HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ո՛չ սպանվածի երեխեքին, ո՛չ իմ երեխեքին ես չեմ կարող հատուցել». ցմահ դատապարտյալ 

Սերգեյ Մովսիսյանը ցմահ դատապարտյալ է։ Պատիժը կրում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։ Նրա կյանքը գլխիվայր փոխվեց 2006թ. հունվարին տեղի ունեցած դեպքից հետո, որի համար 2008-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Արդեն 20 տարի բանտում է, հույս ունի, որ մի օր պայմանական վաղաժամկետ կազատվի պատժից։

«Ո՛չ այս տարիները, ո՛չ դատավճիռը, ո՛չ բռնվելը, ոչ մի բանը իմ փոշմանելու հետ կապ չունի, ուղղակի այդպես չպիտի լիներ։ Այս տարիներն ուղղակի ապրում, մեծանում ես, հարմարվում ես կյանքին։ Գիտակցում ես, որ, ի վերջո, մարդու կյանք ա գնացել ու դու պատասխանատու ես դրա համար՝ անկախ նրանից՝ ուզում էիր, թե չէիր ուզում։ Արդեն եղել ա, ոչինչ չես կարող փոխել, բայց կարող ես փոխել քո կյանքը»,- ասում է Սերգեյը։

Նա դատապարտվել է բանդիտիզմի և խմբի կազմում սպանություն կատարելու մեղադրանքով։ Ս. Մովսիսյանը դատարանում ընդունել է, որ ավազակային հարձակում է կատարել և անզգուշությամբ մարդ սպանել, սակայն բանդիտիզմի ու դիտավորությամբ մարդ սպանելու մեղադրանքը չի ընդունել։

Նրա հետ ցմահ դատապարտվել է նաև մեկ հոգի։

Սերգեյի համար պատիժը սկսվել է ոչ թե դատավճռի հրապարակման, այլ հանցագործության հենց հաջորդ վայրկյանից։ Ասում է, որ ավազակային հարձակմամբ ձեռք բերած գումարը հանցանքից անմիջապես հետո նետել է գետնին։ Զղջացել է կատարվածի համար, բայց արդեն ուշ էր։

Իր խոսքով, մինչ օրս չի հարմարվում դատապարտյալի կարգավիճակին, բայց այլ ելք չունի։  

Ընտանիք ունի, կապը պահում են։ Ավագ որդին արդեն 21 տարեկան է։ Երբ Սերգեյը ձերբակալվել է, երեխան մոտ 1 տարեկան է եղել։ Կրտսեր որդին 15 տարեկան է։ 

«Ինձնից շատ իմ ընտանիքի անդամներն են տանջվել։ Անցած տարի շատ վատ տարի էր՝ իրար հետևից հայրս ու մայրս մահացան,  չսպասեցին, չտեսան իմ ազատությունը։ Այս վիճակն անդրադարձավ ոչ միայն իմ կյանքի վրա, անդրադարձավ մահացողի ընտանիքի վրա, իմ ընտանիքի վրա, իմ հարազատների վրա, բոլորի վրա անդրադարձավ։ Սա մենակ իմ պատիժը չի, բոլորի պատիժն ա։ Տուժողի ընտանիքին գումար տվել եմ, ինչ ուզել են՝ տվել եմ, մի բան էլ՝ ավել, բայց ես չեմ կարծում, որ ես կարող եմ դա հատուցել կյանքում։ Ո՛չ իրանց, ո՛չ սպանվածի երեխեքին, ո՛չ իմ ընտանիքին ու իմ երեխեքին ես չեմ կարող հատուցել»,- ասում է Սերգեյ Մովսիսյանը։

Սերգեյը դիմածնոտային վիրաբույժ է։ Ասում է՝ եթե ազատության մեջ հայտնվի, զբաղվելու է մասնագիտությամբ։ Այժմ քրեակատարողական հիմնարկի գրադարանում է աշխատում։ Մի քանի ամիս է, ինչ դրական վարքի շնորհիվ փակ խցային պայմաններից տեղափոխվել է կացարանային պայմաններ։ 

Մանրամասները՝ տեսանյութում 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter