Արցախից՝ սահմանամերձ Բերդավան. արցախցի ընտանիքը 3 ամիս սպասում է ՀՀ քաղաքացիության համար փաստաթղթեր ներկայացնելուն
2023 թ. սեպտեմբերի 25-ին Կարինեն մեկ տարեկան էր դարձել: Ստեփանակերտի նրանց բնակարանում տնեցիներն իրարանցման մեջ էին, բայց ոչ թե ծննդյան օրը նշելու, այլ տեղահանության ճամպրուկը պատրաստելու համար: Մայրը՝ Դիանա Թումանյանը, առաջինը վերցրել էր երեխայի կաթնախառնուրդի տուփը, շիշը, մի քանի ձեռք հագուստ, փաստաթղթերը, ընտանեկան ալբոմների լուսանկարները: Ամուսինը՝ Էդուարդ Թումանյանը, մարտական դիրքերից նոր էր իջել: Դա ընտանիքի վերջին գիշերն էր տանը՝ Ստեփանակերտում:
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում վարձակալած տանը 25-ամյա Դիանա Թումանյանը հիշում է տեղահանության օրը: 7 ամսական հղի էր: Բռնագաղթի ճանապարհը երկար էր ու ծանր: 2,5 օր ճանապարհ են եկել:
«Դաժան էր մեր ժողովրդին էդ կարգավիճակով տեսնելը: Մի երեխան ձեռս էր, ես էլ՝ 7 ամսական հղի: Տնից ոչ մի բան չեմ վերցրել: Ժամանակ չունեինք: Այդ օրը բենզինի պահեստի չարաբաստիկ պայթյունն էր եղել, հարազատներով մեկը մյուսին փնտրում էին»,- հիշում է արցախցի կինը:
Դիանան խանութ էր գնում, երբ հանդիպեցինք նրան: Քիչ անց տուն հրավիրեց: Ամսական 35 հազար դրամ վարձ են տալիս տան համար: Հյուրասենյակը կոկիկ ու մաքուր է: Կարինեն ու Մարին պատուհանից դուրս են նայում: Էրիկը Դիանայի գրկին է: Կոկիկ սենյակում նույնիսկ դժվար է ենթադրել, որ երեք փոքր երեխա է խաղում: Սեպտեմբերին Կարինեն կդառնա 4 տարեկան, նոյեմբերին կլրանա Մարիի 3-ամյակը, իսկ դեկտեմբերին՝ Էրիկը 2-ամյակը:
Տան հայրը՝ Էդուարդը, աշխատանքի էր մեր այցելության ժամանակ: Նա մոտ 13 տարի ծառակել է Արցախի պաշտպանության բանակում, սակայն զինգրքույկն ու մարտական ուղու մասին վկայող թղթերը մնացել են Ստեփանակերտի տանը: Տեղահանությունից հետո Էդուարդը բանվորություն է անում:
«Մի դրուժբա էի վերցրել, քանդել-հավաքել սովորել: Հիմա եթե գյուղում մեկի դրուժբան անսարք ա լինում, բերում են մոտս սարքում: Բայց դա մշտական գործ չի»,- մեզ հետ հեռախոսազրույցում պատմում է 41-ամյա Էդուարդը:
Նա տան միակ աշխատողն է: Բացի նրա աշխատածից՝ ստանում են նաեւ արցախցիներին տրվող ժամանակավոր աջակցությունը: Ընտանիքի հետ ապրում են նաեւ Էդուարդի մայրն ու եղբայրը:
Նախորդ տարի Բերդավանում կարկտահարության հետեւանքով վնասվել էին տների մեծ մասի տանիքները: Թումանյանների վարձակալած տունը տուժածների թվում էր: «Կարկուտը սաղ կրիշը ծակել ա, անձրեւ ա գալիս, մտնում է տուն: Կրիշի հալալ կեսը ծակվել էր: Ինչ կարողացել եմ, արել եմ»,- ասում է Էդուարդը:
Դիանան, Էրիկին գրկած, տխուր նայում է Կարինեին ու Մարիին, երեխաներն էլ՝ մորը:
«Մտածում էինք՝ 2020 թվականի պես է լինելու, նորից հետ ենք գնալու Արցախ»,- ասում է Դիանան:
2020 թ. սեպտեմբերին նա նոր էր ընդունվել Արցախի պետական համալսարանի նկարչության բաժին, երբ պատերազմը սկսվեց: Ուսումը կիսատ մնաց ամուսնանալուց հետո:
Դիանան ասում է, որ լավ նկարում է, ձեռագործ իրեր է պատրաստում եւ իր գիտելիքները կփոխանցի երեխաներին:
«Արցախից՝ սահմանային Բերդավան. ո՞նց որոշեցիք գալ հենց այս գյուղ»,- հարցնում եմ Էդուարդին: Պատմում է, որ տեղահանվելուց հետո գնացել էին Վայոց Ձոր, որտեղ գրանցումներ էին անում: Իրենց առաջարկել էին բնակության երեք տարբերակ՝ Վարդենիս, Գյումրի եւ Նոյեմբերյան: Ինքն ընտրել է երրորդը:
Թումանյանները երեք ամիս առաջ դիմել են՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, առցանց գրանցվել են, բայց դեռ լուր չեն ստացել: Էդուարդը նշում է, որ բոլոր փաստաթղթերը պատրաստ են, բայց պետք է իրենց ասեն, որ տանեն ներկայացնեն:
Դիանան նշում է, որ Էրիկի համար նախատեսված պետական աջակցությունը՝ երրորդ երեխային տրամադրվող ամսական 50 հազար դրամը, եւս կախված է ՀՀ քաղաքացիություն ստանալուց:
Ընտանիքը ցանկանում է հաստատվել Բերդավանում, տուն ձեռք բերել այս գյուղում, բայց դրա համար անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել: Էդուարդի խոսքով՝ Բերդավանում հաստատված 7-8 արցախցի ընտանիք արդեն օգտվել է սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու աջակցության ծրագրից:
«Եկանք այստեղ, հարմարվեցինք: Ուրիշ ու՞ր գնանք, լավից-վատից՝ մեկս մյուսին ճանաչում ենք,- ասում է 41-ամյա արցախցի տղամարդն ու քիչ անց ավելացնում,- երազանքս էն ա, որ նորմալ աշխատեմ, կարողանամ երեխաների համար մի բան ստեղծեմ, որ վաղը չէ մյուս օրը կարողանան իրենց հարցերն իրենք լուծեն»:
Լուսանկարները՝ հեղինակի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել