«Բելվեդեր» ռեստորանի նախկին աշխատակիցը ահազանգում է աշխատանքային իրավունքների խախտման մասին
2026 թվականի մարտի 1-ին Աշոտ Հակոբյանը աշխատանքի առաջարկ է ստացել երևանյան «Բելվեդեր» ռեստորանից՝ որպես մանղալի խոհարար։ Իր ծանոթ խոհարարը, ում հետ նախկինում աշխատել էր, զանգահարել է աշխատանք առաջարկել։
Նա մարտի 1-ին գնացել է ռեստորան, որտեղ սկզբում իրեն դիմավորել է մենեջերը, ապա՝ Նոնա անունով մի կին, որը տնօրեն է ներկայացել։
Աշխատանքը 6-օրյա գրաֆիկով էր, օրական 10 ժամ, 16 հազար դրամ օրավարձով։ Աշխատանքի ընդունվելուց առաջ Աշոտը հարցրել է՝ գրանցելո՞ւ են իրեն։ Պատասխանել են, որ իրենց մոտ բոլորը գրանցված աշխատողներ են։
Մարտի 3-ին Աշոտ Հակոբյանն աշխատանքի է անցել։ Առաջին օրը, ըստ նրա, ամբողջ անձնակազմը մաքրությամբ է զբաղվել:
Ռեստորանի ղեկավարությունից ասել են, որ նախորդ անձնակազմին աշխատանքից ազատել են, խոհանոցը մնացել է անմխիթար վիճակում, պետք է մաքրել, կարգի բերել։
Այդ օրվա համար, ըստ Աշոտի, իրենց 10 հազարական դրամ են տվել։ Հաջորդ օրերին աշխատել են նախապես համաձայնեցված աշխատանքային ռեժիմով։ Ռեստորանը մի քանի օր շարունակ ընդմիջումներով է աշխատել, քանի որ պատվերներ չեն եղել։
Աշոտը ռեստորանի ղեկավարությունից հետաքրքրվել է, թե չաշխատած օրերի համար ինչպես են փոխհատուցում ստանալու։ Պատասխանել են՝ քանի որ պարապուրդն իրենց պատճառով է, աշխատավարձի երկու երրոդի չափով փոխհատուցում կստանան։
Աշոտ Հակոբյանի խոսքով՝ աշխատանքի անցնելուց առաջ իրենից վերցրել են անձնագրի և բանկային քարտի տվյալները՝ գրանցման համար։ Սակայն շաբաթներ անց դեռ չէին գրանցել։
Ապրիլի կեսերին կրկին հետաքրքրվել է գրանցման մասին, ինչից հետո տնօրեն Նոնա Ղևոնդյանն ասել է, թե հաշվապահը չի կարողանում նոր աշխատակիցներին միանգամից գրանցել, քանի դեռ հին աշխատակիցներին չեն ազատել աշխատանքից։
Աշոտի խոսքով՝ այդ ընթացքում ռեստորանում աշխատող 7 մարդ գրանցված չի եղել։ Ապրիլի 25-ին ռեստորանի ղեկավարությունը հայտնել է, որ աշխատավարձի գումար չունեն, ամբողջ անձնակազմի համար ընդամենը 45 հազար դրամ կա։
Նրա պատմելով՝ սկզբում պայմանավորվել են գումարը բաժանել երեք խոհարարների միջև, ապա շեֆ-խոհարարը զանգահարել ու ասել է, որ ինքն ուզում է վերցնել 25 հազար դրամը, մյուս խոհարարը՝ 15 հազարը, իսկ Աշոտին կմնա ընդամենը 5 հազար դրամ։
Աշոտին ասել են, թե առաջիկա մի քանի օրերին չեն կարող դրանից ավել վարձատրել, քանի որ ռեստորանը նորալ չի աշխատում և եկամուտ չի գոյանում աշխատակիցներին պայմանավորվածի չափ վճարելու համար։
Աշոտը որոշել է այլևս աշխատանքի չգնալ։ Նրա խոսքով՝ երբ փորձել է խոսել Նոնա Ղևոնդյանի հետ, վիրավորական արձագանք է ստացել։
«Հավաքարարներից մեկը զանգել էր, բարձրախոսով խոսեց իմ մոտից, ասաց՝ Աշոտն ուզում է գնալ, Նոնան էլ ասաց՝ դրան ասա լակոտ չի, եկել է, թող մնա աշխատի։ Էդ լակոտ բառը լսելուց հետո ասեցի՝ ցտեսություն ձեզ, ես գնացի»,- պատմում է Աշոտը։
Այդ դեպքից հետո՝ ապրիլի 26-ին, Աշոտ Հակոբյանը դիմումներ է ուղարկել ՊԵԿ, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ներկայացնելով իր պատմությունը։ Նկարագրել է, որ ռեստորանում մարտի 3-ից աշխատանքի անցնելուց հետո մինչև ապրիլի 25-ը ընդհանուր առմամբ ստացել է 160 000 դրամ աշխատավարձ, նախապես պայմանավորված օրական 16 000 դրամի փոխարեն, չի վճարվել հարկադիր պարապուրդի համար։
Տեսչական մարմնից Աշոտին զանգահարել է Մինաս Մինասյան անունով աշխատակիցը և ասել, որ ըստ Պետռեգիստրի տվյալների՝ ռեստորանը 2023 թվականից չի գործում։
«Ինձ ասում էր՝ «Բելվեդերը» 2023-ից փակ է։ Ես էլ ասում էի՝ եթե փակ է, բա ես որտե՞ղ եմ աշխատել»,- պատմում է նա։
Աշոտը Տեսչական մարմնի աշխատակցին ասել է, որ ունի ռեստորանի խոհանոցից արված լուսանկարներ, ինչպես նաև ռեստորանի սոցցանցերի հրապարակումներից արված սքրինշոթեր, որոնցով կարող է ապացուցել, որ ռեստորանն աշխատել է։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Բելվեդեր.Եվն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2025 թվականի օգոստոսի 28֊ին։ Գրանցման հասցեն Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում է։ Գործադիր մարմնի ղեկավարը Արման Գալստյանն է, որը նաև ընկերությունում 50% մասնաբաժին ունի։ Մյուս 50%-ի բաժնետերը Տիգրան Գալստյանն է։ Ընկերության գործունեության նկատմամբ սահմանափակում է կիրառված։
Ընկերության դեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2 վարույթ է նախաձեռնել։ ՀԿԱԾ Մարտունի-Վարդենիս բաժանմունքում 2026 թ.-ի ապրիլի 16-ին հարուցված վարույթով ՀԿԱԾ-ն պահանջում է «Բելվեդեր.Եվն» ՍՊԸ-ից գանձել 11 658 դրամ։ Երկրորդ վարույթը նախաձեռնվել է 2026 թ.-ի մայիսի 13-ին։ Ծառայությունը «Բելվեդեր.Եվն» ՍՊԸ -ից պահանջում է գանձել 359 178 դրամ։
Աշոտ Հակոբյանի պնդմամբ՝ Տեսչական մարմնի աշխատակիցը փորձել է համոզել Աշոտին, որ ընդհանուր հայտարարի գան ռեստորանի ղեկավարության հետ, բայց Աշոտը չի համաձայնել։ Մինաս Մինասյանի հետ զրույցից անմիջապես հետո Նոնան միակողմանի ջնջել է Աշոտին ուղարկված հաղորդագրությունները։
Մի քանի ժամ հետո Տեսչականի աշխատակից Մինաս Մինասյանը նորից կապ է հաստատել Աշոտի հետ և ասել, թե ռեստորանի ներկայացուցիչները պնդում են, որ իրեն չեն ճանաչում, և ինքը երբևէ այնտեղ չի աշխատել։
Նույն օրը ռեստորանի խոհարար Զվարթը զանգահարել է Աշոտին, ասել, որ ուղարկի բանկային քարտի տվյալները, որպեսզի իրեն 40 հազար դրամ փոխանցեն՝ պայմանով, որ նա հետ վերցնի պետական մարմիններին ուղարկած դիմումները։ Աշոտը չի համաձայնել։ Ըստ Աշոտի՝ ռեստորանն իրեն, ընդհանուր առմամբ, 350 000 դրամ պիտի վճարեր՝ որպես 2 ամսվա աշխատավարձ, ներառյալ՝ հարկադիր պարապուրդը։ Աշոտն աշխատանքի անցնելուց 2 ամիս անց ռեստորանից 160 հազար դրամ աշխատավարձ էր ստացել։
Նա երկար տարիներ աշխատել է ռեստորանային ոլորտում և բազմիցս բախվել է աշխատանքային իրավունքների խախտումների։ Այս անգամ որոշել է բարձրաձայնել և օրինակ դառնալ այն գործընկերների համար, որոնք բախվում են նույն խնդիրներին, բայց չեն բարձրաձայնում՝ աշխատանքը չկորցնելու համար։
«Ես պարզապես ուզում եմ արդարություն գտնել։ Ինձ ճանաչողները կարող է ասեն՝ գործ ես տալիս, բայց սա արդեն ընտանիք պահելու հարց է։ Ես ընտանիք ունեմ։ Կոմունալները ժամանակին չեմ վճարել։ Աշխատանքի էի գնում, բայց կնոջիցս էի փող ուզում, քանի որ ըստ պայմանավորվածության չէի վճարվում, վարկեր ունեմ, ծախսեր ունեմ, որ չէի կարողանում վճարել»,- ասում է Աշոտ Հակոբյանը։
Աշոտի դիմումներին պետական մարմիները չեն պատասխանել, վերջինս Տեսչական մարմնի աշխատակցին խնդրել է իրենց գործողությունների ընթացքի վերաբերյալ գրավոր պարզաբանում տալ։
«Հետքը» նույնպես գրավոր հարցմամբ դիմել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Տեսչական մարմինը հայտնել է, որ ռեստորանում ստուգում է իրականացվում։
«Քաղաքացի Աշոտ Հակոբյանի դիմումի հիման վրա, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի մայիսի 7-ի հանձնարարագրով՝ «Բելվեդեր.Եվն» ՍՊԸ-ում իրականացվում է ստուգում «Աշխատանքային իրավունքի բնագավառում վերահսկողություն» կետերով նախատեսված հարցերի շրջանակներում»,- նշված է Տեսչական մարմնի պատասխանում։
«Հետքը» կապ հաստատեց «Բելվեդեր» ռեստորանի տնօրեն ներկայացող Նոնա Ղևոնդյանի հետ։ Նա նշեց, որ ինքը տնօրենը չէ։ Խնդրեց դիմել տնօրեն Արման Գալստյանին և ասաց, որ ինքն այդ հարցերով իրավասու չէ մեկնաբանություն տալ, գործընթաց է սկսվել եւ խնդրեց այլևս չզանգահարել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել