակարգի բարելավման անհրաժեշտությունը։ Ընտրությունների արդյունքում «Հայկական վերածնունդը» ստացավ ընտրողների ձայների շուրջ 3,71 տոկոսը (58.265 քվե), ինչը բավարար չէր խորհրդարան անցնելու 5 տոկոսի շեմը հաղթահարելու համար։
Կուսակցության պատմությունը սերտորեն կապված է «Օրինաց երկիր» կուսակցության անցած ուղու հետ, որը տարբեր տարիների մաս է կազմել իշխող կոալիցիաներին, մասնավորապես 2003-2006 և 2008-2014 թվականներին՝ համագործակցելով Հայաստանի հանրապետական կուսակցության հետ։ Սակայն 2014 թվականին «Օրինաց երկիրը» դուրս էր եկել կոալիցիայից, ինչից հետո էլ տեղի ունեցավ վերակազմավորումը «Հայկական վերածնունդ» անվան ներքո։
2017 թվականի ընտրություններից հետո, չհասնելով հաջողության, միաձուլման միջոցով «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միացած քաղաքական ուժերը վերակազմակերպման միջոցով առանձնանալու հարց բարձրացրին։ 2018 թվականի փետրվարին կայացած համագումարի ժամանակ որոշում ընդունվեց այդ կուսակցություններին տրամադրել օրենքով սահմանված փաստաթղթերը: Գործընթացն ավարտելուց հետո «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշեց միավորվել «Օրինաց երկիր» կուսակցությանը։ Նույն թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը մասնակցեց իր հին անունով։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որը քաղաքական դաշտում հայտնի դարձավ նաև «ՕՐՕ» հապավմամբ, ձևավորվել է 2017 թվականի փետրվարին՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Այս դաշինքը համախմբել էր Հայաստանի երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և արտաքին գործերի նախկին նախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Վարդան Օսկանյանին։ Դաշինքի ստեղծման հիմնական նպատակն էր ձևավորել ուժեղ ընդդիմադիր բևեռ, որը հիմնված կլիներ պետական կառավարման մեծ փորձ ունեցող անհատների և նրանց գլխավորած կուսակցական կառույցների վրա։
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ներկայացավ «Ժառանգություն, Համախմբում, Հաղթանակ» կարգախոսով։ Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր Սեյրան Օհանյանը, իսկ քարոզարշավի ընթացքում շեշտադրվում էին անվտանգության համակարգի ամրապնդման, կառավարման համակարգում արդյունավետության բարձրացման և երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու թեզերը։ Չնայած լայնածավալ քարոզարշավին և առաջնորդների ճանաչելիությանը, ընտրությունների արդյունքում դաշինքը ստացավ ընտրողների ձայների ընդամենը 2,07 տոկոսը (32.508 քվե) և չկարողացավ հաղթահարել դաշինքների համար սահմանված 7 տոկոսի շեմը, ինչի հետևանքով դուրս մնաց վեցերորդ գումարման Ազգային ժողովից։
«Ժառանգություն» կուսակցությունը, որը դաշինքի հիմնական հենասյուներից էր, հիմնադրվել է 2002 թվականին։ Կուսակցությունը որդեգրել է լիբերալ-դեմոկրատական արժեքներ և իր գործունեության ողջ ընթացքում աչքի է ընկել ընդգծված արևմտամետ դիրքորոշմամբ ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության օրակարգով։ «Ժառանգությունը» հաջողություններ է գրանցել 2007 և 2012 թվականների խորհրդարանական ընտրություններում՝ հաղթահարելով անցողիկ շեմը և ձևավորելով խմբակցություն Ազգային ժողովում։ Կուսակցության համար առանցքային էր 2013 թվականի նախագահական ընտրությունների շրջանը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը, ստանալով 539.691 ձայն, երկրորդ տեղը զբաղեցրեց և նախաձեռնեց «Բարևի հեղափոխություն» անվամբ հետընտրական շարժումը։ 2017 թվականին «Ժառանգությունը» որոշեց առանձին չմասնակցել ընտրություններին և հանդես եկավ «ՕՐՕ» դաշինքի կազմում։
«Համախմբում» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին։ Նախաձեռնողը և կուսակցության նախագահը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար (1998-2008 թթ.) Վարդան Օսկանյանն էր։ Կուսակցության ձևավորումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Օսկանյանը հեռացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Կուսակցության հիմնադիր համագումարում Օսկանյանը հայտարարեց, որ իրենց նպատակը իշխանափոխությունն է: «Համախմբումը» դիրքավորվում էր որպես ցենտրիստական ուժ, որը շեշտադրում էր տնտեսական արմատական բարեփոխումների և արտաքին քաղաքականության մեջ ավելի հավասարակշռված մոտեցումների անհրաժեշտությունը։ Կարճ ժամանակ անց կուսակցությունը դարձավ «ՕՐՕ» դաշինքի առանցքային մասնակիցը։ Կուսակցությունը չէր մասնակցում վերջին տարիների ընտրական, քաղաքական գործընթացներին, իսկ 2026-ի հունվարից լուծարման գործընթացում է։
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ձևավորվել է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ որպես երկու ընդդիմադիր ուժերի՝ «Հայ ազգային կոնգրեսի» և «Հայաստանի ժողովրդական կուսակցության» քաղաքական միավորում։ Դաշինքը գլխավորում էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։ Այս երկու կառույցները երկարամյա համագործակցության փորձ ունեն, որը սկիզբ էր առել դեռևս 2008 թվականի համաժողովրդական շարժման տարիներին։ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ էլ այս ուժերը «Ոչ»-ի համատեղ շտաբն էին ձևավորել։ Նրանք պնդում էին, որ անցումը խորհրդարանական համակարգին նպատակ ունի ապահովել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության վերարտադրությունը։
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ներկայացավ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով։ Դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական շեշտադրումն ուղղված էր Արցախյան հարցի անհապաղ կարգավորմանը, որը դիտարկվում էր որպես Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման նախապայման։ Քարոզարշավի ընթացքում դաշինքի առաջնորդները հորդորում էին ընտրողներին կողմ քվեարկել խաղաղության ծրագրին։ Ընտրությունների արդյունքում դաշինքը ստացավ 25.950 ձայն՝ 1,65 տոկոսը, և չկարողացավ հաղթահարել խորհրդարան անցնելու՝ դաշինքների համար սահմանված 7 տոկոսի շեմը։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը (ՀԱԿ) ձևավորվել է 2008 թվականին որպես 18 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների դաշինք, իսկ 2013 թվականին վերակազմավորվել է որպես առանձին քաղաքական կուսակցություն՝ երկու հիմնական բաղադրիչի՝ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության, համաժողովրդական շարժման մասնակից այլ կազմակերպությունների միաձուլմամբ։ Կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կառույցը տարիներ շարունակ հանդես է եկել որպես արմատական ընդդիմություն։ 2012 թվականի ընտրություններում ՀԱԿ-ը՝ որպես դաշինք, ստացել էր ձայների 7,08 տոկոսը և ներկայացված էր խորհրդարանում։
Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) 1998 թվականին հիմնադրել է Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանը։ 1999 թվականի ընտրություններին կուսակցությունը «Միասնություն» դաշինքի կազմում ստացել էր ընտրողների մեծամասնության քվեն՝ 448.133 ձայն։ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի սպանությունից հետո կուսակցության ղեկավարումը ստանձնեց նրա որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։
2003 թվականի նախագահական ընտրություններում Ստեփան Դեմիրճյանը անցել էր երկրորդ փուլ՝ այնտեղ զիջելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչից հետո կուսակցությունը դարձել էր ընդդիմադիր դաշտի առաջատար ուժերից մեկը՝ հետագայում իր քաղաքական գործունեությունը կապելով «Հայ ազգային կոնգրեսի» հետ։
Հայաստանի ժողովրդական կուսակցությունը վերջին տարիներին պակաս ակտիվ է մասնակցում համապետական ընտրական գործընթացներին, սակայն շարունակում է մնալ քաղաքական դաշտում որպես գործող կառույց։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հիմնադրվել է 2011 թվականին մի խումբ քաղաքական գործիչների կողմից, որոնց զգալի մասը նախկինում անդամակցել էր «Հայոց համազգային շարժմանը»։ Կուսակցության հիմնադիր նախագահը Խաչատուր Քոքոբելյանն է։ Կազմակերպությունը որդեգրել է լիբերալ-դեմոկրատական արժեքներ՝ իր քաղաքական օրակարգի առանցքում դնելով Հայաստանի եվրաինտեգրման, մարդու իրավունքների պաշտպանության և ազատ շուկայական տնտեսության զարգացման հարցերը։ Կուսակցությունն իր գործունեության սկզբնական շրջանից դիրքավորվել է որպես արևմտամետ քաղաքական ուժ, որը կողմնակից է Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացմանը։
2012 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը մասնակցեց Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության հետ։ Այս համագործակցության շնորհիվ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները՝ Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը, ընտրվեցին պատգամավոր «Ժառանգության» համամասնական ցուցակով և ներկայացված էին հինգերորդ գումարման Ազգային ժողովում։ Սակայն ընտրություններից կարճ ժամանակ անց երկու կուսակցությունների առաջնորդների միջև տարաձայնություններ առաջացան, Խաչատուր Քոքոբելյանը դուրս եկավ «Ժառանգություն» խմբակցությունից՝ առանձին շարունակելով իր գործունեությունը խորհրդարանում։
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը որոշեց մասնակցել առանձին՝ հանդես գալով «Մենք կարող ենք» կարգախոսով։ Ընտրական ցուցակը գլխավորում էր Խաչատուր Քոքոբելյանը, թիմին միացել էր նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ իր գլխավորած «Ազատություն» կուսակցությամբ։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում ուժը շեշտադրում էր Հայաստանի դուրս գալը Եվրասիական տնտեսական միությունից և տնտեսական ազատականացմանն ուղղված բարեփոխումների իրականացումը։ Ընտրությունների արդյունքում կուսակցությունը ստացավ ձայների 0,94 տոկոսը (14.739 քվե), ինչը բավարար չէր պատգամավորական մանդատներ ստանալու համար։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խորհրդային տարիներին երկրի միակ իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության գաղափարական իրավահաջորդն է։ Հայաստանի անկախացումից հետո կուսակցությունը վերակազմավորվեց և պաշտոնապես գրանցվեց 1991 թվականին։ Կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած են մարքսիզմ-լենինիզմի սկզբունքները, սոցիալական արդարության վերականգնումը, տնտեսության առանցքային ճյուղերի պետականացումը և Ռուսաստանի հետ ռազմավարական ու տնտեսական առավել սերտ ինտեգրումը։
Հայաստանի երրորդ հանրապետության վաղ շրջանում կուսակցությունն ուներ զգալի ընտրազանգված և ակտիվորեն ներկայացված էր քաղաքական դաշտում։ Դեռ առաջին գումարման Գերագույն խորհրդի կազմում կոմունիստներն ունեին 25 պատգամավոր։ 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցությունը 6 մանդատ ստացավ։ 1999 թվականի ընտրություններում Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 130.161 քվե ստացավ ու երկրորդ գումարման Ազգային ժողովում ունեցավ 8 պատգամավոր։
2000-ական թվականներից սկսած կուսակցության ընտրական արդյունքները սկսեցին նվազել։ 2003 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունն առաջին անգամ չհաղթահարեց անցողիկ շեմը՝ ստանալով ձայների 2,1 տոկոսը։ Հաջորդող ընտրական փուլերում՝ 2007 և 2012 թվականներին, կուսակցությունը շարունակեց մասնակցել առանձին ցուցակներով, սակայն նրա ստացած քվեները չէին գերազանցում 0,6-1 տոկոսը։ Կուսակցությունը հիմնականում հանդես էր գալիս որպես արտախորհրդարանական ընդդիմություն՝ քննադատելով երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մասնակցեց «Եթե հաղթի կուսակցությունը, կհաղթի ժողովուրդը. հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսով։ Նախընտրական ցուցակը գլխավորում էր կուսակցության կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։ Քարոզարշավի ընթացքում ուժը շեշտադրում էր անվճար կրթության և առողջապահության վերականգնումը, արդյունաբերության զարգացումը և Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների միջոցով։ Այդ ընտրություններում կուսակցությունը ստացավ ձայների 0,75 տոկոսը ( 11.741 քվե) և չանցավ խորհրդարան։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել