«Սանձերը թողել են, անմեղության կանխավարկածն էլ են խախտում». Բագրատ Սրբազանը՝ ԱԺ-ում հնչած հայտարարությունների մասին
Բագրատ Սրբազանը դատարանում քննադատեց իշխանության ներկայացուցիչների՝ «Սրբազան պայքարի» գործի վերաբերյալ հայտարարությունները՝ դրանք որակելով անմեղության կանխավարկածի խախտում և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Ըստ նրա՝ գլխավոր դատախազը հայտարարել է, թե «Սրբազան պայքար»-ի գործով պաշտպաններն անիմաստ միջնորդություններով ձգձգում են դատավարությունը։
«Մե՞նք ենք դատական պրոցեսը ձգձգել։ Միգուցե նկատի են ունեցել դատախազներին, որոնք մի քանի օր նույն տեքստն են կարդացել»,- այսօր՝ մայիսի 7-ին, դատարանում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Բացի այդ, նա հիշեցրեց, որ որոշ դատական նիստեր չեն կայացել, քանի որ մեղադրյալներին պատշաճ կերպով դատարան չեն ներկայացրել։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
«ԱԺ փոխխոսնակը ասել է, որ ես տեռորիստական ակտ եմ կազմակերպել։ Էս մարդիկ սանձերը թողել են, անմեղության կանխավարկածն էլ են խախտում, սա անարգանք է ոչ միայն մեր, այլև՝ դատարանի հանդեպ»,- ասաց Սրբազանը։
Բագրատ Սրբազանի ելույթից հետո պաշտպան Մհեր Հակոբյանը դատավոր Կարեն Ֆարխոյանին խնդրեց ինքնաբացարկ հայտնել և մարդկանց հնարավորություն տալ, որպեսզի օբյեկտիվ դատավորի կողմից իրենց գործը քննվի։
«Մի շարք հանգամանքներ վկայում են, որ սույն գործով դատավորն արդեն իսկ մեղադրական վերդիկտ է կայացրել։ Եթե Դուք չեք հարցնում՝ էս գործով տուժող կա՞, թե՞ չէ, ուրեմն Դուք արդեն որոշել եք՝ էս գործով ինչ պետք է անել։ Եթե մարդկանց մի տարի պահում եք կալանքի տակ՝ առանց մի անգամ հարցնելու՝ բա ո՞նց են մարդիկ բացահայտված պայմաններում 4 ամիս ազատության մեջ եղել, նշանակում է՝ Դուք արդեն գիտեք՝ ինչ որոշում եք կայացնելու»,- ասաց պաշտպանը։
Դատախազ Վահան Հարությունյանը հայտարարեց՝ դատավորին կարելի է բացարկ հայտնել մինչև հիմնական դատալսումները, բացառությամբ այն դեպքերի, երբ բացարկի հիմքը հայտնի է դարձել հիմնական դատալսումները սկսելը և մինչ այդ չէր կարող հայտնի լինել։
«Գտնում եմ, որ ներկայացված բացարկը ժամանակավրեպ է և չի կարող քննության առնվել»,- հայտնեց դատախազը։
Դատարանը մերժեց բացարկի միջնորդությունը՝ հայտնելով, որ դա պաշտպանի սուբյեկտիվ կարծիքն է և չի բխում Քրեական դատավարության օրենսգքրի պահանջներից։
Այնուհետև պաշտպանական կողմը շարունակեց բացման խոսքը։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը ևս անդրադարձավ ԱԺ-ում հնչած հայտարարություններին՝ նշելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում ասել է՝ ակցիաների ժամանակ Բագրատ Սրբազանը կոչ է արել ոստիկաններին հանել սաղավարտները, հետո հարձակում է կազմակերպել։
«Էս ողջ ժամանակահատվածում որևէ պաշտոնատար անձ չասաց՝ նախ սուտ եք ասում, երկրորդը՝ հերիք ա միջամտեք դատարանում քննվող վարույթին։
Գլխավոր դատախազը բազմիցս նման հնարավորություն ունեցել է, որևէ անգամ չի հնչել կոչ, հորդոր, մասնագիտական բացատրություն, որ քաղաքական իշխանության ներկայացուցիչներն իրավունք չունեն մեկնաբանություններ անել ընթացքիկ քրեական գործի վերաբերյալ, առավել ևս՝ երբ դրանք պարունակում են կեղծիք»,- ասաց պաշտպանը։
Խուդոյանը նշեց՝ թեև գլխավոր դատախազին հարցադրումներում ասում են, որ ինքը կեղծ տվյալ է ներկայացրել, որևէ անդրադարձ չկա։
«Ի՞նչ է նշանակում՝ պաշտպանները ներկայացնում են միջնորդություններ։ Պաշտպանները դատարանում ի՞նչ պետք է անեն։ Պաշտպանը զբաղվել է պաշտպանությամբ, ինչպիսի՜ զարմանք։ 18 անձ եղել է անհիմն կալանքի տակ։ Արդյունքում, 6 ամիս դատական քննությունից քննարկել ենք բացառապես խափանման միջոցներ, դրանց վերաբերյալ միջանկյալ միջնորդություններ։ Էն ժամանակ հանիրավի չէիք կալանավորի մարդկանց, 2 նիստ հետո կսկսվեր դատական քննությունը»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։
Պաշտպանը հարցրեց՝ ի՞նչ է արել իր պաշտպանյալ Արմեն Ալեքսանյանը, որ հայտնվել է մեղադրյալի աթոռին ծանրագույն մեղադրանքով։
Միակ բովանդակային ապացույցը, որ վերաբերում է կոնկրետ անձի, կոնկրետ փաստական հանգամանք մատնանշում, ըստ պաշտպանի, Արմեն Ալեքսանյանի ձվածեղ պատրաստելու տեսանյութն է։ Թե ինչ է դա հաստատում մեղադրանքի տեսանկյունից, պաշտպանի խոսքով՝ իրենց համար այդպես էլ գաղտնի մնաց։
«Արմեն Ալեքսանյանը բռնվելուց ամիսներ առաջ տիկտոկյան էջ էր վարում, որտեղ քաղաքական սատիրայի էր ենթարկում վարչապետի տարօրինակ որոշակի գործողություններ և վարքագիծ։ Ձվածեղի տեսանյութը քաղաքական ծաղր էր վարչապետի նմանատիպ տեսանյութին։
Արմենը գնում էր հանրապետության տարբեր բնակավայրեր և կոչ անում վարչապետին հանձնել նաև այդ տարածքները։ Բնականաբար, դա անում էր ծաղրանքով և հեգնանքով՝ որպես քաղաքական ակցիա, լավ է, որ դրա համար էլ առանձին մեղադրանք առաջադրված չի։ Անձը քրեական հետապնդման է ենթարկվում քաղաքական սատիրայի համար»,- հայտնեց պաշտպանը։
Անդրադառնալով Մովսես Շարբաթյանի մեղադրանքին՝ Խուդոյանն ասաց, որ մեղադրյալը մասնակցել է քաղաքական ակցիաներին, իսկ նրա տատիկի տնից գունավոր ճայթուկներ են հայտնաբերել։
«Մեղադրանքում դա նկարագրված է հետևյալ տեքստով՝ մարդկանց կյանքին, առողջությանը վտանգ սպառնացող հազարավոր հրավտանգ միջոցներ։ Շարբաթյանն ապօրինաբար գաղտնալսվել է՝ օդից վերցված օպերատիվ տվյալների հիման վրա։ Չի արել և չի քննարկել որևէ հակաօրիկնական արարք»,- ասաց պաշտպանը։
Դատական նիստն աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 14-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել