HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուսաստան մատակարարվող հայկական բանջարեղենի ու մրգի մասով ևս խնդիրներ են արձանագրվում

«Ռոսսելխոզնադզորը»՝ (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն) Հայաստանից իրականացվող մատակարարումների հետ կապված խնդիրներ է արձանագրում ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի ու մրգի մասով։  Այս մասին «Վեստիի» եթերում հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Դանկվերտը նշել է, որ հայկական ձեռնարկությունների ստուգումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ։  «Այդ տեսչական ստուգումների արդյունքներով էլ որոշում կկայացնենք»,- ասել է նա։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում Հայաստանից ծաղիկների ներմուծման նկատմամբ։ Գերատեսչությունից հստակեցրել էին, որ չնայած Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երաշխիքներ էր տրամադրել, Եվրասիական տնտեսական միության համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը շարունակվում է։

Երեկ հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցներն արդեն իսկ Հայաստանում են և սկսել են ստուգումները։  Թե որ ընկերություններում են ստուգումներ իրականացվում, անուններ չեն նշվում։ 

Եթե այս իրավիճակը երկար տևի, ծաղիկ արտադրողների մի մասը ստիպված է լինելու թափել ծաղիկները, քանի որ չքաղել չեն կարող, իսկ տեղական պահանջարկն այնքան չէ, որ ամբողջությամբ սպառվեն։ 

Միայն ծաղիկ արտահանողները չէ, որ վերջին շրջանում պարբերաբար բախվում են ռուսական կողմի արգելքներին։ 

Այս տարվա ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում արգելվել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը։ 

«Ջերմուկի» շուրջ այս իրադարձություններից շատ չանցած՝ մայիսի սկզբին, ռուսական «Վայլդբերիսն» (Wildberries) ու «Օզոնը» (Ozon) ժամանակավորապես դադարեցրին հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։ 

Հայաստանը 2015 թվականի հունվարից պաշտոնապես միացել է Եվրասիական տնտեսական միությանը։ Վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է Եվրամիությանը ՀՀ անդամակցության հարցը, սակայն ռուս պաշտոնյաները պարբերաբար նշում են, որ  Երևանը չի կարող միաժամանակ գտնվել երկու միություններում։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականին Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման կազմում 35% է, ԵՄ-ինը՝ մոտ 8%։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter