Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի
Լուսանկարում պատկերվածը Էջմիածին քաղաքի Տերյան փողոցն է: Հիմնանորոգվել է 2025թ. օգոստոսին, սակայն արդեն վերանորոգման կարիք ունի: Շահագործման հանձնելուց դեռ մեկ տարի չանցած` մեծ փոսեր ու ճաքեր են առաջացել: Վաղարշապատի համայնքապետարանը սպասում էր, որ շինաշխատանքներ իրականացրած կազմակերպությունը թերությունները վերացնի։
Էջմիածին քաղաքի Վահան Տերյան, Սբ. Մովսես Խորենացի, Արամ Մանուկյան 1-ին թաղամասի 3 փողոցների, Չարենց թաղամասի շենքերի բակերի և բակային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների կատարման նպատակով 2024թ. հոկտեմբերի 9-ին պայմանագիր է կնքվել Վաղարշապատի համայնքապետարանի և «Լև-Շին» ՍՊԸ-ի միջև: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 636 մլն 450 հազ. դրամ: Սակայն, 2025թ. օգոստոսի 29-ին կողմերի միջև կնքվել է համաձայնագիր, որով ծավալաթերթ նախահաշվում կատարվել են ավելացումներ մոտ 32 մլն 498 հազ. դրամի չափով, ինչից հետո պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 668 մլն 948 հազ. դրամ:
«Խոսել ենք աշխատանքներն իրականացնող կազմակերպության հետ, ինչպես նաև գտնվում ենք գրագրության մեջ։ Նշված թերությունները պետք է շտկվեն, որի համար սահմանված է համապատասխան ժամկետ։ Բացի այդ, նրանց կողմից կատարվել է լրացուցիչ աշխատանք, որի վճարումը ներկա պահին չենք փոխանցել և պահել ենք մինչև պարտավորությունների լիարժեք կատարումը և թերությունների շտկումը։ Եթե սահմանված ժամկետում աշխատանքները չիրականացվեն, հարցը կկարգավորվի դատական կարգով»,- «Հետք»-ին հայտնում է Վաղարշապատ համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Ռոզա Կարապետյանը։
Քաղաքի նշված ճանապարհների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ պետության և համայնքի մասնակցությամբ:
Պայմանագրում նշված աշխատանքների կատարման փորձաքննությունն իրականացրել է «Արխիտեկտ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Միակն» ՍՊԸ-ն: Աշխատանքների ընդունման-հանձնման արձանագրությունը ստորագրել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանը:
Նույնիսկ, եթե ճանապարհը երաշխիքային սպասարկման մեջ է, և կառուցապատողն իր միջոցներով վերացնի թերությունները, փոսերն ու ճաքերը փակելուց հետո հիմնանորոգված ճանապարհը պատվելու է կարկատաններով: Դրանով կրճատվելու է ասֆալտի շահագործման ընդհանուր ժամկետը:
Չի բացառվում, որ առաջիկայում փոսերով պատվի նաև Խորենացի փողոցի վերանորոգված հատվածը: «Հետքը» դեռևս 2025թ. դեկտեմբերին գրել էր, որ փողոցների հարևանությամբ ապրող բնակիչները դեռ հիմնանորոգման փուլում են բարձրաձայնել, որ կատարված աշխատանքի որակը ստուգելու նպատակով պատշաճ հսկողություն չի իրականացվում: Խորենացի փողոցի ջրահեռացման ցանցը միասնական չէ, իսկ ասֆալտի որակը գոհացուցիչ չէ:
Ջրահեռացման ցանցը կառուցվել է ասֆալտից բարձր: Ջրերը հոսում են ճանապարհով և չեն թափվում ջրահեռացման հորերի մեջ՝ առաջացնելով «լճակներ»: Այս պայմաններում, կարճ ժամանակ անց, ճանապարհի ասֆալտը ևս վնասվելու է:
Ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ Էջմիածնում հիմնանորոգված ճանապարհները մեկ տարի անց դարձյալ վերանորոգման կարիք են ունենում: «Հետքը» դեռևս 2022թ․-ին ուսումնասիրել էր 2018-2021թթ. ընթացքում Էջմիածնում պետական և համայնքային բյուջեների միջոցներով իրականացված ճանապարհաշինական աշխատանքները, որոնց վրա ծախսվել էր մոտ 1 մլրդ 676 մլն դրամ:
Պարզել էինք, որ փողոցները այնպես են վերանորոգվել, որ կարճ ժամանակ անց դարձյալ վերանորոգման կարիք ունեն: Այդ ժամանակ էլ նշում էր, թե ասֆալտը չի կարող շատ հարթ լինել, քանի որ «ասֆալտը գծագրություն չէ, որ քանոնը դնեն, ուղիղ գիծը քաշեն»:
Հարց է առաջանում՝ տարիներ շարունակ այս որակի աշխատանքն ինչպե՞ս է ընդունել Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել