HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծիլքարի նախկին գյուղապետն ու դպրոցի նախկին տնօրենը դատապարտվել են. դատապարտված գյուղապետը թեկնածություն է առաջադրել

Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքի նախկին գյուղապետ Պապակ Մխիթարյանն ու դպրոցի նախկին տնօրեն Ժիրայր Սարգսյանը համապատասխանաբար դատապարտվել են 2 և 2.5 տարվա ազատազրկման` պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով: Սակայն դատարանը ազատ է արձակել նրանց` կիրառելով համաներում: 

Հիշեցնենք, որ Ծիլքարի գյուղապետարանն ու դպրոցը հանդես էին եկել որպես երաշխավոր ծիլքարցի որոշ բնակիչների համար, ովքեր «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից վարկ էին վերցրել: Գյուղացիների չվճարած վարկերն ու տույժ-տուգանքները բանկը սկսել էր գանձել գյուղապետարանի և դպրոցի հաշիվներից, այն է` պետական միջոցներից: Երկու գործով արդեն իսկ դատարանը վճիռ էր կայացրել և ԴԱՀԿ-ի միջոցով բռնագանձումն իրականացվել էր, ինչի հետևանքով ուսուցիչները աշխատավարձ չէին ստանում: Գյուղապետն ու դպրոցի տնօրենը փոխվել էին, այդ պարտքերը բռնագանձվում էին նոր գյուղապետի և դպրոցի նոր տնօրենի օրոք:  Վերջիններս բանկի բռնագանձման պահանջով մյուս հայցերի դեմ սկսեցին հակընդդեմ հայցեր ներկայացնել և շահել հետագա գործերը: 

Ավելին, Ծիլքար գյուղի դպրոցի մանկավարժական կոլեկտիվը դիմել էր դատախազություն: Արագածոտնի մարզի քննչական բաժնում 2011 թ. դեկտեմբերի 28-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական դիրքի չարաշահում: Իսկ դատարանում` արագացված կարգով դատական նիստերին մեղադրյալներն ընդունել են իրենց մեղքը: Համայնքապետարանի բյուջեից 1 մլն 404 հազար դրամի բռնագանձումը նախկին գյուղապետը ստանձնել է մինչև սեպտեմբերի վերջ փակել: 

Ծիլքարի դպրոցի տնօրեն Արման Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դպրոցի կոլեկտիվն ու նախկին տնօրենը համաձայնության պայմանագիր են ստորագրվել, ըստ որի` նախկին տնօրենը պարտավորվում է 4 ամսում` մինչև դեկտեմբեր, վերականգնել բռնագանձված գումարները:  Երբ նախկին տնօրենը վերականգնի գումարները, ուսուցիչները նախկինում չվճարված աշխատավարձերն էլ կստանան:

«Մեր համագյուղացին է, երկար տարիների մանկավարժ է, մեր երկար տարիների տնօրենը, մարդ է, տվել է երաշխավորություն, դրա համար մենք փոխադարձ համաձայնության եկանք, որ ինքը մինչև դեկտեմբերի վերջ կարողանա վերականգնել մոտ 2 մլն դրամը դպրոցի բյուջե»,- ասաց տնօրեն Արման Հովհաննիսյանը:

Դեռևս մեկ գործ վերաքննիչ դատարանում է: Սակայն տնօրեն Արման Հովհաննիսյանը հույս ունի, որ դա էլ են շահելու, քանի որ արդեն իսկ նախադեպ ունեն: Ծիլքարի դպրոցը սկսել է իր բնականոն աշխատանքը: 83 աշակերտ ունի դպրոցը, այդ թվում` 8 առաջին դասարանցի: 

Սեպտեմբերի 23-ին Ծիլքարի համայնքապետի ընտրություն է : Գործող գյուղապետ Հակոբ Հակոբյանը «Հետքին» տեղեկացրեց, որ թեկնածություն է դրել նաև նախկին համայնքապետը: «Պաշտոնական դիրքի չարաշահումով դատեցին, անձնագիրը դատարանից վերցրեց, հելավ դեմս թեկնածություն դրեց»,-ասում է գյուղապետ Հակոբ Հակոբյանը և վստահորեն նշում, որ, միևնում է, ինքն է ընտրվելու:

Մեկնաբանություններ (2)

abraham bedevian
if they are voted in and are reelected than the people of this village deserve what they get throw the rascals away do not vote for them
omiac
Կը տեսնէք ինչքան նման են սաֆարովի տուն երթալը եւ այս տնօրէնի ազատուիլը, կը կ՞արծէք որ մեր կապը պէտք է կտրենք հայաստանի հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter