
Դատական համակարգի նկատմամբ հավատը չափազանց թույլ է
Հարցազրույց Ադրբեջանի Իրավաբանների ընկերակցության նախագահ Աննագի Հաջիբեյլիի հետ
Ի՞նչն է խանգարում դատարանների անկախությանն Ադրբեջանում` օրենսդրությո՞ւնը, քաղաքական կամքի բացակայությո՞ւնը:
Ադրբեջանի օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է դատարանների անկախության ապահովման չափանիշներին: Հիմնական խնդիրը օրենսդրության իրագործումն է: Ընդհանուր առմամբ, օրենքի իրագործման առումով երկրում լուրջ խնդիրներ կան: Դա վերաբերում է նաեւ դատական իշխանության գործունեությունը կարգավորող օրենսդրությանը: Իրականում, Ադրբեջանի դատական իշխանությունն ամբողջովին կախված է գործադիր իշխանությունից: Դատաիրավական խորհուրդը, որը դատական իշխանության «ինքնակառավարման անկախ մարմինն» է, գլխավորում է արդարադատության նախարարը: Խորհրդի կազմի կեսից ավելին գործադիր իշխանության կողմից նշանակված մարդիկ են:
Դատավորները, որոնք քննում են քաղաքական բնույթի քրեական գործեր կամ այնպիսի քաղաքացիական գործեր, որոնցով շահագրգռված են իշխանության ներկայացուցիչները, չունեն անկախ որոշումներ կայացնելու հնարավորություն: Դատարաններում լայնորեն տարածված է կոռուպցիան: Մի խոսքով, դատական իշխանության անկախությանը խանգարող հիմնական խնդիրը քաղաքական կամքի բացակայությունն է: Դատարանների անկախությանը խանգարում է նաեւ դատավորների պատրաստվածության մակարդակը, ինչպես նաեւ դատավորների ընտրության վրա ազդող գործոններ` տեղական շահերով առաջնորդվելը, քաղաքական մոտեցումը եւ այլն:
Ի՞նչ ակտիվությամբ են քաղաքացիներն օգտվում դատաքննության իրավունքից, վստահություն կա՞ դատական համակարգի նկատմամբ:
Դատական համակարգի նկատմամբ հավատը չափազանց թույլ է: Բայց քանի որ օրենսդրության մեջ լայնորեն արտացոլված է անօրինական որոշումները եւ գործողությունները դատարանում բողոքարկելու իրավունքը, իսկ երկրում կատարվում են քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների զանգվածային խախտումներ, ապա քաղաքացիները ստիպված են դիմել դատարաններ: Այդ դիմումները կլինեին շատ ավելի շատ, եթե լիներ հավատ անկախ դատական համակարգի, արդար դատարանի նկատմամբ:
Բացի այդ, երկրում միջնորդական եւ հաշտարար դատարանների բացակայությունը, բժշկության միջոցների սահմանափակ օգտագործումը լուրջ խնդիրներ են ստեղծում քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում:
Նույնիսկ Եվրադատարանի որոշումների ընդունումից հետո տեղական դատարանները, այդ թվում` Գերագույն դատարանը, տարբեր պատճառաբանություններով խուսափում են վերականգնել քաղաքացիների օրինական սահմանադրական իրավունքները: Չեն համարձակվում պատժել այդ իրավունքների խախտման մեղավորներին` գործադիր իշխանության եւ ոստիկանության ներկայացուցիչներին:
Ադրբեջանում ինչպե՞ս է ձեւավորվում Փաստաբանների կոլեգիան, ի՞նչ է տալիս անդամակցությունը կոլեգիային, եւ որքանո՞վ են բնակչությանը մատչելի փաստաբանական ծառայությունները: Բնակչության մեկ շնչին քանի՞ (Կոլեգիայի անդամ) փաստաբան է բաժին ընկնում:
Երկրում գործում է Փաստաբանների միայն մեկ կոլեգիա: Այն ձեւականորեն վերահաստատված խորհրդային շրջանի փաստաբանների կոլեգիան է: Կոլեգիան կառավարվում է բռնատիրական եղանակներով: Անկախ փաստաբանները Կոլեգիայի անդամ դառնալու հնարավորություն չունեն: Ավելին, տարբեր պատճառաբանություններով նրանց վտարում են Կոլեգիայից: Քրեական, վարչարարական գործեր, ինչպես նաեւ Գերագույն եւ Սահմանադրական դատարանների գործեր վարելու համար անհրաժեշտ է լինել Փաստաբանների կոլեգիայի անդամ:
Որակյալ փաստաբանական ծառայությունը բավական թանկ է: Բնակչության մեծ մասը նման ծառայություններից օգտվելու հնարավորություն չունի: Մյուս կողմից` փաստաբանների մեծամասնության պատրաստվածության մակարդակը բավական ցածր է: Հետաքննական մարմիններն ունեն իրենց «հերթապահ» փաստաբանները: Ոչ մեծ վճարի դիմաց նրանք պատրաստ են ստորագրել ցանկացած փաստաթուղթ` հօգուտ հետաքննական օրգանների: Արդյունքում, մեղադրյալների իրավունքները չեն պաշտպանվում:
Փաստաբանների կոլեգիայի անդամների թիվը կազմում է մոտ 800 մարդ: Կան այնպիսի շրջաններ, որտեղ գործում է 1-2 փաստաբան: Որոշ շրջաններում փաստաբան ընդհանրապես չկա: Բնակչության մեկ շնչին ընկնող փաստաբանների թվով Ադրբեջանն աշխարհում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը:
Քաղաքացիները հաճա՞խ են դիմում Եվրոպական դատարան, այսօրվա դրությամբ Ադրբեջանի վերաբերյալ Եվրադատարանի քանի՞ որոշում կա, եւ ինչպե՞ս են կատարվում դրանք:
Եվրադատարան դիմողների թիվը քիչ չէ: Առայժմ Եվրադատարանը ընդունել է Ադրբեջանին վերաբերող 41 որոշում: Սակայն այդ որոշումների իրականացումը ողբալի վիճակում է: Դիտավորյալ ձգձգվում է կանխարգելիչ բնույթի ընդհանուր միջոցների իրականացումը, ինչպես նաեւ` Ադրբեջանի օրենսդրության մեջ միջազգային նորմերի եւ համաձայնությունների ներդրումը: Խնդիրներ կան նաեւ Եվրադատարանի որոշումների ուղղակի իրականացման հետ կապված:
Մեկ տարուց ավելի չէր կատարվում Եվրադատարանի որոշումը լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւին բանտից ազատ արձակելու եւ փոխհատուցում վճարելու մասին (նրան ազատ արձակեցին օրերս Ի. Ալիեւի որոշման հիման վրա - խմբ.): Մասամբ են կատարվում խոշտանգումների, ձերբակալությունների, սեփականության պաշտպանության հետ կապված որոշումները, մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում, չի փոխվում միջազգային չափորոշիչներին չհամապատասխանող օրենսդրությունը, միջոցներ չեն ձեռնարկվում` կանխելու հանրապետության օրենսդրության եւ միջազգային իրավունքի խախտումները:
Եվրադատարանի որոշումից հետո Գերագույն դատարանը բավարարվում է միայն նրանով, որ չեղյալ է համարում նախկինում ընդունված անօրինական որոշումները: Խախտված իրավունքները վերականգնելու եւ մեղավորներին պատժելու նպատակով նոր դատավարությունների անցկացման հնարավորություն չեն տալիս: Պոզիտիվ պարտավորությունների կատարումը եւս անբավարար է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել