HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ելիզավետան կապ չունի ակումբում հայտնաբերված թմրանյութերի հետ»․ «Բան» ակումբի գործը Վերաքննիչում է

33-ամյա Ելիզավետա Դանիելչևան 2025 թվականի հուլիսի 24-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու համար, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի կայացրած դատավճիռը Դանիելչևայի փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։ Այսօր՝ ապրիլի 13-ին, տեղի ունեցավ գործով առաջին դատական նիստը։ 

Հիշեցնենք՝ 2023 թվականի հունիսի 24-ին ոստիկանությունը ներխուժել էր Երևանում գտնվող «Բան» ակումբ և բերման էր ենթարկել 27 հոգու։ Դեպքից հետո իրավապաշտպանները ահազանգել էին, որ ոստիկանները ծեծել, հայհոյել և արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ էին իրականացրել ակումբի այցելուների նկատմամբ։

Ոստիկանությունն ակումբից թմրանյութեր էր գտել, հարուցվել էր քրեական վարույթ։ 27 բերման ենթարկվածներից Դանիելչևան միակ մեղադրյալն էր։ Ելիզավետայի ամուսինը՝ Նիկիտա Մաքսիմենկոն, «Հետքին» հայտնել էր, որ մեղադրող կողմը փորձում է ակումբում գտած բոլոր թմրանյութերը մեղսագրել Ելիզավետային և, առանց որևէ ապացույցի, պնդում է, որ Ելիզավետան զբաղվել է թմրանյութերի իրացմամբ։

Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Ելիզավետան ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.95 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և զգալի չափերով՝ 5․3 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որոնցից 0.48 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է Դանիելչևայի անձնական խուզարկությամբ, իսկ 1․47 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը և 5․3 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ «Բան» ակումբից։

Ելիզավետան պնդում է, որ ակումբից հայտնաբերված թմրանյութերի հետ ինքը կապ չունի և թմրանյութ չի իրացրել։ Իրեն պատկանել է միայն անձնական խուզարկությամբ հայտնաբերված 0.48 գրամ քաշով «Մեթամֆետամինը», որն իր անձնական օգտագործման համար է եղել։

Նրա նկատմամբ այժմ կիրառված է «վարչական հսկողություն» խափանման միջոցը՝ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը։ Մինչ այդ, մոտ 1 տարի 3 ամիս նա եղել է կալանքի և տնային կալանքի տակ։ Առաջին ատյանի դատարանը նրա պատժին հաշվակցել է այդ ժամանակահատվածը, և վերջնական պատիժ է նշանակել 4 տարի 8 ամիս ժամկետով։

Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը Վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ արդարացնել Ելիզավետա Դանիելչևային։ Նշված պահանջը չբավարարելու դեպքում փաստաբանը խնդրել է վերադաս դատարանին մեղադրյալի արարքին տալ ավելի բարենպաստ իրավական գնահատական, այն է՝ հաստատել Դանիելչևայի մեղավորությունը միայն անձնական խուզարկությամբ հայտնաբերված թմրանյութի առնչությամբ, քանի որ փաստաբանի պնդմամբ ևս՝ Ելիզավետան կապ չունի ակումբում հայտնաբերված թմրանյութերի հետ, նա թմրանյութերի իրացմամբ չի զբաղվել։

Դատական նիստին ներկա չէր մեղադրող դատախազը, սակայն առանց նրա ներկայության դատական նիստը շարունակվեց։ Դատարանի կազմում էին դատավորներ Լուսինե Հովհաննիսյանը, Ռոբերտ Պապոյանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի։ Վերջինս պաշտպան Արտաշես Հովհաննիսյանին ասաց՝ քանի որ դատարանը ծանոթ է բողոքի բովանդակությանը, ապա կարիք չկա այն ամբողջությամբ ընթերցելու, փոխարենը խնդրեց փաստաբանին անդրադառնալ հիմնական կետերին։

Առաջինը, փաստաբանի գնահատմամբ, դատարանը կողմնակալ է եղել։ Ըստ փաստաբանի՝ դատարանը արարքի կատարման վերաբերյալ կասկածը հիմնավորել է այն ապացույցներով, որոնք դատական նիստում չեն հետազոտվել։ Բացի այդ՝ պաշտպանն ասում է, որ դատարանը խափանման միջոցի կիրառման վերաբերյալ դատական ակտում շարադրել է մեղադրող կողմի դիրքորոշումը, սակայն փաստաբանի հաղորդմամբ՝ դատախազը ոչ բանավոր, ոչ գրավոր եղանակով այն ծավալի դիրքորոշում չի ներկայացրել, որքան որ դատավորը շարադրել է դատական ակտում։ «Դատարանը հիմք է ընդունել մեղադրյալի կողմից չհնչեցված փաստարկները (դրանք դատական  նիստում չեն հնչեցվել, ոչ էլ դրանց մասին գրավոր դիրքորոշում է ներկայացվել), ու դատական ակտում շարադրել է դիրքորոշում»,- ասաց փաստաբանը։

Նախագահող դատավորը ընդհատեց պաշտպան Արտաշես Հովհաննիսյանի խոսքը՝ նշելով, որ այժմ իրենք չեն ստուգելու խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը։ Դատավորը հիշեցրեց, որ այդ դատական ակտը փաստաբանը ժամանակին բողոքարկել է, վերադաս ատյանն էլ այն թողել է անփոփոխ։ Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանն ասաց՝ ոչ թե այդ դատական ակտի իրավաչափության հարցն է բարձրացնում, այլ ցանկանում է ընդգծել այն հանգամանքը, որ դատարանը «հորինել է» մեղադրող կողմի դիրքորոշումը, ինչին ի պատասխան դատավորները խնդրեցին փաստաբանին կոռեկտ արտահայտվել առաջին ատյանի դատարանի մասին։

Փաստաբանն ասաց, որ դատավոր Մասիս Մելքոնյանին բացարկի միջնորդություն է ներկայացրել, ինչը մերժվել է, և այս դատարանը այդ բացարկի մերժման մասին դատական ակտը պետք է գնահատի, իսկ առանց իր ներկայացրած հանգամանքներին անդրադառնալու հնարավոր չէ բացարկի մերժման հարցը քննարկել, որովհետև բացարկի հիմքում հենց այդ հանգամանքներն են եղել։ 

Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքի փաստաբանի ներկայացրած երկրորդ հիմքն այն է, որ մեղադրանքը չի համապատասխանում Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշներին, այն է՝ չկա արարքի փաստական նկարագրություն։ «Ելիզավետա Դանիելչևայի դեպքում ներկայացված մեղադրանքը ոչ այլինչ է, քան Քրեական օրենսգրքից հոդվածի ուղղակի մեջբերում, որին ընդամենն ավելացվում է թմրանյութի տեսակը, քանակը և մեղադրյալի անունը։ Բուն արարքի փաստական նկարագրությունը բացակայում է»,- պնդում է փաստաբանը։ Արտաշես Հովհաննիսյանի խոսքով՝ նախաքննության ավարտ հայտնելու վերջին օրը մեղադրանքի մեջ փոփոխություն է տեղի ունեցել՝ ավելացնելով, որ իբր Դանիելչևան շահադիտական դրդումներով է իրացրել թմրանյութը։ Փաստաբանի համոզմամբ՝ այդ որակումը մեղադրանքում ավելացնելով ունեցել են մեկ նպատակ՝ պախարակել Ելիզավետա Դանիելչևային։ 

Դատավորներից Լուսինե Հովհաննիսյանն արձագանքեց փաստաբանի դիտարկմանը՝ մեղադրանքում «շահադիտական դրդումներով» ձևակերպումն ավելացնելու վերաբերյալ, և ասաց, որ եթե խոսքը վերաբերեր մարիխուանա տեսակի թմրամիջոցին և շատ չնչին քանակին, հնարավոր է, որ չբացառվեր հյուրասիրելու հանգամանքը, բայց խոսքը սինթետիկ և թանկարժեք թմրամիջոցի մասին է, որը բավականին արժեք է ներկայացնում ՀՀ իրականության մեջ։

Հաջորդիվ փաստաբանն անդրադարձավ իր բողոքի հաջորդ հիմքին, որը անթույլատրելի ապացույցների մասին է։ Փաստաբանը այս հիմքի շրջանակում թվարկեց մի շարք խախտումներ, որոնք թույլ է տվել նախաքննության մարմինը ձերբակալության, հարցաքննության ժամանակ։ Եվ հիմք ընդունելով այդ խախտումները՝ փաստաբանը պնդում է, որ դեպքի վայրի զննությունը, ինչպես նաև մի շարք այլ արձանագրություններ չէին կարող դատավճռում որպես ապացույցներ ներառվել։

Դատական նիստն այսքանով ավարտվեց, հաջորդ նիստին փաստաբանն անդրադառնալու է իր բողոքի մյուս հիմքերին ևս, դրանք են՝ դատարանի հետևությունները՝ ապացույցների բավարարության վերաբերյալ և արարքի որակումը։ 

«Եթե անգամ բոլոր ապացույցները դիտարկենք, որ թույլատրելի են, ապա միևնույնն է, տրամաբանություն չկա, որ սեղանին դրված, թերմոսի մեջ եղած թմրանյութերը կարելի է կապել Ելիզավետա Դանիելչևայի հետ»,- մեզ հետ զրույցում ասում է փաստաբանը։ Արտաշես Հովհաննիսյանի տպավորությունները Վերաքննիչ դատարանից առայժմ այդքան էլ հուսադրող չեն։ «Առնվազն դատավորներից մեկը շատ անտրամաբանական դիտողություններ է անում մեզ, անտրամաբանական եզրահանգումներ է անում դեռևս քննության ակտիվ փուլում, երբ ես եմ ներկայացնում բողոքը։ Դատավորի գնահատականն այն է, որ թանկարժեք թմրամիջոց հյուրասիրելը հետապնդում է շահադիտական նպատակ»,- ասում է փաստաբանը՝ նշելով, որ այդպիսով դատարանի կողմից փորձ արվեց արդարացումներ բերվել անհիմն մեղադրանքի հետ կապված։

Դանիելչևան մեզ հետ զրույցում ասաց, որ Առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռից հետո արդարադատության նկատմամբ բավականին սկեպտիկ վերաբերմունք ունի։ «Բայց ուզում եմ հուսալ, որ Վերաքննիչ դատարանն ավելի շահագրգռված կլինի արդար որոշումներ կայացնելու հարցում»,- նշեց նա։

Դանիելչևան ցանկություն հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը հնարավորություն տա ամբողջությամբ ընթերցել իրենց ներկայացրած բողոքը։ «Որպեսզի ուշադրություն դարձնի գործընթացային խախտումներին, հիմնավոր կասկածի բացակայությանը և այն հանգամանքին, որ ոստիկանության գործողությունների հետևանքով ես զրկվել եմ մատնահետքեր հանձնելու հնարավորությունից, որպեսզի նրանք կարողանային ինչ-որ բան ստուգել»,- ասաց նա։ Ըստ Դանիելչևայի՝ այն բանից հետո, երբ ոստիկանները ներս են մտել, անմիջապես դիպել են ամեն ինչին։ «Կարծում եմ՝ դա բնականաբար կարող էր խոչընդոտել նման գործընթացին։ Գուցե ուղղակիորեն չէին խանգարում, բայց ակնհայտորեն այնպես էին անում, որպեսզի հետաքննությունը չշարունակվի և չխորանա՝ հատկապես հաշվի առնելով, որ չի եղել ոչ մի մարդ, ով հայտարարել է, թե ես ինչ-որ բան եմ իրացրել կամ նմանատիպ գործողություններ եմ կատարել»,- ասում է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter