ՀՀ գյուղատնտեսությունը՝ կեղծ լուրերի թիրախում. ի՞նչ է իրականում ստորագրվել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին
Մայիսի 4-ին Երեւանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Այս ֆոնին սոցիալական ցանցերում տարածվում է մի տեսանյութ, որում նշվում է, թե Նիկոլ Փաշինյանը այդ գագաթնաժողովի ժամանակ պատրաստվում է ստորագրել փաստաթղթեր, որոնք կվնասեն, կոչնչացնեն Հայաստանի գյուղատնտեսությունը։ Մասնավորապես, նյութում նշվում է՝ «Նիկոլ Փաշինյանը կստորագրի որոշ փաստաթղթեր՝ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար»։
Այս պնդումը սուտ է։ Եվրոպական քաղաքական համայնքը (EPC - European Political Community) քաղաքական ֆորում է, որտեղ Եվրամիության անդամ եւ ոչ անդամ պետությունները քննարկում են Եվրոպայի ապագային վերաբերող քաղաքական, ռազմավարական հարցեր՝ նպատակ ունենալով համախմբել եվրոպական պետություններին՝ մայրցամաքի անվտանգությունն ու կայունությունն ամրապնդելու համար։ Այն գագաթնաժողովի ընթացքում ղեկավարները քննարկում են անվտանգության, տարածաշրջանում կայունության հաստատման, էներգետիկ հարցեր, ԵՄ անդամների եւ ոչ անդամ եվրոպական երկրների միջեւ քաղաքական երկխոսություն է հաստատվում, սակայն չեն ստորագրվում ԵՄ անդամակցության, դրան առնչվող կամ դրան նպատակաուղղված փաստաթղթեր։
Վերը նշված տեսանյութում մասնավորապես նշված է՝ «Դա (փաստաթղթերի ստորագրումը - հեղ.) անհրաժեշտ է, որպեսզի ԵՄ-ն հերթական նշումն անի Հայաստանի ասոցացման համաձայնագրի ճանապարհին։ Բրյուսելը ծանր պայմաններ եւ սահմանափակումներ է առաջադրում խիստ եւ թաքնված չափանիշների միջոցով։ Տվյալ չափանիշները ծառայում են ԵՄ անդամ պետությունների շահերին՝ նրանց համար բացելով նոր շուկաներ եւ վերացնելով տեղական մրցակիցներին»։ Հարկ է նշել, որ գագաթնաժողովի ընթացքում չի խոսվել Եվրամիության ինտեգրման ուղիների կամ դրան համապատասխանելու միջոցների, Բրյուսելի թելադրած «ծանր պայմանների» մասին։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան իր ելույթի ժամանակ ուղղակի շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Հայաստանը Եվրամիությանը ավելի մոտեցնելու համար։
Բացի տարբեր երկրների ղեկավարների միջեւ կայացած պաշտոնական հանդիպումներից՝ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի եւ Խորվաթիայի միջեւ ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր, որտեղ կողմերը հայտարարել են քաղաքական, տնտեսական, անվտանգային, մշակութային եւ գիտակրթական ոլորտներում համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամության մասին, Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի միջեւ՝ ռազմավարական գործընկերության հռչակագիր, որը նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները, իսկ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ՝ Անիի պատմական կամրջի վերականգնման արձանագրություն։ Սրանցից ոչ մեկ կապ չունի տեսանյութում ասված անհիմն հիմնավորումների հետ։
Հայաստանի գյուղատնտեսության «ոչնչացումը» գուժող տեսանյութը առաջին անգամ հրապարակվել է տիկտոկյան «Նելլի Մանուչարյան» անունը կրող օգտատիրոջ կողմից 2026-ի ապրիլի 13-ին։
Այն ունի ավելի քան 140 հազար դիտում եւ հազարից ավել տարածում։ Տիկտոկյան այս օգտահաշիվը ստեղծվել է 2025-ի հուլիսի 7-ին։ Փաշինյանի՝ գյուղատնտեսությունը ոչնչացնելու մասին տեսանյութը միակ հակաիշխանական նյութը չէ։ Էջում կա տեսանյութ «Փաշինյանը սկսել է պառակտել մեր եկեղեցին» նկարագրությամբ, կամ՝ «Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ մշակվել է ծրագիր, որը նախատեսում է ՆԼԾ (նեյրոլեզվաբանական ծրագրավորում) մեթոդների կիրառմամբ ազդեցություն գործադրել բնակչության վրա»: Այս վերջին տեսանյութում չկա որեւէ փաստական հիմք կամ հղում որեւէ ստույգ, պաշտոնական աղբյուրի։ Տեսանյութերի մի մասն էլ այլ հարթակներից է վերցված (օրինակ՝ հոգեբան բլոգերներից կամ յութուբյան փոդքասթներից)։
«Նելլի Մանուչարյան» օգտատիրոջ տարածած վերոնշյալ տեսանյութը նույն օրը՝ ապրիլի 13-ին, տարածվել է ռուսական հայտնի քարոզչական «Параллель» ալիքում, որն ունի 10 հազարից ավելի հետեւորդ։ Այստեղ տեսանյութի նկարագրության մեջ նշվում է. «Արդեն 2026 թվականի օգոստոսից հայրենական գյուղատնտեսներին, ամենայն հավանականությամբ, սպասվում են նոր սահմանափակումներ, անասնագլխաքանակի պահման ու կերային բազայի նորմատիվների խստացում, ինչպես նաեւ բանջարեղենի ու միրգ-հատապտղային մշակաբույսերի վերահսկողության զգալի խստացում: Ֆերմերային տնտեսությունների մեծամասնության համար նման նորամուծությունները խոստանում են ոչ թե ոլորտի առաջադիմական զարգացում, այլ լիակատար ֆինանսական սնանկացում եւ կործանում»:
Քանի որ, ինչպես նշեցինք, ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովում նման փաստաթղթեր չեն ստորագրվել, կեղծ պնդումներ պարունակող տեսանյութին հղում անելն ու դրա հիման վրա նոր փոփոխությունների մասին խոսելը չունի որեւէ հիմք, այսինքն՝ հիմնազուրկ է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել