HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ

Սևանա լճի ափին ճեմուղի կառուցելու պետական ծրագրի փաստաթղթերն անցել են բնապահպանական փորձաքննություն, ստացել դրական եզրակացություն։ Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է ճեմուղու ծրագրի ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը։

2.8 կմ երկարությամբ և 6.5 մետր լայնությամբ ճեմուղին նախատեսվում է կառուցել Սևանա լճի «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչեւ Սևանավանք ընկած հատված (թերակղզի)։ Ճեմուղին անցնելու է թերակղզու հարավային մերձափնյա գոտու երկայնքով՝ լճի ջրի եզրից 12 մետր և ավելի հեռավորության վրա։ Ուղեգծի երկայնքով առկա են հանգստյան տներ, անտառապատ հատվածներ։ Տարածքում առկա եւ հատման (նաև տեղափոխման) ենթակա ծառերի տեսակներն ու քանակը պետք է ճշգրտվի շինարարության ընթացքում կապալառու կազմակերպության կողմից՝ «Սևան ազգային պարկի» հետ համատեղ։ 

Թերակղզում՝ գրողների հանգստյան տան հարևանությամբ, նախատեսվում է 45 մետրանոց վերելակ կառուցել, որը պետք է հնարավորություն տա մարդկանց բարձրադիր վայրից դիտել լճի համայնապատկերը։ Նույն տարածքում պետք է նաև երկհարկանի շինություն կառուցվի, որում նախատեսվում են սրճարան, տոմսարկղ, սանհանգույց և տեղեկատվական կետ։ Համայնապատկերային վերելակից դեպի թերակղզու բարձրադիր մաս (վանական համալիր) մետաղական կոնստրուկցիաներով կամուրջ է նախատեսվում կառուցել։

Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը դեմ է արտահայտվել նախագծին, քանի որ ճեմուղին նախատեսված է կառուցել Սևանա լճի թույլատրելի նիշից (1905մ) ցածր հատվածներում (1902-1902.5մ)։ ՇՄԱԳ փորձաքննական հանձնաժողովը հաշվի չի առել մասնագետների կարծիքը։ 

Սևանա լճի ափին ճեմուղի կառուցելու մասին հայտարարվել էր դեռևս 2020 թ․-ին, սակայն գաղափարը գործնական փուլ այդպես էլ չմտավ։ Այդ ժամանակ հայտարարվել էր, որ ճեմուղին ունենալու է 10 կմ երկարություն (Լճաշեն գյուղից՝ Սևանի թերակղզի)։ 2020 թ․-ին գրել էինք ճեմուղու ծրագրի և լճի ափամերձ տարածքներում քանդման ենթակա շինությունների մասին։

Լուսանկարը՝ Google Maps-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter