Ինչու են հայկական ապրանքները Ռուսաստանում դառնում «վտանգավոր»
«Ռոսսելխոզնադզորը», որը Ռուսաստանում վերահսկում է սննդի անվտանգությունը, հայտարարել է, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա, քանի որ նորմերի խախտումներ են հայտնաբերվել:
Կառույցի հայտարարության մեջ նշվում է, որ սահմանափակումները կտևեն մինչև ջերմոցային տնտեսություններում տեսչական ստուգումների ավարտը և արդյունքների ամփոփումը։ Կոնկրետ ժամկետներ չեն նշվում։
Այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ «Ռոսսելխոզնադզորը» չի վստահում Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ներկայացրած երաշխիքներին։
«Չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացրած երաշխիքներին՝ ԵԱՏՄ-ի համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը շարունակվում է։ 96.2 միլիոն հատ ծաղկային արտադրանքի ներմուծման ժամանակ հայտնաբերվել է 135 դեպք։ Դա կազմում է ողջ 2025 թվականի ընթացքում արձանագրված հայտնաբերումների ընդհանուր քանակի 77%-ը»,- հայտարարում է ռուսական կողմը։
«Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցներն արդեն իսկ Հայաստանում են և սկսել են ստուգումները։
ՍԱՏՄ-ն հայտարարել է, որ իր հրավերով Հայաստանում է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) պատվիրակությունը։ Համատեղ ստուգումներ կիրականացվեն բուսական և կենդանական ծագման արտադրանք ունեցող հայկական մի շարք ընկերություններում։ Ըստ հաղորդագրության՝ նպատակն է ստուգել Հայաստանից Ռուսաստան ներմուծվող բուսասանիտարական և ձկնաբուծական ենթահսկման արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին և նորմերին։
Թե որ ընկերություններում են ստուգումներ իրականացնելու, ՍԱՏՄ-ն չի նշում։
«Իրական խնդիրը քաղաքական է». ծաղիկը փչանում է, տնտեսվարողները՝ անորոշ սպասման մեջ
Հայաստանից ծաղկի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։ Հայաստանի մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է մոտ 36 մլն դոլարի ծաղիկ, որից 34.5 մլն դոլարը՝ Ռուսաստան։
Ջերմոցային ծաղիկներ արտահանող «Ռոզ Ֆիլդ» ընկերության համասեփականատեր Աշոտ Հակոբյանն ասում է, որ մինչ այս հայտարարությունն էլ Հայաստանից ծաղիկ արտահանող յոթ կազմակերպության արտահանումը կասեցրել կամ սահմանափակել են, այդ թվում՝ «Ռոզ Ֆիլդ»-ինը։
Հակոբյանը համոզված է՝ խնդիրն ունի քաղաքական դրդապատճառներ։ Հատկապես այս տարվա մայիսի սկզբին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովից հետո ռուսական կողմը, ըստ Հակոբյանի, սկսել է ավելի խիստ վերաբերվել։
«Հայաստանը վերջին հինգ տարիներին է մեծ ծավալով ծաղիկներ արտահանում Ռուսաստան։ Չնայած երբեմն եղել են կարճաժամկետ խնդիրներ, բայց այս անգամ ամեն ինչ միանգամից է, բոլոր ջերմոցները վտանգի տակ են։ Մեր իշխանություններն ասում են՝ պատճառը քաղաքական չէ, մեզ ասում են՝ ապրանքի որակը բարձրացրեք, որ խնդիրների առաջ չկանգնեք, վերացրեք ծաղիկների մեջ եղած միջատները։ Այդ միջատները միշտ էլ լինում են, եղել են, Հոլանդիայի ջերմոցներն էլ որ ստուգեն, կան այդ միջատները, մենք բուժում ենք, միջոցառումներ ենք իրականացնում, դրա դեմ պայքարում ենք, բայց դրանք աննախադեպ քանակի չեն։ Միամտություն է կարծելը, թե այս ամենի պատճառը կարող է դա լինել, ոչ թե՝ քաղաքականը»,- ասում է Հակոբյանը։
Եթե այս իրավիճակը երկար տևի, ծաղիկ արտադրողների մի մասը ստիպված է լինելու թափել ծաղիկները, քանի որ չքաղել չեն կարող, իսկ տեղական պահանջարկն այնքան չէ, որ ամբողջությամբ սպառվեն։
Հայաստանում ծաղիկ արտադրողները, ռուսական շուկայից բացի, այլընտրանքային շուկաներ այս պահին չեն տեսնում։ Ասում են՝ պահանջարկը մեծ չէ, եվրոպական շուկաներ ծաղիկ հասցնելը ծախսատար է և ժամանակատար, փչանալու վտանգը մեծ է։ Եվրոպական շուկաները գրավելու հայտարարությունները, ըստ Հակոբյանի, անհիմն են։ Ասում է՝ իշխանությունները խոսում են տնտեսության և արտահանման դիվերսիֆիկացման մասին, սակայն որևէ գործուն քայլ չեն անում։
«Նախ՝ ծաղկի պահանջարկը Եվրոպայում տասնյակ անգամներ զիջում է Ռուսաստանի պահանջարկին, քանի որ եվրոպական կենցաղում ծաղիկ գնելու, նվիրելու մշակույթն այնքան մեծ չէ, որքան Ռուսաստանում։ Հետո՝ ծաղկի պահպանման ժամկետը մոտ 10 օր է, տանում ենք Եվրոպա, որ մինչև հասցնենք տեղ, դառնա թափելու՞։ Այս սեզոնին Հայաստանից օրական 15-20 մեծ բեռնատար ծաղիկ է արտահանվում, այդքան չվերթ կարո՞ղ են ապահովել միայն ծաղիկների համար»,- հարցնում է «Ռոզ Ֆիլդ» ընկերության համասեփականատեր Աշոտ Հակոբյանը։
Ըստ նրա՝ պետական մարմիններից, մասնավորապես՝ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ու Էկոնոմիկայի նախարարությունից որևէ արձագանք այս խնդրի վերաբերյալ չեն լսել, որևէ ուղղորդում, աջակցություն չկա։
Թեև Կառավարությունը ջերմոցային տնտեսությունը հռչակել է գերակա ոլորտ, սակայն ձեռնարկատերերը, որոնց զգալի մասն այսօր ունեն խոշոր վարկեր, փաստի առաջ են կանգնել։ Ըստ Աշոտ Հակոբյանի՝ պետության վարած քաղաքականության պատճառով են տնտեսվարողները հայտնվել անորոշ սպասման վիճակում։
«Մեկը կարո՞ղ է այս հարցին պատասխանել՝ այլ պետությունից ինչու՞ պետք է գան Հայաստանում ստուգումներ իրականացնեն։ «Ռոսսելխոզնադզորը» մեր տեղական տեսչական մարմնին չի՞ վստահում, եկել, մտել, ինքն է ստուգում։ Հիմա Ռուսաստանի ФСБ-ն կարո՞ղ է գալ մեր ԱԱԾ-ում ստուգումներ անել։ Քարոզարշավի ժամանակ մի ծրագրային խոսք չենք լսում, թե տնտեսության, սոցիալական, քաղաքական բնագավառներում ինչ են նախատեսում»,- ասում է Հակոբյանը։
«Ռոզ Ֆիլդ»-ի ղեկավարությունն իր մոտ 100 աշխատակիցներին զգուշացրել է, որ կրճատման վտանգ կա։
«Նախորդ տարի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ամեն օր վիճակագրություն էր հրապարակում, թե օրական քանի ծիրան տեղափոխող բեռնատար է Լարսով անցել, հիմա կարո՞ղ է այդպես հրապարակել, թե օրական քանի ծաղկով կամ «Ջերմուկ»-ով, պահածոներով և այլնով բեռնված բեռնատար է անցնում »,- ասում է մեր զրուցակիցը։
Ի դեպ, վերջին տարիներին ռուսական կողմը հաճախ է «նորմերի և ստուգումների խստացում» կիրառում հայկական ապրանքների համար։ «Ռոզ Ֆիլդ»-ն ու բազմաթիվ այլ ընկերություններ նման իրավիճակում էին հայտնվել, օրինակ, 2023 թվականին։
Ըստ Աշոտ Հակոբյանի՝ այսօր վրացական կողմում էլ կան բազմաթիվ խնդիրներ։ Լարսով վրացական անցակետը հատելը դարձել է «հերոսություն»։ Եվ այդ խնդիրները մեծ մասամբ սուբյեկտիվ են՝ ձգձգում են բացթողումները, վրացական մեքենաներն անցնում են առաջնահերթ, բայց հայկականները օրերով սպասում են։ Այդ վիճակն է արդեն 1.5 տարի։
«Ջերմուկ»-ից մինչև «Վայլդբերիս». Հայաստանի ղեկավարությունը ՌԴ արգելքների քաղաքական դրդապատճառներ մասին չի խոսում
Միայն ծաղիկ արտահանողները չէ, որ վերջին շրջանում պարբերաբար բախվում են ռուսական կողմի արգելքներին։
Այս տարվա ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում արգելվել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը։
«Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարականով՝ արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրի 1.4 մլն շշի վաճառքը։ Սահմանափակումը տարածվել է 2025 թվականի հոկտեմբերի 23-ից 2026 թվականի մարտի 27-ը թողարկված խմբաքանակների վրա։ ՌԴ կարգավորող մարմինը հայտարարել է պարտադիր պահանջների հայտնաբերված խախտումների և քաղաքացիների առողջությանը հնարավոր վնասի կանխարգելման մասին։
Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), արձագանքելով դրան, հայտարարել է, որ ՍԱՏՄ-ն իր հերթին է ստուգումներ սկսել «Ջերմուկ գրուպ»-ում։
Ապրիլի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարբեր ուղղություններով արտահանման խնդիրներ պարբերաբար առաջանում են՝ պատասխանելով Ռուսաստանում «Ջերմուկի» արտահանման խնդիրների վերաբերյալ հարցին։ Այդ օրերին Հայաստանում նաև հեղուկ գազի դեֆիցիտ էր, որի մատակարարը Ռուսաստանն է։
«Ջերմուկի» շուրջ այս իրադարձություններից շատ չանցած՝ մայիսի սկզբին, ռուսական «Վայլդբերիսն» (Wildberries) ու «Օզոնը» (Ozon) ժամանակավորապես դադարեցրին հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայաստանյան ընդդիմադիր ուժերին մեղադրեց «Վայլդբերիսում» առաջացած խնդիրների համար։
«Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ։ Խնդրից հատկապես ուրախացել ու հրճվում են այդ 2 ուժերին սատարող ռևանշիստները (տասնյակներով արդեն ինքնահրճվում են այն փաստից, որ հայ արտադրողի համար խնդիրներ են ստեղծվել)»,- ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Մայիսի 15-ին արդեն բացահայտ հայտարարվեց, որ Ռուսաստանն ուժեղացնում է հայկական ապրանքների նկատմամբ բուսասանիտարական վերահսկողությունը։ «Ռոսսելխոզնադզորը» սկսել է Հայաստանից ներմուծվող գյուղմթերքի ստուգումը։
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը հայտարարեց, որ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտի հանդիպմանը որոշվել է «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումներ անցկացնել այն ձեռնարկություններում, որոնցից Ռուսաստան մատակարարումները կասեցվել էին՝ ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող կեղծված ձկնային արտադրանքի ներմուծման կասկածի պատճառով։
Ըստ ռուսական կողմի՝ նախնական ստուգումն ու ներմուծված ծիածանափայլ իշխանի վերաբերյալ նյութերի վերլուծությունը կասկածներ են առաջացրել արտադրանքի պատրաստման համար օգտագործված հումքի ծագման վերաբերյալ։
Հայաստանը 2015 թվականի հունվարից պաշտոնապես միացել է Եվրասիական տնտեսական միությանը։ Վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է Եվրամիությանը ՀՀ անդամակցության հարցը, սակայն ռուս պաշտոնյաները պարբերաբար նշում են, որ Երևանը չի կարող միաժամանակ գտնվել երկու միություններում։ Այս մասին ապրիլի 1-ին նշել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Մայիսի 9-ին Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանը դեռևս չի պլանավորում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը օրակարգ բերել, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա։
Օրեր առաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովին քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։
Ըստ Օվերչուկի՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը կորցնի այն տնտեսական առավելությունները, որ այժմ ունի։
Ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները չեն կարող Հայաստանին հանել միությունից։
Այս տարվա մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի։ Օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը ասել է, որ պատճառը քարոզարշավով զբաղվածությունն է և որ դեռևս ապրիլի 1-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ինքը տեղեկացրել է այդ մասին։ Նույն պատճառով չի մասնակցել նաև Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականին Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման կազմում 35% է, ԵՄ-ինը՝ մոտ 8%։
Գլխավոր լուսանկարը՝ pixabay.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել