Պահեստազորի զինծառայողները ՊՆ-ից չեն կարողանում ստանալ արձակուրդային ու հանգստյան օրերի վճարները
Պահեստազորի փոխգնդապետ Նորայր Հարությունյանը զինված ուժերից զորացրվել է 2023թ․–ին։ Վերջնահաշվարկի հետ նրան վճարել են ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդային օրերի համար։ Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) նրան պետք է վճարի նաև ծառայության ընթացքում ոչ աշխատանքային (շաբաթ-կիրակի) և տոնական օրերին աշխատելու դիմաց։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 2023թ․ հուլիսի 17-ի հրամանով (թիվ 983-Լ) հաստատվել է տարիներ շարունակ զինծառայողներին տրամադրված ամենամյա արձակուրդների սխալ հաշվարկների դիմաց փոխհատուցում տրամադրելու և հանգստյան օրերի համար վճարելու կարգը։ Նորայր Հարությունյանը դիմել է ՊՆ՝ վճարման պահանջով, սակայն 2025թ․ մարտի գրությամբ ՊՆ-ն մերժել է դիմումը։
«Հաշվարկների իրականացման հերթականություն է սահմանվել՝ ըստ նախկին զինծառայողների պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու տարիների՝ հաշվի առնելով նաև դիմումների ներկայացման ժամանակը»,– պատասխանել է ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը։
Վերջինս Ն․ Հարությունյանի փաստաբանին տեղեկացրել է, որ «նրա մասով վարչարարությունն ավարտված է, և հիմք ընդունելով նախարարի հրամանի պահանջներով սահմանված հերթականությունը, ինչպես նաև հաշվի առնելով բյուջետային հատկացումների պայմանները՝ կկատարվեն հաշվարկներ ․․․ արդյունքների մասին գրավոր կտեղեկացվի»։
Պահեստազորում գտնվող սպաներին արդեն ծանոթ է նախարարության այս ստանդարտ պատասխանը, բայց այն նրանց պետք է դատարան դիմելու համար։
2025թ․ դեկտեմբերին Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Նորայր Հարությունյանի հայցադիմումը։ Փոխգնդապետը դատարանին խնդրել է ՊՆ-ին պարտավորեցնել փոխհատուցել իրեն՝ ոչ աշխատանքային և տոնական օրերի ծառայության դիմաց։
Ն․ Հարությունյանը ՀՀ զինված ուժերում ծառայել է 1995-ից մինչև 2023թ․-ը։ Նրա ասելով՝ դատական գործընթացը նույնպես բարդություններով է ընթանում՝ փաստաթղթերի պակաս կա։ Մեկ դատական նիստ արդեն կայացել է, դատավորը ՊՆ–ից պահանջել է իր հանգստյան օրերի հաշվարկը ներկայացնել։ Արձակուրդի և հանգստյան օրերի հաշվարկը կատարելու համար նա նույնպես փաստաթղթեր է որոնում Պաշտպանության բանակի արխիվում։
Ն․ Հարությունյանի ասելով՝ Պաշտպանության բանակը փաստաթղթավորումը գրագետ չի կատարել։ «Արխիվից քաղվածք են տրամադրել, ըստ որի՝ նույն ժամանակահատվածում ես և՛ արձակուրդում եմ գտնվել, և՛ դիրքերում»,- պատմում է նա։
Նորայր Հարությունյանը մոտ չորս տարի ծառայել է Քարվաճառում՝ բարձր լեռնային գոտում, որտեղ ծառայության մեկ օրը օրուկես էր հաշվարկվում։ Ըստ նրա՝ դիրքեր բարձրանալը նույն կարգով պետք է հաշվարկվի։ Փոխգնդապետն ասում է, որ Քարվաճառում ծառայելու մոտ չորս տարուց երեքը դիրքերում է եղել, սակայն ՊՆ կենտրոնական արխիվի տրամադրած տվյալներով գումարը շատ փոքր է:
«Գնացել եմ արխիվ, ասում եմ այստեղ միայն մարտական հերթապահությունն եք գրել, բայց ես որպես ծառայության պետ հրաման եմ նախապատրաստել, այդ հրամանով ինժեներական աշխատանքներ եմ կատարել դիրքերում։ Զորամասի հրամանատարը, շտաբի պետը ստորագրել են այդ հրամանը։ Ասում են՝ միայն մարտական հերթապահությունը կա։ Ասում եմ՝ շատ լավ, մարտական հերթապահությունում ավելի շատ եմ եղել, ու՞ր են իմ աշխատանքային օրերը»,- պատմում է սպան։
Միասին նայել են արխիվացված թղթապանակները ու պարզել, որ հրամանի մեջ գրված է՝ բարձրացել են հերթապահության, գտնվել են այսինչ դիրքում, բայց իջնելու օրը գրված չէ։ «Ասում եմ՝ հրամանի վերնագրում գրված է, որ այս կազմով 14 օրով բարձրանում են դիրքեր։ Ասում են՝ մենք չենք կարող հիմա հաշվարկել, որովհետև իմ անվան դիմաց գրված չէ, որ այսինչ օրն իջել եմ դիրքերից։ Եթե գրված չէ, ուրեմն մնացել եմ դիրքերո՞ւմ»,– հարցնում է փոխգնդապետը։
Նշում է, որ մարտական հերթապահությունն ամբողջ բանակում իրականացվում է 15 օրը մեկ անգամ։ Դա հիմք է, որ առավելագույն ժամկետը 15 օր հաշվեն, բայց մերժում են։
Նախարարի ընդունած կարգի համաձայն՝ ՊՆ-ն հաշվարկները պետք է կատարի զինծառայողների դիմումը ստանալուց 30 օրվա ընթացքում և հերթականությամբ վճարեն։ Յուրաքանչյուր զինծառայողի հետ պետք է կազմել չօգտագործված արձակուրդի օրերի տրամադրման ժամանակացույց (առավելագույնը 3 տարի ժամկետով և հաշվի առնելով զինվորական ծառայության անցնելու գործող պայմանագրերի ժամկետները) և դրա հիման վրա իրականացել արձակուրդների տրամադրում։
Զինծառայողների չօգտագործած արձակուրդների օրերի հաշվարկում պետք է ներառվեն նաև զինծառայողներին հանգստյան և տոնական օրերին ծառայության ներգրավելու ժամանակահատվածները՝ ժամային հաշվարկով, հանգստյան և տոնական օրերին ծառայության ներգրավվման հավաքական յուրաքանչյուր 8 ժամը հաշվարկելով որպես չօգտագործված արձակուրդի մեկ օրացուցային օր։
Ենթադրվում էր, որ նախարարի հրամանով վճարման կարգը հաստատվելուց հետո հարցը կկարգավորվի առանց դատարանի։ Պահեստազորում գտնվող զինծառայողների հանգստյան և տոնական օրերին ծառայության վճարները գանձելու հայցերի գերակշիռ մասը դատարան է ներկայացնում «Լևոն Օհանյան» փաստաբանական գրասենյակը։ «Արձակուրդայինների հետ կապված պաշտպանության նախարարի հրաման կա, որպեսզի տրամադրվեն գումարները, բայց իրենք իրենց հրամանը չեն կատարում։ Պատճառն այն է, որ արխիվ չունեն»,- հաստատում է փաստաբան Լևոն Օհանյանը։
«Պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը» վճարման կարգի ընդունումն իր հետևողական աշխատանքի արդյունք է համարում։ Նախաձեռնության անդամները տարիներ շարունակ տարբեր լսարաններում և տարբեր ձևաչափերով բարձրաձայնում էին այդ հարցը։ Սակայն, գործնականում այն սպասված արդյունքը չունեցավ։
2023թ. դեկտեմբերի հայտարարությունով նախաձեռնությունն իր վրդովմունքն է հայտնել, որ զինծառայողների դիմումները ՊՆ-ում 4-5 ամիս մնում են արհամարված։ «Ընդ որում, Պաշտպանության նախարարությունը շարունակում է ծախսել հարկատուների գումարները, ըստ էության, անիմաստ բողոքարկելով դատական ատյաններում զինծառայողների հայցապահանջները»,- ասվում է հայտարարություն մեջ:
Դատարանները հստակեցրել են չօգտագործված արձակուրդի և հանգստյան ու տոնական օրերին ծառայության դիմաց փոխհատուցելու կարգը
Մինչև վճարման կարգի հաստատումը զինծառայողներից շատերը զինվորական թոշակի անցնելուց հետո դիմում էին դատարան և ՊՆ-ից պահանջում վճարել ծառայության տարիներին չօգտագործված արձակուրդի օրերի և հանգստյան ու տոնական օրերին ծառայության ներգրավման ժամանակահատվածի համար։ Դատական քննության արդյունքում որոշակի պրակտիկա է ձևավորվել հաշվարկներ կատարելու վերաբերյալ, որոշ հարցեր պարզաբանվել են բարձրագույն դատական ատյանների որոշումներով և միատեսակ կիրառություն ապահովել։
Վարչական դատարանի համար չպարզաբանված հարցեր են եղել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Դատարանը 2018թ․–ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի Սահմանադրությանը համապատասխանության հարցը պարզելու համար։
Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1424 որոշումով հաստատել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը զինծառայողների համար երաշխավորում է չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման։
2024թ․-ի ապրիլի 1-ին Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել, որով հստակություն է մտցվել զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդի օրերի և ծառայողական անհրաժեշտությունից ելնելով ոչ ծառայողական օրերին ծառայություն իրականացնելու օրերի համար փոխհատուցելու հարցում։
Պաշտպանության նախարարությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել պահեստազորային Գրիգոր Սերոբյանի գործով։ Վերջինս պահանջել էր պարտավորեցնել նախարարությանը՝ վճարել իր աշխատած շաբաթ օրերի և ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդների գումարները։
ՊՆ-ն բողոքում գրել է, որ օրենսդրությամբ նախատեսված չէ զինծառայողի վարձատրություն արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար կամ դրանց դիմաց դրամական փոխհատուցման տրամադրում, որպիսին դրված է հայցապահանջի հիմքում: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում հայցվորի շաբաթ օրերին ծառայելու և այդ օրերը հիմնական արձակուրդին չավելացնելու պարագայում այն կարող է դիտվել միայն որպես չօգտագործված արձակուրդի համապատասխան օրեր։
Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ եթե հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորված չեն տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող հատուկ օրենքներով, ապա այդ հարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվի Աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը (տե՛ս Մանվել Գաբրիելյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն):
Չնայած դատարանի տված պարզաբանումներին, որոնք կարող էին ուղեցույց լինել ՊՆ-ի համար և զինծառայողների փոխհառուցման պահանջները բավարարվեին դիմումների հիման վրա, դատարան դիմողների թիվը կտրուկ աճել է և շարունակում է ավելանալ։ Ոմանք պետական տուրքից, փաստաբանական ծառայության վճարից բացի, վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար պահանջում են նաև 0,15 %–ի չափով տուժանք վճարել։
Միայն այս բնույթի, ինչպես նաև պահեստազորում գտնվող սպաներին պետության հաշվին բնակարան տրամադրելու կամ բնակարանի համար փոխհատուցելու հայցերը մի քանի հազարի են հասնում Վարչական դատարանում։ Դատական դեպարտամենտը հրաժարվել է տեղեկություն տրամադրել մեզ, թե Պաշտպանության նախարարի 17․07․2023թ․ N 983–Լ հրամանի հիմքով չօգտագործված արձակուրդի օրերի համար, շաբաթ-կիրակի և տոնական օրերին աշխատանք կատարելու դիմաց վճարման ենթակա գումարներն ստանալու համար Պաշտպանության նախարարությանը հաշվարկ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին քանի՞ հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան 2023, 2024, 2025 և 2026 թվականներին։
«Գրությամբ ակնկալվող տեղեկատվության վերաբերյալ Դատական դեպարտամենտի կողմից առանձին դատական վիճակագրություն կամ որևէ այլ հաշվառում չի արվում»,- հայտնում է դեպարտամենտը։ Այս պատասխանը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, քանի որ Բարձրագույն դատական խորհուրդը նաև ՊՆ-ի դեմ ներկայացված մեծ քանակի հայցերից Վարչական դատարանին ազատելու ելքեր էր որոնում։
2024թ․ մայիսին Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար Ազգային ժողովը փոփոխություն կատարեց օրենքում, և աշխատանքային վեճերի քննությունը փոխանցվեց քաղաքացիական դատարանին։ Այժմ քաղաքացիական դատարանն է ծանրաբեռնված ՊՆ-ի դեմ ներկայացված աշխատանքային վեճերով։ Մեր հաշվարկներով՝ 2026թ․-ի հունվարից մինչև մայիսի 15–ը քաղաքացիական դատարանը 193 գործ է ընդունել վարույթ։ Չօգտագործված արձակուրդի օրերի համար, շաբաթ-կիրակի և տոնական օրերին աշխատանք կատարելու դիմաց վճարման ենթակա գումարները ստանալու համար հայցերի հոսքը շարունակվում է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել