HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դրամական փոխանցումները Հայաստան առաջին եռամսյակում 200 մլն դոլարով աճել են

Խորհրդարանական ընտրությունների և բանկային համակարգով արտերկրից Հայաստան ուղարկվող փողերի միջև ուղիղ և ապացուցելի կապ գտնելը դժվար է։ Չնայած դրան՝ վիճակագրությունը փաստում է, որ ընտրությունների նախաշեմին դրամական փոխանցումների աճ է նկատվում։ 

Այս տարվա առաջին եռամսյակում (2026 հունվար-մարտ) բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտերկրից Հայաստան են ուղարկել մոտ 1 միլիարդ 472 միլիոն դոլարին համարժեք գումար։ 

Ինչպես ցույց է տալիս Կենտրոնական բանկի տրամադրած տվյալների վերլուծությունը, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ դրամական փոխանցումների այս ներհոսքն աճել է 200 մլն դոլարով կամ 15.8%-ով։ 

Մասնավորապես, Ռուսաստանից, որը Հայաստան դրամական փոխանցումների գլխավոր աղբյուրն է, փոխանցվել է 945 մլն դոլար, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 126 մլն դոլարով։ Այսինքն՝ փողերի ներհոսքի աճի հիմնական աղբյուրը Ռուսաստանն է։ 

30 մլն դոլարով ավելացել է ԱՄՆ-ից ներհոսքը՝ կազմելով 187 մլն դոլար։ Ներհոսքի ծավալով Ռուսաստանին հաջորդում է ԱՄՆ-ն։ Մյուս երկրները անգամներով ավելի փոքր կշիռ ունեն։ 

Դրամական փոխանցումներն ունեն, այսպես կոչված, սեզոնայնություն։ Օրինակ՝ դեկտեմբերին՝ Ամանորի նախաշեմին, միշտ ավելի շատ գումար է ուղարկվում, քան նախորդ ամիսներին։ Հետևաբար, գումարների դինամիկան հասկանալու համար հարկավոր է համեմատել ոչ թե դեկտեմբերը նոյեմբերի հետ, այլ՝ նախորդ տարվա կամ տարիների դեկտեմբերի հետ։ 

Վերջին հինգ տարիներին առաջին եռամսյակում դրամական փոխանցումների ամենամեծ ծավալը գրանցվել է 2023 թվականին՝ մոտ 1.6 մլրդ դոլար։ Դրան նախորդող տարվա փետրվարից սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը։ Երբ ռուսաստանցիները եկան Հայաստան, 2022-ի կեսերից գումարների մեծ ներհոսք գրանցվեց։ Այսինքն՝ 2023-ի առաջին եռամսյակի ներհոսքը նախորդ տարվա տրամաբանական շարունակությունն էր։ 

Հետո այն որոշակիորեն նվազել է, որի ֆոնին այս տարվա աճն ավելի տեսանելի է։

2026թ. հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են՝ ձեւավորվելու է 9-րդ գումարման Ազգային ժողովը։ Տեղեկություններ են շրջանառվում, որ ընտրությունների նախաշեմին մեծ գումարներ են ուղարկվում Հայաստան։ Ուղիներից մեկն էլ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն են։ 

Առհասարակ, ընտրություններին նախաշեմին տնտեսության մեջ փողի շրջանառության որոշակի աշխուժություն կարող է նկատվել։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ներգրավում են ֆինանսական միջոցներ, որոնք ծախսում են քարոզչական աշխատանքների, ընտրատարածքների վարձակալության, տպագրական և բազմաթիվ այլ կազմակերպչական աշխատանքների համար։ 

Հաճախ էլ  մասնակցող ուժերը միմյանց մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, որը կրկին ենթադրում է ֆինանսական ծախսեր։ 

Քանի որ Կենտրոնական բանկը չի հրապարակում փոխանցված գումարների նպատակը, չենք կարող պնդել, որ Հայաստան այս տարվա առաջին եռամսյակի դրամական փոխանցումների աճը՝ 200 մլն դոլարով, այս կամ այն կերպ պայմանավորված է ընտրական գործընթացներով։ Սակայն, փաստ է, որ աճ կա, և այն փոքր չէ՝ հաշվի առնելով, որ 200 մլն դոլարի աճը վերաբերում է երեք ամսվան։  

Նման պնդում անելը խոցելի է, քանի որ Հայաստան և Հայաստանից դուրս ուղարկվող գումարների վրա ազդում են բազմաթիվ սոցիալ-տնտեսական գործոններ։ Դրանց թվում են՝ արտերկրում աշխատաշուկայի վիճակը, փոխարժեքի տատանումները, գնաճը, տնտեսական վիճակը Հայաստանում և այն երկրներում, որտեղից փոխանցվում են այդ գումարները։ Ամենաթարմ օրինակը ռուս-ուկրաինական պատերազմն է, որի մասին վերևում նշել ենք։ 

Ընդ որում՝ այս գործոնները, ինչպես ցույց  է տալիս վիճակագրությունը, հաճախ ավելի ազդեցիկ են, քան սպասվող ընտրությունների փաստը։

ԿԲ-ի ներկայացրած վիճակագրության մեջ առանձնանում են միայն ոչ առևտարային նպատակով կատարվող դրամական փոխանցումները, որոնք ընդհանուր ոչ մեծ մասն են (2026-ի հունվար-մարտին՝ 266 մլն դոլար, 2025-ի հունվար-մարտին՝ 230 մլն դոլար)։ Ոչ առևտրային նպատակով փոխանցումներ են համարվում աշխատավարձերը, երբ շահառուն աշխատել է արտերկրում և աշխատավարձը ստանում է՝ գտնվելով արդեն իր երկրում, ինչպես նաև՝ այն փոխանցումները, որոնք կատարվում են արտերկրից Հայաստանում գտնվող հարազատներին օգնելու համար։ Այսինքն՝ Հայաստան հոսող դրամական փոխանցումները մեծամասամբ առևտրային նպատակներով են և աճն էլ հիմնականում դրանցով է պայմանավորված։ Ավելին վիճակագրության մեջ չի երևում և քանի որ մշտապես առևտրային նպատակով փոխանցումներն են ավելի շատ եղել, հետևաբար՝ այս տարվա բացվածքը որևէ նոր տեղեկություն չի տալիս։

Վերջին տասը տարիներին Հայաստանում երեք խորհրդարանական ընտրություններ են անցկացվել։  

2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններն առաջինն էին 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո։ Հայաստանը կիսանախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանական կառավարման: Նույն տարվա մայիսի 14-ին տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները։ 

Հաջորդը 2018 թվական դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին։ 

Վերջինը  2021 թվական հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, որոնք նշանակվեցին 44-օրյա պատերազմից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով։ 

Եթե դիտարկենք տարեկան կտրվածքով, 2017 թվականին արտերկրից Հայաստան է փոխանցվել գրեթե 1.8 մլրդ դոլար, որը 2016 թվականի համեմատ աճել է 234 մլն դոլարով կամ 14.6%-ով։ Սրանով դրամական փոխանցումների ծավալը որոշակիորեն վերականգնվեց 2015-2016 թվականների անկումից հետո։  

Հաջորդող 2018-ին դրամական փոխանցումների ծավալը չի փոխվել։ 2021 թվականին ևս որոշակի աճ է գրանցվել, սակայն՝ ոչ էական 

Դրանից հետո դրամական փոխանցումների թռիչքային աճ է գրանցվել։ 2022-ը ոչ ընտրական տարի էր, բայց տնտեսական գործոնները բավականին ուժեղ էին։ 

Ինչպես տեսանք, ընտրությունների և դրամական փոխանցումների միջև ուղիղ կապ գտնել դժվար է, սակայն որոշ փաստեր, այնուամենայնիվ, համընկնում են։

Օրինակ՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները հունիսի 20-ին էին։ Այդ ամսին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները կազմել են 200 մլն դոլար, որը նախորդ տարիների նույն ամիսների համեմատ բարձր է։ Մասնավորապես, 2020 թվականի համեմատ այն աճել է 30 մլն դոլարով, 2019-ի համեմատ՝ 38 մլն դոլարով։ Այն գերազանցում է նաև առնվազն հինգ տարիների հունիս ամսվա ցուցանիշները։

2017-ի նախորդող տարիներին ևս ընտրական գործընթացների ժամանակ դրամական փոխանցումների որոշակի աճ  է նկատվել։ 

2026 թվականի առաջին եռամսյակում փողի արտահոսքը նվազել է 

Ոչ միայն արտերկրից են Հայաստան գումարներ փոխանցվում, այլև՝ հակառակ ուղղությամբ։ Այս տարվա հունվար-մարտին բանկային համակարգով Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են 1 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այն նվազել է 10%-ով կամ 114 մլն դոլարով։ 

Այս նվազման և ներհոսքի աճի հաշվին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) էականորեն աճել է: Այն կազմել է  շուրջ 458 մլն դոլար (թվերը կլորացված են), որը նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է  երեք անգամ։ Այսինքն՝ «երկրում մնացած» փողի ծավալն ավելացել է։ 

Դրամական փոխանցումների գալիք ամիսների վիճակագրությունն ավելի հստակ ցույց կտա՝ փողի ներհոսքի աճը շարունակակա՞ն է, թե՞ ուներ կարճաժամկետ բնույթ, կա՞ն տնտեսական գործոններ, թե՞, այնուամենայնիվ, դրանք պայմանավորված էին  ընտրություններով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter