HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ես չեմ համաձայնվի դատավոր լինել

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ    

Հայաստանում եւ Ադրբեջանում դատական համակարգերի անկախության մասին են ստորեւ ներկայացվող հարցազրույցները: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում ՙՆովոյե Վրեմյա՚ թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն 

Հարցազրույց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանի հետ

Ի՞նչն է խանգարում դատարանների անկախությանը Հայաստանում` օրենսդրությո՞ւնը, քաղաքական կամքի բացակայությո՞ւնը:

Դատարանները կոչված են պահպանելու օրենքի առաջ բոլորի հավասարությունը, հետեւաբար` դատարանների անկախությունն ունի առանցքային նշանակություն:

Դատարանների անկախությունն ապահովելու համար անհրաժեշտ են առնվազն հետեւյալ պայմանները. Առաջին` դատավորների կենսամակարդակի, այսինքն` աշխատավարձերի բարձրացում: Չնայած` վերջերս  դատավորների աշխատավարձը բարձրացավ (ներկայումս այն մոտ 800 եվրոյին համարժեք դրամ է), բայց, միեւնույն է, դա համընթաց չէ գնաճի աստիճանին: Ես չեմ համաձայնվի դատավոր լինել, որովհետեւ այդ պաշտոնն ինձ համար գրավիչ չէ` թեկուզ հենց վարձատրության առումով: Որպես փաստաբան ես ավելի շատ եմ վաստակում, քան դատավորը` օրինական միջոցներով:

Երկրորդ` կարեւոր գործոն է նաեւ գիտելիքը, բարձր որակավորումը, վերապատրաստման հնարավորությունները: Մենք ունենք բարձր որակավորման փաստաբանների,  դատախազների եւ դատավորների կարիք:

Երրորդ` գործադիր մարմինը չի կարողանում համակերպվել իրենից անկախ դատական համակարգի գոյության եւ գործունեության հետ: Այս ՙբարդույթը՚ վերացնելու համար հարկավոր է քաղաքական կամք եւ հանդուրժողականություն: Չորրորդ` պետք է լինի դատավորների «համաներում». դատավորների աշխատավարձերի բարձրացումով նրանք չեն ձերբազատվում իրենց նախորդ մեղքերից, ինչը նույնպես կարող է կախման մեջ գցել նրանց գործադիր իշխանությունից:

Անցյալի եւ ներկայի միջեւ հարկ է առանձնացնել մի սահման եւ ասել` հարգելի դատավորներ, այդ սահմանից հետո ցանկացած անօրինականության համար կենթարկվեք պատասխանատվության: Եթե չլինի համաներում, դատավորին միշտ կարելի է կաշկանդել եւ կառավարել` հիշեցնելով մեկ ամիս առաջ իրականացրած անօրինական գործողությունը:

Օրենսդրական դաշտը, ճիշտ է, որոշակի շտկումների կարիք ունի, բայց, ընդհանուր առմամբ, դատական իշխանության ինքնակառավարման եւ դատարանի անկախության բավարար երաշխիքներ է տալիս: Բոլոր զարգացած պետություններում կա իրավական մշակույթ, եւ քաղաքացիների համար իրավունքի որեւէ դրույթ քիչ նշանակություն ունի: Պատկերավոր ասած` հերթում սպասելու տարրական կանոնները հարգելու համար պարտադիր չէ, որ դրանք գրված լինեն պատին: Իսկ հարուստ մշակութային արժեքներ եւ ավանդույթներ ունեցող մեր պետությունում, ցավոք, մենք օրենքներով ենք ուզում իրավական մշակույթ ձեւավորել:

Ի՞նչ ակտիվությամբ են քաղաքացիներն օգտվում դատաքննության իրավունքից, վստահություն կա՞ դատական համակարգի նկատմամբ:

Ես փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվում 2001 թվականից եւ կարող եմ նշել, որ տարեց տարի քաղաքացիների դիմումների քանակն ավելանում է: Այս մասին վկայում են նաեւ վիճակագրական տվյալները: Նույնիսկ թոշակառուներն իրենց իրավունքները պաշտպանելու համար գոնե սպառնում են, որ կգնան դատարան եւ կհասնեն մինչեւ Եվրադատարան` իհարկե, երբեմն չհասկանալով Եվրադատարանի իրական նշանակությունը: Այս ակտիվությունը ես պայմանավորում եմ իրավագիտակցության բարձրացմամբ:

Քաղաքացիական գործերում երկու կողմից մեկը պարտվում է, եւ պարտվող կողմը միշտ դժգոհ է եւ մեղադրում է դատարանին` հայտնելով իր անվստահությունը: Քաղաքացիական գործերում մարդկանց վստահությունը պայմանավորված է դատարանի`  որոշումը գրագետ հիմնավորելու կարողությամբ: 

Քրեական գործերում վստահությունը դատարանի հանդեպ շատ ցածր է: Մեզ մոտ եթե անգամ կա կասկած, որ այդ մարդն է կատարել հանցագործությունը, ուրեմն հենց միայն կասկածով նրան կդատապարտեն: ՀՀ Սահմանադրությամբ ունենք անմեղության կանխավարկածի սկզբունքը, բայց այսօր փաստացի մեղավորության կանխավարկածն է գործում: Խնդիրն այն է, որ դատարանը դեռեւս լրիվ չի ձերբազատվել դատախազության ազդեցությունից:

Եթե դատարանը հակադրվում է դատախազությանը, ապա դատախազությունը սկսում է գործի դնել իր ազդեցության լծակները: Սակայն, վերջերս դատարանը փորձում է ձերբազատվել դատախազության ազդեցությունից: Այս մասին վկայում են նաեւ վերջերս մամուլով լուսաբանված մի քանի գործեր, ինչը դատական եւ դատախազական համակարգերի բախումների արդյունք է: Սա դրական եմ գնահատում, քանի որ այդ բախումների ընթացքում է ծնվելու ճշմարտությունը: 

Հայաստանում ինչպե՞ս է ձեւավորվում Փաստաբանների պալատը, ի՞նչ է տալիս անդամակցությունը պալատին, եւ որքանո՞վ են բնակչությանը մատչելի փաստաբանական ծառայությունները: Բնակչության մեկ շնչին քանի՞ (պալատի անդամ) փաստաբան է բաժին ընկնում:

ՀՀ փաստաբանների պալատը ձեւավորվել է 2005 թ.` այդ ժամանակ գործող երեք փաստաբանների միությունների միաձուլման հետեւանքով: Կարծում եմ, որ դա դրական ազդեցություն ունեցավ փաստաբանության զարգացման համար: Բացի իր մի շարք առաքելություններից, Փաստաբանների պալատը կոչված է նաեւ պաշտպանելու փաստաբանների շահերը: Վերջին մի քանի դեպքերը ցույց տվեցին, որ փաստաբաններն իրենց միասնության մեջ են ուժեղ, իսկ Փաստաբանների պալատը համակարգում է այդ միասնությունը:

Այսպես, մեր փաստաբաններից չորսի նկատմամբ քրեական գործեր էին հարուցվել այն բանի համար, որ նրանք առանց դատավորի թույլտվության, բոյկոտելով նախագահողի գործողությունները, դուրս էին եկել նիստերի դահլիճից: Այդ ժամանակ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածը սահմանում էր պատասխանատվություն փաստաբանի, վկայի եւ տուժողի, բայց ոչ դատախազի համար` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Մենք ըմբոստացանք այդ խտրականության դեմ:

Փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով դիմեցին Սահմանադրական դատարան` այդ դրույթի հակասահմանադրականությունը որոշելու համար: Մենք համախմբվեցինք մեր գործընկերներին պաշտպանելու համար, բոլոր դատարաններին հայտարարեցինք, որ եթե չսպասեն Սահմանադրական դատարանի որոշմանը, ապա մենք 300 փաստաբաններով մտնելու ենք դատարան եւ նույն կերպ լքելու ենք դահլիճը, ու թող բոլորի հանդեպ կիրառեն այդ պատասխանատվությունը: Իհարկե, դա ազդեցություն ունեցավ: Դատարանը սպասեց, իսկ Սահմանադրական դատարանն այդ նորմը ճանաչեց հակասահմանադրական, եւ քրեական գործերը կարճվեցին:

2011 թ. դրությամբ ՀՀ փաստաբանների պալատն ունի 1025 անդամ գործող փաստաբան, որոնք մասնագիտացված են տարբեր գործերով, ինչպես նաեւ վարում են սակագնային տարբերակված քաղաքականություն (սակագները որոշում են իրենք` ելնելով իրենց փորձից եւ մասնագիտացումից): Կարծում եմ, որ բնակչությանը մատչելի են փաստաբանական ծառայությունները:

ՀՀ փաստաբանների պալատն ապահովում է նաեւ անվճար իրավաբանական օգնություն քրեական բոլոր գործերով, ինչպես նաեւ քաղաքացիական մի քանի գործերով (ալիմենտի պահանջ, առողջությանը վնաս պատճառելու փոխհատուցման եւ այլ պահանջներ): Անվճար իրավաբանական օգնությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի կառուցվածքային միավորը հանդիսացող հանրային պաշտպանի գրասենյակը` պետական բյուջեի միջոցներով:

Հանրային պաշտպանները ՀՀ փաստաբանների պալատի հետ աշխատանքային պայմանագիր կնքած փաստաբաններ են, որոնք իրենց անձնական գործերով զբաղվելու իրավունք չունեն: Պետք է տեղեկացնեմ, որ ՀՀ Ազգային ժողովում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով քրեական, քաղաքացիական, վարչական եւ սահմանադրական բոլոր գործերով հնարավորություն է տրվելու ստանալ անվճար իրավաբանական օգնություն: Այս գործերով օգնությունը տրվելու է անվճարունակ անձանց, որոնց խմբերը սահմանված են նույն օրենքի նախագծով:

Քաղաքացիները հաճա՞խ են դիմում Եվրոպական դատարան, այսօրվա դրությամբ Հայաստանի վերաբերյալ Եվրադատարանի քանի՞ որոշում կա, եւ ինչպե՞ս են կատարվում դրանք:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացվող դիմումների քանակը գնալով ավելանում է, ինչն ընդգծում է միջազգային դատարանի դերի եւ նշանակության գիտակցումը հասարակության կողմից: Ավելին, դատարաններն իրենց դատական ակտերում շատ հաճախ են օգտագործում Եվրոպական դատարանի որոշումներից դիրքորոշումներ: Այս դրական ավանդույթը ձեւավորվեց ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով:

Կոնկրետ վիճակագրությանը չեմ տիրապետում, սակայն կարող եմ ասել, որ Հայաստանի մասնակցությամբ Եվրոպական դատարանն արդեն 20 վճիռ է կայացրել: Հիմա շատ գործերով պետությունը գտնվում է կոմունիկացիոն հարաբերությունների մեջ: Ընթացիկ գործերով պետության հիմնական խնդիրներից կարելի է արձանագրել անձին կալանավորելու, ինչպես նաեւ պետության եւ հասարակության շահերի համար հարկադրաբար վերցվող սեփականության հետ կապված գործերը: Հայաստանում չի գործում բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը (այդպիսի օրենք չկա), ինչը նույնպես վտանգ է պետության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter