HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի  ենթաօրենսդրական ակտերի նախագծերը  

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ենթաօրենսդրական ակտերի նախագծերի ներկայացմանն ու քննարկմանը նվիրված եռօրյա աշխատաժողովի բացմանը։ Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունը։

Քննարկմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, Մասնագիտական ուսուցման և կրթության վարչության պետ Գայանե Արզումանյանը, ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող մարմինների, միջազգային գործընկեր կառույցների և ՄԿՈւ հաստատությունների ներկայացուցիչներ: 

Աշխատաժողովը կազմակերպել է ԿԳՄՍ նախարարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի մի շարք նախագծերը և դրանց փոփոխությունների հայեցակարգերը, որոնք բխում են 2024 թվականին ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքից՝ ապահովելու դրա արդյունավետ և սահուն կիրարկումը գործնականում։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման ձևաչափի համար: 

«Միջին մասնագիտական կրթության ոլորտում տարբեր ուղղություններով՝ սկսած մասնագիտական կարողությունների զարգացումից մինչև օրենսդրական դաշտի կարգավորում, բարեփոխումների ակտիվ աշխատանքներ են իրականացվում: Նոր օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ ակտիվ փոփոխությունների փուլում ենք, որտեղ պետք է հաշվի առնվեն ոլորտի առանձնահատկությունները: Դրանք հիմնականում բխում են ուսումնական հաստատությունների տեղավայրերից, մասնագիտական ուղղություններից, աշխատաշուկայի պահանջարկից և այլն: Բոլոր փոփոխությունները պետք է արվեն հնարավորինս զգուշորեն, որպեսզի որևէ սովորող չտուժի»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով՝ նախկինում գործող արդյունավետ ձևաչափերը պետք է պահել՝ միաժամանակ ճկուն լինելով ժամանակակից կրթական համակարգի փոփոխությունների նկատմամբ:

Իր խոսքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է համակարգային խնդիրներին՝ կադրային քաղաքականությանը, տնօրենների ընտրությանը, դասավանդողների մասնագիտական զարգացմանը, կրթական ծրագրերի բովանդակությանը, մասնավորի հետ կենսական կապերի ապահովմանը և այլն:

Նա հաջողություն է մաղթել աշխատաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ քննարկումների արդյունքում վեր հանված առաջարկները նպաստավոր կլինեն մշակվող իրավական ակտերի արդյունավետության առումով և վերջնարդյունքում կխթանեն ոլորտի զարգացումը:

Մշակման ենթակա իրավական ակտերի նախագծերը ներառում են ՄՈՒՀ-ի տնօրենի մրցութային ընտրության, մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար մրցույթի, ՄՈՒՀ ընդունելության, մի ՄՈՒՀ-ից այլ ՄՈՒՀ ուսանողի տեղափոխման կարգերը, մանկավարժական և վարչական պաշտոններին ներկայացվող հիմնական չափանիշները և այլն: 

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի կառավարության կողմից։ Ծրագրի իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ռազմավարական զարգացման գործակալությունը (ՌԶԳ), Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter