HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանի ափի քանդման ենթակա շինությունների տերերն ու ճեմուղու կառուցման ծրագիրը

Սևանա լճի շուրջ երկու կարևոր իրադարձություն է տեղի ունենում։ Առաջինն այն է, որ գույքագրվել և ապամոնտաժվելու են ափամերձ հատվածներում ապօրինի շինությունները։ Երկրորդը՝ Լճաշեն գյուղից մինչև Սևանի թերակղզի ճեմուղի պետք է կառուցվի։ Շինություններն առանց ապամոնտաժելու ճեմուղի կառուցելն անտրամաբանական կլինի։ «Հետք»-ն ուսումնասիրել է Սևանի ափին կառուցվելիք ճեմուղուն զուգահեռ գտնվող և քանդման ենթակա գույքերի ցանկում ներառված շինությունների սեփականատերերի ցանկը։

Քանդման ենթակա շինությունների սեփականատերերի և իրավատերերի ցանկում հետևյալ անձինք և ընկերություններն են՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, նրա թիկնազորի նախկին ղեկավար Աշոտ Ավետիսյանի եղբայրը, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, Կապանի քաղաքապետի եղբայրը՝ Գրիգորի Փարսյանը, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի մերձավորը, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի օգնականը, Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Գագիկ Ստեփանյանը, Սևան համայնքի ավագանու անդամ Նելսոն Սարգսյանի ՍՊԸ-ն, Վարսեր համանքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանի ՍՊԸ-ն, «Ծովագյուղ» սուպերմարկետի սեփականատիրոջ ընկերությունը, «Անելիք» բանկի վարչության նախկին նախագահ Սամվել Ճզմաչյանը, փաստաբան Ռոբերտ Բեջանյանը, «Իքս գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Մանուկյանի ընկերության տնօրենի ՍՊԸ-ն,  քրեական գործով անցնող «Սոխոսենթր» ՍՊԸ-ի նախկին բաժնետիրոջ ընկերությունը, գործարար Արայիկ Հայրապետյանն ու նրա հիմնադրած «Լավանդա սիթի» քոթեջային ավանը։

Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Աշոտ Ավալյանի փոխանցմամբ՝ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գրությամբ ներկայացված 1901.5 մետր բացարձակ նիշից ներքև գտնվող ապամոնտաժման ենթակա կառույցների և դրանց իրավատերերի վերաբերյալ ցանկում ներառված սեփականատերերից ծանուցվել են նրանք, որոնց հասցեներն առկա են եղել ՊՈԱԿ-ում: «Մնացած սեփականատերերի տվյալները ճշտվում են՝ ծանուցելու համար: Համաձայն ծանուցագրի` ապամոնտաժման վերջնաժամկետ է սահմանվել 2020թ. հուլիսի 31-ը, իսկ սեփական միջոցներով չապամոնտաժելու դեպքում, ապամոնտաժման աշխատանքները կիրականացվեն համապատասխան իրավասու մարմինների կողմից` դրանց իրականացման ծախսերը սահմանված կարգով սեփականատիրոջից գանձելու պայմանով: Նշված շենք-շինությունների ապամոնտաժման վերաբերյալ առարկություններ եղել են միայն «Լավանդա սիթի» հանգստյան գոտու սեփականատերերի կողմից»,- հայտնել է Աշոտ Ավալյանը։

Չնայած այն հանգամանքին, որ ապամոնտաժման համար սահմանված վերջնաժամկետը ավարտվել է, մենք գրավոր դիմել ենք շինությունների սեփականատերերին և իրավատերերին՝ ապամոնտաժման վերաբերյալ նրանց դիրքորոշումը ճշտելու նպատակով։ Ստորև կներկայացնենք վերը թվարկված անձանց պատկանող շինությունների և հողակտորների վերաբերյալ փաստեր։ Նշենք, որ շինությունների իրավատերերին ուղղված գրավոր նամակներին արձագանքել է միայն «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը։

Գրիգորի Փարսյան

Սյունիքի մարզկենտրոնի՝ Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանի եղբայրը՝ Գրիգորի Փարսյանը, «Սևան ազգային պարկից» 2007 թ.-ին վարձակալել է 2500 քմ մակերեսով տարածք։ Մինչև 2032 թ.-ը վարձակալության համար Գրիգորի Փարսյանը վճարում է տարեկան 170 հազար դրամ վարձավճար։ Վարձակալած տարածքը գտնվում է «Լավանդա սիթի» քոթեջային ավանից Սևանի ափն ընկած հատվածում։ Գրիգորի Փարսյանի վարձակալած հողակտորում քանդման ենթակա շինություններ կան։

Սասուն Միքայելյան

Կապանի քաղաքապետի եղբոր վարձակալած ափի հարևանությամբ է գտնվում Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի տիրապետման տակ գտնվող ափը։ Միքայելյանը «Սևան ազգային պարկ»-ի հետ չի կնքել վարձակալության պայմանագիր, որը նշանակում է, որ նա առանց օրինական հիմքերի է տիրապետում ափը, որտեղ տեղադրվել են վագոն տնակներ և 1 հարկանի շինություններ։ Ազգային պարկից մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Սասուն Միքայելյանի  զբաղեցրած ափի տարածքը 1.7 հեկտար է։

ԵԿՄ Սևանի տարածքային կազմակերպության

Գրիգորի Փարսյանի վարձակալած տարածքից փոքր-ինչ հեռու է գտնվում «Երկրապահ կամավորականների միության» Սևանի տարածքային կազմակերպության տիրապետման տակ գտնվող հողակտորը։ Առանց օրինական հիմքի՝ վարձակալության պայմանագրի բացակայության պայմաններում, ԵԿՄ-ն տնօրինում է 4537 քմ մակերեսով տարածք, որի վրա են գտնվում քանդման ենթակա ինքնակամ կառուցված շինությունները։ «Սևան ազգային պարկ»-ից մեզ տրամադրած վարձակալների ցանկում բացակայում է ԵԿՄ–ի մասին տեղեկությունը, սակայն Միությունը հիշատակվում է արդեն քանդման ենթակա շինությունների ցանկում։ Ազգային պարկից պարզաբանեցին, որ ԵԿՄ-ի հետ վարձակալության պայմանագիր չի կնքվել։ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին գրավոր հարցում ենք ուղարկել՝ հայտնելով, որ ապամոնտաժման ենթակա գույքերի ցանկում կա ԵԿՄ-ին պատկանող շինություն։ Սասուն Միքայելյանը ի պատասխան մեր հարցման նշել է, որ Ծովինար համայնքում գտնվող ԵԿՄ ուսումնամարզական ճամբարը 1914-1917 բացարձակ նիշի տարածքում է, որը ապամոնտաժման ենթակա չէ։ Լրացուցիչ հարցում ենք ուղարկել ԵԿՄ՝ տրամադրելով հողատարածքի կադաստրային ծածկագիրը, որի վրա առկա շինությունները, ըստ «Սևան ազգային պարկ»-ի, պատկանում են ԵԿՄ-ին։ Հարցման պատասխանը մինչ նյութը հրապարակելը չենք ստացել։ Սասուն Միքայելյանի ստրորագրությամբ պատասխան գրությունով, ԵԿՄ-ից հայտնեցին, որ արբանյակից արված լուսանկարների և կադաստրային քարտեզի վրա մեր կողմից առանձնացված շինությունները չեն պատկանում «Սևանի երկրապահին»։ Նշենք ընդամենը, որ այդ շինությունները գույքագրել է «Սևան ազգային պարկ»-ը և մեզ է տրամադրել դրանց կադաստրային ծածկագրերը՝ նշումով, որ շինությունները պատկանում են «Սևանի երկրապահին»։

Վարշամ Ղարիբյան

Քննչական կոմտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյան մերձավոր Վարշամ Ղարիբյանը (առավել հայտնի է Շանթի Յուրա անունով) «Սևան ազգային պարկ»-ից երկու հողակտոր է վարձակալել։ Դրանք գտնվում են ԵԿՄ–ի տիրապետման տակ գտնվող ափի հարևանությամբ։ Ընդհանուր 3098 քմ մակերեսով 2 հողակտորը վարձակալել է առանձին պայմանագրերով։ Մեկը վարձակալվել է 2005-ից մինչև 2008 թվականը, մյուսը՝ 2005-ից մինչև 2030 թվականը։ Լողափերի վարձավճարները սահմանվել են 107 հազար 200 և 131 հազար 200 հազար դրամ։ Վարձակալած տարածքներում քանդման ենթակա շինություններ կան։

Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, «Սևան ազգային պարկի»-ի հետ չունենալով վարձակալության պայմանագիր, Սևանի ափին առանձնատուն է կառուցել։ 9089 քմ մակերեսով հողակտորի վրա կառուցված շինութուններն, ըստ ազգային պարկի, պատկանում է Ռուբեն Հայրապետյանին և նրա կնոջը՝ Նարինե Հայրապետյանին։ Բացի երկհարկանի առանձնատնից՝ կառուցվել են լողավազան և մի քանի այլ շինություն։ Այդ կառույցները գտնվում են քանդման ենթակա գույքերի ցանկում։

«Հարսնաքար» ՍՊԸ

Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ՍՊԸ-ն «Սևան ազգային պարկից» 2009-ից մինչև 2060 թվականը վարձակալել է 2.8 հա հողակտոր։ Վճարում է 1 միլիոն 30 հազար դրամ տարեկան վարձավճար։ ՍՊ ընկերության վարձակալած հողակտորում քանդման ենթակա շինություն կա։

Գագիկ Ծառուկյան

Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Սևան ազգային պարկ»-ից վարձակալել է երկու հողակտոր, որի վրա էլ կառուցել է իր առանձնատունն ու հարակից շինությունները։ Ռուբեն Հայրապետյանի և Գագիկ Ծառուկյանի առանձնատներն ընդհանուր պարսպի մեջ են, երկուսի տարածքները նույն մուտքով են։ Գագիկ Ծառուկյանը երկու հողակտորի համար տարեկան վճարում է 405 և 950 հազար դրամ վարձավճար։ Վարձակալության պայմանագրերից մեկի ժամկետը լրացել է 2018 թ.-ին, մյուսինը լրանում է 2029 թ.-ին։ Ծառուկյանի առանձնատունն ու հարակից շինությունները, ըստ ազգային պարկի, ենթակա են քանդման։

Գագիկ Բեգլարյան

Սևանի ափամերձ տարածքում հողակտոր է վարձակալել և պարսպապատել Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի օգնական Համիկ Մկոյանը։ Հողակտորը գտնվում է Գագիկ Ծառուկյանի առանձնատան հարևանությամբ։

Գագիկ Բեգլարյանին պատկանող որոշ գույքեր գրանցված են հենց Համիկ Մկոյանի անունով։ Նա «Սևան ազգային պարկ»-ից 2004 թվականին վարձակալել է 1.35 հա տարածք, որի տարեկան վարձավճարը կազմում է 540 հազար դրամ։ Հողակտորի վրա առկա է քանդման ենթակա շինություն։

Խոսրով Ավետիսյան

Համիկ Մկոյանի վարձակալած տարածքի հարևանությամբ է գտնվում Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնազորի ղեկավար Աշոտ Ավետիսյանի եղբոր՝ Խոսրով Ավետիսյանի տիրապետման տակ գտնվող հողամասը։ «Սևան ազգային պարկի» վարձակալների ցանկում չկա Ավետիսյանի անունը, մինչդեռ քանդման ենթակա շինություների ցանկում առկա է։ Այսինքն՝ նրա հետ վարձակալության պայմանագիր չի կնքվել, և առանց օրինական հիմքերի է նա տիրապետում ափին, որի վրա շինություններ է կառուցել, տարածքն էլ պարսպապատել։

Արայիկ Հայրապետյան

Երբեմնի ՕԵԿ-ական, գործարար Արայիկ Հայրապետյանը Խոսրով Ավետիսյանի հողակտորի անմիջապես կողքին՝ 2000 քմ մակերես զբաղեցնող տարածքում շինություններ է կառուցել։ Արայիկ Հայրապետյանը Սևանի ափին հայտնի «Լավանդա սիթի» քոթեջային ավանի հիմնադիրն է, որին ավելի ուշ կանդրադառնանք։ 2000 քմ հողակտորի վրա նրա կողմից կառուցված շինությունները ներառված են քանդման ենթակա գույքերի ցանկում։ Նրա տարածքը նույնպես պարսպապատ է, իսկ շինությունների մի մասն անցել է ջրի տակ։

«Հուսիկ Սեդրակյան և ընկերներ» ՍՊԸ

«Հուսիկ Սեդրակյան և ընկերներ» ՍՊԸ-ն, առանց վարձակալության պայմանագրի, 3000 քմ տարածքի վրա շինություներ է կառուցել, որոնց մեծ մասը ջրի տակ է անցել։ ՍՊ ընկերության 50 % բաժնետոմսերը պատկանում են Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանին։ Ընկերությանը պատկանող շինությունները քանդման ենթակա են։

«ՕԼԴ Իսլանդ» ՍՊԸ

Վարսերի համայնքապետի ՍՊԸ-ի շինության հարևանությամբ է գտնվում «Օլդ Իսլանդ» ՍՊԸ-ի վարձակալած 764 քմ հողակտորը, որի վրայի շինությունները քանդման ենթակա են։ «Օլդ Իսլանդ» ՍՊԸ-ի 100 % բաժնետոմսերը պատկանում են Երևան-Դիլիջան մայրուղու վրա գտնվող «Ծովագյուղ» սուպերմարկետի սեփականատիրոջը՝ Հրանտ Գուլանյանին։

«Ցամաքաբերդ» ՍՊԸ

Երևան-Սևան մայրուղուն զուգահեռ է գտնվում «Ցամաքաբերդ» ՍՊԸ-ի վարձակալած 0.52 հա հողակտորը։ 2007 թ.-ին 25 տարով կնքված վարձակալության պայմանագրով հողի տարեկան վարձավճարը կազում է 359 հազար դրամ։

«Ցամաքաբերդ» ՍՊ ընկերությունը պատկանում է Սևանի ավագանու անդամ Նելսոն Սարգսյանին, իր կենսագրության համաձայն՝ նախկինում «Սևան ազգային պարկ»-ի փոխտնօրենն է եղել։ ՍՊԸ-ն շահագործում է «Ջրահարս ռեզորթ» հանգստի գոտին, որի շինություններն ընդգրկված են քանդման ենթակա գույքերի ցանկում։

«Ալմարի-1» ՍՊԸ

«Ջրահարս ռեզորթ» հանգստի գոտու անմիջապես կողքն է գտնվում «Ալմարի-1» ՍՊԸ–ի վարձակալած տարածքը, որի վարձակալության պայմանագիրը կնքվել է 2007 թ.-ին։ 25 տարով կնքված վարձակալության պայմանագրի համաձայն՝ տարեկան վարձավճարը 0.47 հա հողակտորի համար սահմանվել է 323 հազար դրամ։ Այս ընկերության բաժնետեր Աշոտ Մարգարյանը Սևանի ավագանու անդամ Նելսոն Սարգսյանի գործընկերն է։ Մարգարյանը բաժնետոմս ունի ավագանու՝ վերը նշված «Ցամաքաբերդ» ՍՊԸ-ում։

«Գեգա Սթար» ՍՊԸ

«Գեգա Սթար» ՍՊԸ ընկերության 60 տոկոսի բաժնետեր և տնօրեն Աշխեն Մաթևոսյանը տնօրեն է աշխատում նաև «Իքս գրուպ»-ի սեփականատեր, գործարար Խաչիկ Խաչատրյանիմ պատկանող «Վալենսիա ՀՁ» ՍՊԸ-ում։ Ընկերությունը Երևանի «Ջրաշխարհ» համալիրի և դրա հարևանությամբ գտնվող «Վալենսիա» համալիրի շահագործողն է։ «Գեգա Սթար» ՍՊԸ-ն վարձակալության երկու պայմանագիր ունի «Սևան ազգային պարկ»-ի հետ, ըստ որոնց՝ 6.4 հա և 6 հա հողակտորների տարեկան վարձավճարը սահմանվել է համապատասխանաբար՝ 896 հազար և 840 հազար դրամ։ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղին մոտ ափամերձ տարածքներում ՍՊԸ-ին պատկանող քանդման ենթակա շինություններ կան։

Ռոբերտ Բեջանյան

«Գեգա Սթար» ՍՊԸ-ի հարևանությամբ է գտնվում Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռոբերտ Բեջանյանի վարձակալած հողակտորը։ Նա 2010 թ.-ին 25 տարի ժամկետով «Սևան ազգային պարկի»-ից տարեկան 74 հազար դրամ վարձավճարով վարձակալել է 0.39 հա հողակտորը։ Փաստաբանի վարձակալած տարածքում ևս քանդման ենթակա շինություններ կան։ 

Թերակղզի

Սամվել Ճզմաչյան

Սևանի թերակզու վարձակալների գերակշիռ մասը Գեղարքունիքի մարզից են, հատկապես՝ Սևան քաղաքից։ Թերակզու վարձակալների մեջ ևս կան հանրությանը հայտնի անձինք։ «Անելիք» բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը 2014 թ.-ին «Սևան ազգային պարկ»-ից 25 տարով վարձակալել է Սևանի թերակղզու 2.8 հա հողակտորը։ Հողակտորը սկիզբ է առնում լճի ափից, որտեղ էլ քանդման ենթակա շինություններ կան։

«Նառա» ՍՊԸ

«Նառա» ՍՊԸ-ն 2007 թ.-ին «Սևան ազգային պարկ»-ից վարձակալել է 0.52 հա հողակտոր թերակզու տարածքում։ 25 տարով կնքված վարձակալության պայմանագրի համաձայն՝ տարեկան վարձավճարը կազմել է 322 հազար դրամ։ «Նառա» ՍՊԸ-ն պատկանում է 2010-11 թվականներին Գեղարքունիքի փոխմարզպեի պաշտոնը զբաղեցրած ՕԵԿ-ական Գագիկ Ստեփանյանին։ Ընկերության կառուցած շինությունները քանդման ենթակա են։

«Կոկակաբանա» ՍՊԸ

Սևանի թեարկզում մինչև 2060 թվականը 2.1 հա հողակտոր է վարձակալել «Կոկակաբանա» ՍՊԸ-ն։ Տարեկան վարձավճարը սահմանվել է 1 միլիոն 722 հազար դրամ։ Վարձակալած տարածքում քանդման ենթակա շինություններ կան։ ՍՊԸ-ի 100 % բաժնետոմսերը պատկանում են Հայկ Խալաֆյանին։ 2012 թ.-ին նրան է պատկանել նաև «Սոխոսենթր» ՍՊԸ-ի 100 % բաժնետոմսերը։ Այդ ընկերությանը՝ Երևանում օտարված հողի գործարքի մասին «Հետք»-ի 2016 թ.-ի հրապարակման հիման վրա 2020թ. հուլիսին քրեական գործ էր հարուցվել։

«Լավանդա սիթի»

Ամբողջությամբ քանդման ենթակա գույքերի ցանկում է ներառվել Սևանում կառուցված «Լավանդա սիթի» քոթեջային ավանը։ Սևանի մակարդակի բարձրանալու պատճառով տարիների ընթացքում քոթեջների մի մասն՝ ամբողջությամբ, իսկ մի մասն էլ մասնակի անցել է ջրի տակ։ Ավանը կառուցել է գործարար Արայիկ Հայրապետյանը և վաճառել տարբեր բնագավառներում հայտնի հայազգի անձանց։

«Հետք»-ի հետ զրույցում Արայիկ Հայրապետյանն ասաց, որ ինչպես ինքը, այնպես էլ քոթեջների սեփականատերերը ստացել են «Սևան ազգային պարկի» ծանուցումները։

«Որքանով ես եմ հասկանում՝ ծանուցումը վերագրվել է Սևանի ամբողջ ապօրինի շինություններին, բայց ծանուցել են սեփականության վկայական, սեփականության իրավունք ունեցող բոլոր անձանց։ Այսինքն՝ խառնել են։ Ապօրինիները միանշանակ պետք է ստանան ծանուցում, մաքրեն, քանդեն և այլն։ Բայց սեփականության իրավունք ունեցողին իրավունք չունեն ծանուցեն, կարող են բանակցել, քննարկել, փոխհատուցում տալ, այլընտրանքային լուծում գտնել»,- ասաց գարծարարը։

Նա հավաստիացնում է, որ ինքը կառուցապատում է իրականացրել օրինական ձևով և չի էլ  պատկերացրել, որ լճի մակարդակը մի օր բարձրանալու է. և նման խնդիրներ առաջանան։ «Լավանդա սիթի»-ի 300-ից ավելի քոթեջներից ընդամենը 10 տոկոսն է ջրի տակ անցել, մնացածը կանգուն են և շահագործվում եմ դրանց սեփականատերերի կողմից։

«Լավանդա սիթի»-ից փոքր-ինչ հեռու գտնվող՝ Արայիկ Հայրապետյանին պատկանող առանձնատան տարածքի մի մասն էլ է անցել ջրի տակ։ Ջրի տակ անցած շինությունների խնդիրը լուծելու համար գործարարն առաջարկում է Սևանի մակարդակը իջեցնել, հնարավորություն տալ գետնի վրա աշխատող տեխնիկային մանրակրկիտ քանդել շինությունները, որից հետո լճի մակարդակը բարձրացնել։ Ըստ նրա՝ հակառակ դեպքում շատ թանկ կլինի և մեծ դժվարություններ կառաջացնի ջրի մեջ եղած կոնստրուկցիաները հիմնովին հանելը, միևնույն է, որոշ առարկաներ կմնան ջրում և իրենց բացասական ազդեցությունը կթողնեն լճի էկոհամակարգի վրա։ Գործարարը գիտի, որ ափամերձ տարածքների շինությունները քանդելուց բացի՝ Լճաշենից Սևանի թերակղզի ձգվող ափամերձ տարածքում ճեմուղի պետք է կառուցվի, որի մի մասը, հնարավոր է, անցի «Լավանդա սիթի»-ի տարածքով։ Արայիկ Հայրապետյանը կարծում է, որ քոթեջների սեփականատերերը, համարժեք փոխհատուցման դեպքում, դժվար թե չհամաձայնեն իրենց շինությունները ապամոնտաժել և այլ տեղում վերակառուցել:

Ճեմուղի.jpg (2.46 MB)

Լճաշեն գյուղից մինչև Սևանի թերակղզի ճեմուղի է կառուցվելու

Հաշվի առնելով, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղից Սևանի թերակղզի ընկած հատվածում սեփականության իրավունքով շինություններ կան՝ մի շարք հարցեր գրավոր ուղղեցինք Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին։ Նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Աշոտ Ավալյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչ գործընթացներ են նախորդել և հաջորդելու ճեմուղու նախագիծն իրականացնելու համար։

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով նախատեսված է Սևանա լճի մակարդակի բարձրացում 6 մետրով, ինչի արդյունքում ջրածածկ կլինեն մինչև 1903.5 բացարձակ նիշն ընկած հատվածում գտնվող շենք-շինությունները։ 2020 թ.-ի հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ճեմուղուն առնչվող հարցերով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծվել։ Աշխատանքային խումբը պետք է ճեմուղու համար նախատեսված հատվածներից մինչև լիճն ընկած տարածքներում առկա իրավունքի գրանցում ստացած հողերը և շինությունները գնահատի, հետագա հնարավոր փոխհատուցման հարցերը որոշի։ Բացի այդ, աշխատանքային խումբը պետք է նույն տարածքում ապօրինի շինություններն օգտագործողների հետ քննարկի դրանք ապամոնտաժելու հարցը։

Հունիսի 17-ին էլ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել ճեմուղու գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության վերաբերյալ։ Կադաստրի, քաղաքաշինության կոմիտեների և «Սևան ազգային պարկ»-ի ներկայացուցիչները պետք է ճեմուղու հատվածի՝ լճից մինչև մայրուղի ընկած տարածքում առկա ապօրինի շինությունները գույքագրեն և ամբողջական տեղեկությունը ներկայացնեն վարչապետի աշխատակազմ, իսկ 1905.0 մետր նիշից բարձր՝ մինչև մայրուղի ընկած տարածքներում առկա ապօրինի շինությունները տնօրինողներին և օգտագործողներին պետք է ծանուցեն շինություններն ապամոնտաժելու վերաբերյալ։

Առանձին պետք է գույքագրվեն 1905.0 նիշից ներքև գտնվող այն շինությունները, որոնց նկատմամբ առկա են գրանցված իրավունքներ, սակայն գրանցման պահին գործող օրենսդրության պայմաններում դրանց կառուցումը չէր կարող թույլատրվել, կամ դրանց նկատմամբ համապատասխան իրավունքներ չէին կարող գրանցվել։ Այդ տեղեկատվությունը կներկայացվի Գլխավոր դատախազություն։

Նախատեսված է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով էլ մեկ այլ աշխատանքային խումբ ստեղծել։ Այդ խումբը պետք է ճեմուղուց  լիճն ընկած հատվածում օրինական շինությունների իրավատերերի հնարավոր փոխհատուցման չափը որոշի։

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ Կիրակոսյան (ինժեներ, թոշակառու)
Քանդելը հասկացանք - նախկինում կատարված անօրինությունները ցանկանում են շտկել: Աստված թող հաջողություն տա, Սեւանն ազատվի այդ ծանր բեռից: Բայց մեծապես կարելի է վախենալ նաեւ, որ այդ գործը եւս կսկսվի ու կլռվի անորոշ ժամանակով, շատ այլ ,,մեծագործությունների,, նման: Ներող կլինեք, բայց աչքը տեսածից է վախենում, իսկ տեսածներն էլ արդեն էնքան շատ են, որ ստիպված մտածում ես թե սրանց նպատակը ո՜րն է - խնդիրները լուծելը, թե նոր խնդիրներ առաջացնելը: Իսկ որպիսզի գործը հաջողությամբ գնա, կփորձեմ մի խորհուրդ տալ: Հարկավոր չէ տերերին ստիպել իրենց ձեռքով իրենց սարքածը քանդել - դաժան բան է, եւ թե գործնական չէ: Մեկը փախած է, մյուսը հիվանդ է, մյուսն էլ արդեն սննկացած ու խեղճացած է, էն մյուսն էլ հիմա ....դեպուտատ է! Հարկավոր է այդ քանդման աշխատանքները գնահատել ու պարտագրել՝ թե տերերի եւ թե նրանց թույլատրող (կամ չարգելող!) նախկին պաշտոնաոռների վրա: Առաջացած շինանյութերն էլ պետք է ցածրագույն գներով վաճառել գյուղական վայրերի բնակիչներին (БУ), պայմանով որ իրենք էլ քանդեն ու տանեն այն, ինչ ուզում են: Տարածքն էլ կմաքրվի գոյացած գումարի մի մասով, մնացածն էլ կարելի է ուղղել լճի մաքրմանը: Հիմա գանք ,,Ճեմուղու,, կառուցմանը: Ի՜նչ է դա լինելու, ո՜վ է սարքելու: Այսինքն նոր բիզնես պրոյեկտ է ներդրվելու՜: Եւ ի՜նչ է ստացվում մեծ հաշվով - ,,սխալ մարդկանց,, տշում են, իսկ ,,ճիշտ տղեղքին,, գործի ասպարեզ տալիս! իսկ Սեւանի էկոլոգիան դրանից ի՜նչ է շահելու: Կամ` կշահի, թե ավելի շատ կկորցնի: Պետք է հասկանալ, որ այս հարցը ինչ-որ կաբինետում, մեկ - երկու անտեղյակ պաշտոնյայի որոշելու բան չէ: Առայժմ ճիշտ կլինի զբաղվել միայն լճի մաքրման - թեթեւացման գործով, չբացառելով նաեւ լճի մակարդակի հետագա բարձրացման պահանջը, որը նախատեսված էր ավելի առաջ: Իսկ դա կպարզվի միայն տարիներ հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter