Աննա Պօղիկեանին արցախցի գորգագործների հետ կապող թելերը
Կա մի արտահայտություն, որը հանդիպում է տարբեր լեզուներում. այն կապված է հյուսելու մշակույթի հետ՝ հարաբերություններ հյուսել, isser des relations (ֆրանս.), to build relationships (անգլ.)։ Այս արտահայտությունը ծագում է թելի և գործվածքի աշխատանքի գաղափարից։
«Հավաքականությունը ստեղծվում է մեկական թելերի՝ մարդկանց, ամուր հյուսվածքի, ամուր հարաբերության միջոցով: Այսօր բոլորով նշում ենք եզակի արվեստագետ, եգիպտա-կանադահայ Աննա Պօղիկեանի «Հիւսելու մշակոյթ» ցուցադրության բացումը: Այսօր ամփոփվում կամ նոր սկիզբ է առնում մեկ տարի տևած նախագիծը»,- այսպես սկսեց իր խոսքը ցուցահանդեսի համադրող, AHA collective-ի հիմնադիր Նայիրի Խաչատուրեանը։
Մայիսի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Աննա Պօղիկեանի «Հիւսելու մշակոյթ» խորագրով առաջին անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը հաջորդում է AHA collective-ի նախաձեռնած «Հիւսելու մշակոյթ» ստեղծագործական կացարանի ծրագրին, որի շրջանակում Աննա Պօղիկեանը 2025 թվականի հուլիսին մեկամսյա ստեղծագործական բնակություն է ունեցել Հայաստանում։
Իր կեցության ընթացքում Աննա Պօղիկեանն այցելել է գորգագործական արհեստանոցներ, հանդիպել Արցախից տեղահանված գորգագործ կանանց և ճանապարհորդել Հայաստանի հարավային սահմանային Մեղրի քաղաք` ստեղծելով թղթի վրա հարուստ աշխատանքներ։ Հաջորդող ինը ամսվա ընթացքում տեղի է ունեցել թղթից գորգ վերածելու գործընթացը:
Արցախահայ վեց գորգագործ ներկարարների հետ միասին սփյուռքահայ արվեստագետի տեսլականը թարգմանեցին հարուստ հյուսածո լեզվի՝ օգտագործելով տեղական բուրդ և ավելի քան երկու հարյուր գույն: Աննա Պօղիկեանի «Հիւսելու մշակոյթ» ցուցահանդեսը ներկայանում է որպես ժամանակակից էպոս, որտեղ գորգը վերածվում է պատմող ձայնի՝ խոսելով թե՛ Հայաստանի հովվերգական ու դիցաբանական անցյալի, թե՛ նրա ներկա աշխարհաքաղաքական իրականության մասին։
Աննա Պօղիկեանը, ով ցուցահանդեսի բացմանը հետևում էր առցանց, միջազգային ճանաչում ունեցող եգիպտա-կանադահայ ժամանակակից արվեստագետ է։ Ծնվել է 1946թ.-ին Եգիպտոսում։ Կահիրեի Ամերիկյան համալսարանում քաղաքական գիտություններ և տնտեսագիտություն ուսումնասիրելուց հետո Աննան իր գեղարվեստական կրթությունը շարունակել է Կանադայի Concordia համալսարանում՝ երաժշտության և տեսողական արվեստի ոլորտներում։ Նրա ստեղծագործությունը ուսումնասիրում է նյութական մշակույթները, առևտրի, միգրացիայի և քաղաքական բռնության պատմությունները՝ բազմաշերտ տեսողական պատումների միջոցով։ Աննա Պօղիկեանի գործերը ներառված են բազմաթիվ մասնավոր և պետական հավաքածուներում, այդ թվում՝ Tate, Centre Pompidou և Museum of Modern Art թանգարաններում։
Հայաստանում առաջին անգամ ցուցահանդեսով ներկայացող Աննա Պօղիկեանի «Հիւսելու մշակոյթ» ցուցադրության մեջ ներկայացված են բնօրինակ գծանկարներ, երեսունյոթ ձեռագործ գորգեր և գոբելեններ, լուսանկարչական ու վավերագրական տեսանյութեր, ինչպես նաև արվեստագետի կեցության, գորգագործների և գորգագործության ընթացքը ներկայացնող այլ նյութեր։ Ցուցադրությունը Հայաստանի ազգային պատկերասրահում բաց կլինի 2026 թվականի մայիսի15-ից մինչև օգոստոսի 15-ը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել