Կառավարության ներկայացրած նախագծերը չեն մերժվում. խորհրդարանական կառավարման օրինաչափությու՞ն, թե՞ իշխանության կենտրոնացվածություն
8-րդ գումարման Ազգային ժողովը Կառավարության ներկայացրած օրենքի որևէ նախագիծ չի մերժել։ Ընդ որում՝ խորհրդարանի ընդունած օրենքների 88.5%-ի հեղինակը Կառավարությունն է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բնական է համարում ստեղծված պատկերը՝ նշելով, թե խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող բոլոր երկրներն այս ուղղությամբ են շարժվում:
Ըստ ԱԺ կայքում հրապարակված տվյալների՝ 2026 թվականի ապրիլի 7-ի դրությամբ՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը, ձևավորումից ի վեր (2021թ. օգոստոս), ընդունել է 2510 օրենք, հայտարարություն, նախագիծ, ընտրել անկախ մարմինների անդամներ։ Դրանցից 2356-ը օրենսդրական նախաձեռնություններ են։ Նախաձեռնություններից 15-ը հեղինակել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 250-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, իսկ 2078-ի հեղինակը Կառավարությունն է։ 6 նախագիծ էլ Կառավարությունը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն են միասին համահեղինակել։ Այսինքն՝ ԱԺ ընդունած օրենքների 88․5%-ի հեղինակը Կառավարությունն է։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 69 պատգամավորներից օրենսդրական նախաձեռնություն չի ներկայացրել 21 պատգամավոր: ԱԺ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն եկել Հայկ Կոնջորյանը, Ջուլիետա Ազարյանը, Վահագն Ալեքսանյանը, Էսթեր Այվազյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Լուսինե Աքմաքչյանը, Դավիթ Դանիելյանը, Գայանե Եղիազարյանը, Արման Եղոյանը, Շիրակ Թորոսյանը, Դավիթ Կարապետյանը, Մարիա Կարապետյանը, Կարեն Համբարձումյանը, Արմենուհի Ղազարյանը, Մարինա Ղազարյանը, Գուրգեն Մելքոնյանը, Արտյոմ Մեհրաբյանը, Տիգրան Պարսիլյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Կարեն Սարուխանյանը, Վանիկ Օհանյանը։
Ըստ Կառավարության տվյալների՝ Ազգային ժողովն ընդունել է գործադիրի ներկայացրած հետևյալ քանակի օրենքները. (հաշվարկը կատարվել է ըստ առանձին ընդունված օրենքների)։

Հատկանշական է, որ նշված ժամանակահատվածում ԱԺ հերթական նիստերի օրակարգ չեն ընդգրկվել միայն Կառավարության կողմից շրջանառությունից հանված /հետ կանչված/ օրենքների նախագծերը: Նշված ժամանակահատվածում Ազգային ժողովը Կառավարության ներկայացրած որևէ օրենքի նախագիծ չի մերժել։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մեզ չտրամադրեց մանրամասն տվյալներ՝ խմբակցության և պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ պատճառաբանելով, որ ամբողջ տեղեկատվությունը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում։ Սակայն, ԱԺ կայքում չկա տեղեկություն խմբակցությունների և պատգամավորների կողմից ներկայացված և մերժված նախագծերի մասին, հետևաբար չենք կարող ներկայացնել, թե ընդհանուր քանի նախագիծ են նրանք ներկայացրել, և դրանցից քանիսն են մերժվել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ ընդդիմադիր խմբակցությունների և պատգամավորների ներկայացրած նախաձեռնությունները հիմնականում մերժվում են։ 8-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորումից (2021թ. օգոստոս) մինչև 2026 թվականի փետրվարի 19-ի դրությամբ ընդդիմադիրների հեղինակած միայն 6 նախաձեռնություն էր ընդունել։ Ընդդիմությունը մեղադրում էր իշխող խմբակցությանը՝ դիտավորությամբ իրենց առաջարկներն ու նախաձեռնությունները մերժելու մեջ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ իրենց կողմից չկա դիտավորություն։
«Կա ընդդիմության կողմից կիսատ, վատ, թերի կատարված աշխատանք։ Իշխող մեծամասնությունը չի կարող ընդունել թերի կամ ոչնչի մասին նախագծեր։ Ընդդիմությունը տնային աշխատանքները լավ չի անում կամ չի անում առհասարակ։ Եվ շատ դեպքերում բերված նախագծերը կամ հայտարարության տեքստերը ոչ թե քաղաքացիների կյանքը լավարկելու կամ ՀՀ պետական շահը առաջ տանելու մասին են, այլ քաղաքական դիվիդենտներ հավաքելու կամ ջրի վրա մնալու փորձեր»,- ասում է նա։
Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ խորհրդարանական կառավարման բոլոր երկրներում օրենսդրական նախաձեռնությունների 60-90 տոկոսը ներկայացվում է Կառավարության կողմից։ «Սա որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես անգործություն օրենսդիր մարմնի կողմից կամ թույլ տալ ներկայացնել օրենսդիրը որպես միայն «քվեարկող մարմին»։ Բոլոր նախագծերը մշակվում են օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքային տարբեր ֆորմատներում, անկախ այն հանգամանքից, թե ում անունից են դրանք, ի վերջո, շրջանառվում»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչու ՔՊ խմբակցության 69 պատգամավորներից 21-ը չեն հեղինակել ընդունված որևէ օրենսդրական նախաձեռնության` Արթուր Հովհաննիսյանն ասում է, որ անկախ այն հանգամանքից, թե օրենսդրական նախաձեռնությունը ի վերջո ում անունից է շրջանառվում, բոլոր պատգամավորները, կախված ոլորտներից, հետաքրքրվածությունից, օրենսդիր մարմնում զբաղեցրած պաշտոններից, այս կամ այն կերպ մասնակից են դրանց մշակմանը։
«Այս վիճակագրությունը որևէ կերպ չի նշանակում, որ նշված պատգամավորները մասնակից չեն օրենքների մշակմանը։ Կարող է լինել իրավիճակ, երբ պատգամավորը հեղինակ կամ համահեղինակ չէ նախագծին, բայց ունի շատ մեծ ներդրում նախագծի մշակման և ընդունման գործընթացում աշխատանքային տարբեր ֆորմատներում»,- ասաց նա։
«Նախաձեռնությունները բացառապես Կառավարության կողմից առաջ քաշելու միտումը վկայում է իշխանության չափազանց կենտրոնացվածության մասին»․ քաղաքագետ
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Առնակ Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ իշխանության երեք ճյուղերը պետք է գտնվեն փոխադարձ զսպումների և հակակշիռների մեխանիզմում, և դա է հենց բերելու իրական համագործակցային մշակույթի ձևավորմանը և իշխանության յուրաքանչյուր ճյուղի լեգիտիմության պահպանմանը իր գործառնական լիազորությունների դաշտում։
Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ օրենսդրական նախաձեռնությունների մեծ մասն իրականացվում է Կառավարության կողմից, դա ոչ իրավական կամ ոչ լեգալ գործողություն չէ. «որովհետև սա թույլ է տալիս ըմբռնելու, որ, ամեն դեպքում, Կառավարության ձեռքում է գտնվում հենց պետական ռեսուրսների ողջ ռեալիզացումը և պետական քաղաքականության մշակման ապարատը, ողջ գործիքակազմը և նաև պատասխանատվության սկզբունքը՝ քաղաքականություն կերտելու և մշակելու առումով»,- նշում է նա։
Սակայն, քաղաքագետը նշում է, որ օրենսդրական նախաձեռնությունների ընդունումը և կյանքի կոչումը բացառապես Կառավարության կողմից առաջ քաշելու միտումը ևս չպիտի լինի դիկտատի տեսանկյունից, այսինքն՝ գերակայության և գերիշխանության տեսանկյունից, որովհետև դա վկայում է քաղաքական իշխանության չափազանց կենտրոնացվածության և խորհրդարանական վերահսկողության թուլացման մասին։
Առնակ Սարգսյանի խոսքով՝ իրական խորհրդարանական ժողովրդավարության հիմքը բացառապես խորհրդարանական հստակ վերահսկողությունն է և իշխանության ապակենտրոնացվածության հանգամանքը։
«Այստեղ պիտի լինի իրական համագործակցային մշակույթ, և չպետք է թույլ տալ իշխանությունների տարանջատման սկզբունքի խաթարում, որևէ իշխանության գերակայության արմատավորումը տվյալ օրենսդիր մարմնում։ Եվ, բնականաբար, խորհրդարանական ժողովրդավարություններում իշխող մեծամասնությունը հիմնականում աջակցում է ձևավորված կառավարությանը, բայց ժողովրդավարական համակարգերում նույնիսկ պետք է գործեն զսպումների մեխանիզմները. նախագծերի վերամշակում պիտի լինի, ընդդիմության առաջարկների ընդունում, շատ կարևոր է հանրային լսումների և փորձագիտական հանրույթների ներգրավում այդ գործընթացներում, որպեսզի օրենսդրական նախաձեռնության ընդունման գործընթացը լինի կառուցողական և լեգիտիմության հարթությունում։ Եթե այս մեխանիզմները չեն ապահովվում, դա հանգեցնելու է խորհրդարանի ինստիտուցիոնալ թուլացմանը։ Դա շատ լուրջ վտանգներ կարող է առաջացնել, ընդհուպ՝ օրենսդրական նախաձեռնությունների որակական անկման, բազմակարծության սահմանափակման»,- նշում է քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ խորհրդարանական ժողովրդավարություններում ընդդիմության դերը միայն օրենքներ առաջարկելու գործառույթը չէ, ընդդիմությունը շատ ավելի կարևոր վերահսկողական քաղաքականություն է իրականացնում Կառավարության նկատմամբ՝ օրենսդիր մարմնում հանրային տարբեր խնդիրների իրազեկման և նաև դրանց բարձրաձայնման առումով, իշխանության հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ապահովման առումով, այլընտրանքային քաղաքական օրակարգի մշակման և ձևավորման առումով նաև մեծ դերակատարություն ունի։
«Ժողովրդավարական կայունության տեսանկյունից շատ կարևոր է, որ իշխող մեծամասնությունը ևս կարողանա ընդունել ընդդիմության մի շարք առաջարկներ, որպեսզի իրական համագործակցային մշակույթի ձևաչափը և խորհրդարանի լեգիտիմության հանգամանքի պահպանումը իրավաչափ լինեն, և սա հենց կլինի իրական բալանսավորումը»,- նշում է Առնակ Սարգսյանը։
Հարցին՝ եթե իշխող մեծամասնությունը հիմնականում մերժում է ընդդիմության ներկայացրած նախաձեռնություններն ու առաջարկները, այս իրավիճակում կա՞ որևէ լուծում, վերահսկող մարմին, որ կարողանա կանխել ընդդիմության՝ լուսանցքում հայտնվելու իրավիճակը, քաղաքագետը պատասխանում է. «Չկա որևէ վերահսկողական մարմին, նորմատիվ իրավակարգ, որ այդ ճգնաժամային իրավիճակը չառաջանա։ Նման իրավիճակի տևական արմատավորման պարագայում առաջանում է խորհրդարանական ճգնաժամ»։
Խորհրդարանի ճիշտ աշխատանքի համար քաղաքագետը ուշադրություն է դարձնում մի քանի կարևոր գործոնի: Առաջինը՝ ԱԺ-ում գործող մշտական հանձնաժողովների անկախության բարձրացումն է, ընդդիմադիր ուժերի վերահսկողական գործիքների ամրապնդումը, որպեսզի որևէ խոչընդոտի չհանդիպեն այն իրականացնելիս:
«Շատ կարևոր պիտի լինի նաև Կառավարության կողմից հաշվետվողական մեխանիզմի ապահովումը օրենսդիր մարմնում, նաև խորհրդարանում տարբեր նախագծերի ներկայացման և փուլային գործողությունների ժամանակ հենց խմբակցությունների ներսում ազատ քվեարկության մոտեցումը անխոչընդոտ արտահայտելու արմատավորումը»,- ասում է Ա.Սարգսյանը։
Ի՞նչ է փոխվել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներում
«Պատգամավորներին ինչի՞ ենք օրենսդրական նախաձեռնությունների իրավունք տվել, ո՞նց կարելի է մեկ հոգու տալ օրենսդրական նախաձեռնության իրավունք: Թող գնա բանակցի «Հանրապետականի» հետ, տենա «Հանրապետականը» թույլ տալի՞ս է, որ այդ պատգամավորը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, թե՞ չէ, նոր հետո հանդես գա»,- հեգնանքով հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից 2017թ. հոկտեմբերի 3-ին, երբ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր էր:
Նա դժգոհում էր, որ այդ ժամանակ իշխող «Հանրապետական» խմբակցությունն ընդդիմությանը օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու, արտահերթ նիստեր հրավիրելու նախաձեռնությունները խափանել է:
«Էդպես լավ չէ` հետագայում էլ կարող եք ասել` տեսեք, ընդդիմությանը թողնում ենք մտնել ԱԺ կամ Երևանի քաղաքապետարանի շենքեր, դրանով մենք ցույց ենք տալիս` ինչ ժողովրդավար ենք։ Ձեր Սերժ Սարգսյանի հետ միասին այսպիսով լուսաճաճանչափայլ քայլերով քայլում եք դեպի ժողովրդավարությո՞ւն։ Ձե՞ռ եք առնում»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարբերաբար դժգոհում էր, որ Ազգային ժողովը դարձել է Կառավարության կցորդը, «դակում» է Կառավարության բերած նախագծերը, իսկ ընդդիմադիրները շարունակաբար մերժվում են:
Փաստացի, այսօր էլ է նույն վիճակը, բայց ընդդիմության նախագծերն արդեն ճնշում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Փոխվել են դերերը, բայց հարցը, թե արդյոք խորհրդարանը ինքնուրու՞յն է, թե՞ գործադիր իշխանության որոշումները հաստատող մարմին, շարունակում է մնալ նույնը։
Գլխավոր լուսանկարը և ինֆոգրաֆիկաները՝ Նարե Պետրոսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել