Բյուրեղավան համայնքի ջրի նմուշառման արդյունքներում հայտնաբերվել են շեղումներ
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելաման ազգային կենտրոնը հայտնում է, որ Բյուրեղավան համայնքի ջրի նմուշառման արդյունքներում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ: Իսկ կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։
Կոլիֆորմ մանրէները սովորաբար հանդիպում են կենդանիների ու մարդկանց մարսողական համակարգերում: Այս մանրէների հայտնաբերումը ջրում կամ սննդի մեջ ցույց է տալիս, որ ջուրը և սնունդը աղտոտվել են ֆեկալային (կղանքային) զանգվածով։
Հիշեցնենք՝ ապրիլի 22-ի երեկոյան Բյուրեղավանում աղիքային վարակի տասնյակ դեպքեր էին գրանցվել՝ սրտխառնոցի, փսխման, փորլուծության, մարմնի ջերմաստիճանի բարձրացման նշաններով։ Բնակիչների մի մասը հոսպիտալացվել էր Աբովյան ու Հրազդան բժշկական կենտրոններ։
«Հետքի» հետ զրույցում բնակիչներից մի քանիսը պնդել էին, որ պատճառը կոյուղաջուրն է, որը նորից է խառնվել խմելու ջրին։ Սակայն, հաջորդ օրը՝ ապրիլի 23-ին, Բյուրեղավանի համայնքապետարանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «համայնքի ջրի նմուշառումների լաբորատոր հետազոտությունների արդյունքները գնահատվել են դրական և համապատասխանում են սահմանված նորմերին»։
Այսօր «Հետքի» հետ զրույցում համայնքապետարանից հայտնել են, որ նշված հաղորդագրությունը տարածել են՝ հիմք ընդունելով «Վեոլիա ջրի» նմուշառման արդյունքները, իսկ ՎՀԿ ազգային կենտրոնի հետազոտության վերջնական արդյունքները իրենք դեռևս չեն ստացել։ Համայնքապետարանից միաժամանակ հավելել են, որ համայնքը բաց կոյուղատար գիծ չունի։
Բյուրեղավանի բնակիչ Մարինա Զուռնաչյանի խոսքով՝ այս պահին ջուրը բնակիչները հիմնականում գնում են, իսկ համայնքի ջուրը որևէ կերպ օգտագործելուց խուսափում են։
Լուսանկարը՝ freepik.com-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել