Մանկավարժական համալսարանի պրոռեկտորի, նրա որդու և Սմբատ Լպուտյանի գործն ուղարկվել է դատարան
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանի, նրա որդու եւ անվանի շախմատիստ Սմբատ Լպուտյանի քրեական գործը երեկ՝ 2026թ. մայիսի 14-ին, ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։
Մարիամ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա 2022թ-ից զբաղեցրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտորի պաշտոնը և միաժամանակ ղեկավարել համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի» աշխատանքները։
Քննության տվյալներով՝ Իսպիրյանը տեղեկացված է եղել, որ իր որդին՝ Արմեն Ավետիսյանը, 2022թ. հունվարի 14-ին աշխատանքի է ընդունվել ինստիտուտում որպես մասնագետ, սակայն փաստացի աշխատանքի չի հաճախել՝ շարունակելով աշխատավարձ ստանալ։
Մեղադրանքի համաձայն՝ պրոռեկտորը որևէ քայլ չի ձեռնարկել այդ իրավիճակը կանխելու համար, ինչի հետևանքով համալսարանին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ մոտ 5 մլն 337 հազ. դրամի վնաս:
Պրոռեկտորի որդուն էլ մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար։
Ըստ նախաքննական մարմնի՝ նա 2022թ. հունվարի 14-ից մինչև 2026թ. փետրվարի 5-ը ձևակերպված է եղել որպես «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի» մասնագետ և պարտավոր է եղել ամեն օր ժամը 9-ից մինչև 18-ը աշխատանքի ներկայանալ, մասնակցել գիտական ու հետազոտական աշխատանքների, հաշվետվություններ ներկայացնել և ներգրավվել տարբեր մասնագիտական միջոցառումներում։ Սակայն, ըստ մեղադրանքի, նա 4 տարվա ընթացքում աշխատանքի է հաճախել ընդամենը մի քանի օր և մի քանի ժամով, իսկ մնացած ժամանակահատվածում միայն ձևականորեն է ներկայացվել որպես աշխատող՝ ստանալով ընդհանուր 5մլն 337 հազ. դրամ աշխատավարձ։ Քննության տվյալներով՝ այդ գումարը հափշտակվել է աշխատանքի պատշաճ կատարման կեղծ պատկեր ստեղծելու միջոցով։
Անվանի շախմատիստ Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել պրոռեկտորի որդու` Արմեն Ավետիսյանի կողմից ենթադրյալ հափշտակությանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Ըստ մեղադրանքի՝ Լպուտյանը 2018թ-ից զբաղեցրել է մանկավարժական համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի» տնօրենի պաշտոնը և պատասխանատու է եղել ինստիտուտի գործունեության կազմակերպման, աշխատակիցների աշխատանքի վերահսկման ու փաստաթղթաշրջանառության ճշգրտության համար։ Քննության տվյալներով՝ նա տեղյակ էր եղել, որ Ա. Ավետիսյանը ձևակերպված է եղել ինստիտուտում որպես մասնագետ, սակայն փաստացի աշխատանքի չի հաճախել՝ շարունակելով աշխատավարձ ստանալ։
Մեղադրանքի համաձայն՝ Լպուտյանը որևէ միջոց չի ձեռնարկել այդ հանգամանքը կանխելու ուղղությամբ և, հակառակը, օժանդակել է Ավետիսյանին՝ աշխատանքի պատշաճ կատարման կեղծ պատկեր ստեղծելու միջոցով հափշտակել աշխատավարձի գումարը, ինչի հետևանքով համալսարանին պատճառվել է առանձնապես խոշոր չափի գույքային վնաս։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, Սմբատ Լպուտյանը պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է ներառել՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում Արմեն Ավետիսյանին նշելով որպես աշխատանքի ներկայացած աշխատակից։ Այդ տվյալները հաստատվել են նրա ստորագրությամբ։
Հիշեցնենք, որ Մարիամ Իսպիրյանը, վերջինիս որդին ու շախմատիստ Սմբատ Լպուտյանը ձերբակալվել էին 2026թ. ապրիլի 18-ին։
Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել