«Հայաստանին տնտեսապես նեղում են քաղաքական վեկտոր փոխելու համար». բեռնատարները կուտակվել են Լարսում
Հայաստանից ջերմոցային վարդեր արտահանող «Ռոզ Ֆիլդ» ընկերության բեռնատարները արդեն հինգերորդ օրն է՝ մնացել են Լարսի անցակետում և չեն կարողանում հատել սահմանն ու Ռուսաստան հասնել։
Անցակետում և Լարսի ճանապարհին հայկական արտադրության պահածոներով, պտուղ-բանջարեղենով, ծաղիկներով, ձկով և սննդամթերքի այլ տեսակներով բեռնված բեռնատարները խիստ ֆիտոսանիտարական վերահսկողություն են անցնում։ Մի մասին մերժում են և թույլ չեն տալիս անցնել սահմանը՝ պատճառաբանելով, որ վերահսկողության արդյունքում ֆիտոսանիտարական նորմերի խախտումներ են հայտնաբերվել, մի մասին էլ հայտնում են, որ դեռ ստուգումներ են անում և սպասեցնում են անհայտ ժամանակով։
Արտահանողները «Հետք»-ի հետ զրույցներում պնդում են՝ սա քաղաքական որոշում է ռուսական կողմից։
«Հայաստանին փորձում են նեղել տնտեսապես։ Պատճառն այն է, որ Հայաստանը քաղաքական վեկտոր է փոխում։ Ֆիտոսանիտարիա միշտ արվել է, մի դեպքում՝ ձևական, մի դեպքում՝ նորմալ։ Բայց նման խնդիր չի եղել, որ համատարած արգելեն արտահանումը։ Նույնիսկ Եվրոպայում լաբորատորիաներով անցած մթերքը, ծաղիկները և այլ ապրանքներ, որ հասնում են Հայաստան, երբեմն խախտումներով են լինում։ Դա սարսափելի չէ։ Դա միայն պատրվակ է, որ բեռները չթողնեն տանել Ռուսաստան»,- ասում է «Ռոզ Ֆիլդ» ընկերության ներկայացուցիչը։
Հայաստանի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ ՀԱՊԿ-ը պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, և դա կրկնվել է մի քանի անգամ։ Վարչապետ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչները վերջին ամիսներին հրաժարվում են մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին։ Փոխարենը ակտիվացել են Արևմուտքի հետ բանակցությունները։
Արտահանողները, որոնց ապրանքները կամ հետ են գալիս Լարսի անցակետից, կամ օրեր շարունակ մնում են այնտեղ, մաքսատան աշխատակիցների կողմից նույն պատասխանն են ստանում՝ «դիմեք ձեր կառավարությանը»։
«Ասում են՝ մենք ձեզ հետ խնդիր չունենք, գնացեք ձեր հրապարակում կանգնենք, թող իշխանությունները հարցը լուծեն։ Մի ձեռքը չգիտի՝ մյուսն ինչն է անում։ Ասում են՝ հրամանը Մոսկվայից է եկել, մենք չենք կարող թույլ տալ, որ անցնի։ Օրական 3 միլիոն դրամի վնաս ենք կրում»,- ասում է «Ռոզ Ֆիլդ» ընկերության ներկայացուցիչը։
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը, որն անցնում է վրաց-ռուսական սահմանով՝ Հյուսիսային Օսիայի Վերին Լարսի անցակետով, հայ բեռնափոխադրողները պարբերաբար հանդիպող խոչընդոտներով են հաղթահարում։ Ամենահաճախ հանդիպող խնդիրը առատ ձյան տեղումների արդյունքում ճանապարհների փակ լինելն է։ Սակայն, այս պահին նման խնդիր անցակետում չկա։
Կառավարությունը տեղյակ է այս իրավիճակից։ Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն երեկ հաղորդագրություն է տարածել, որով հավաստիացնում է, որ Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը մշտապես գտնվում է Կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության ներքո:
«Ինչ վերաբերում է այն բեռնատարներին, որոնք կանգ են առել անցակետում և առաջացել է շուտ փչացող ապրանքների մտահոգիչ հարց, ապա դրանց մասով խնդիրներն օպերատիվորեն վերհանելուն զուգահեռ, միաժամանակ, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է Էկոնոմիկայի նախարարությանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ համատեղ քննարկելու և հետագա գործողությունները պլանավորելու համար»,- նշում են ՊԵԿ-ից։
Կոմիտեից հիշեցնում են, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը գտնվում է Վերին Լարսի անցակետում և պատրաստ է աջակցել բեռնափոխադրողներին, անհրաժեշտության դեպքում կարող են կապ հաստատել ՊԵԿ ներկայացուցչի հետ։
Սակայն, ուշագրավ է, որ արտահանողները չեն կարողանում կապ հաստատել մաքսային կցորդի հետ։ Կամ զանգերին պատասխան չի լինում, կամ հարցի լուծման արդյունավետ տարբերակներ չեն ստանում։
Խնդիրն առայժմ չեն լուծել նաև մյուս գերատեսչությունները։ «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ասում ես՝ ապրանքը չի հասնում տեղ, ասում է՝ նավով տարեք։ Մարդն այնքան անտեղյակ է, որ չգիտի՝ այդ ապրանքները փչացող ապրանքներ են, նավը սառնարան չունի»,- դժգոհում է «Ռոզ Ֆիլդ»-ի ներկայացուցիչը։
Ստեղծված իրավիճակում տուժում են ոչ միայն արտահանողները, այլև՝ ռուսական կողմի պատվիրատուները։ Նրանց մի մասը փորձում են իրենց ներքին աղբյուրներն օգտագործել, որ պատվիրված ապրանքը տեղ հասնի, սակայն այստեղ էլ հարցը չի լուծվում։ Ֆիտոսանիտարական վերահսկողություն անցնող բեռնատարները չեն հատում սահմանը։
Իսկ օդանավով արտահանելը թանկ է։ Կան ապրանքատեսակներ, որոնց դեպքում ինքնարժեքը այնքան է բարձրանում, որ արտահանումը դառնում է ոչ եկամտաբեր։
Լարսում կուտակված բեռնատարների շարքում են Հայաստանից պտուղ-բանջարեղեն արտահանող խոշոր ընկերության՝ «Սպայկայի» բեռնատարները։ Ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց։
«Սպիննակեր գրուպ» բեռնափոխադրող ընկերությունը ևս այս պահին երեք բեռնատար ունի՝ բեռնված մրգով, ձկով ու մսամթերքով, որոնք նախատեսված էին ռուսական շուկայի համար։ Ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը չգիտի՝ որքան ժամանակ ապանքը դեռ կմնա ճանապարհին։
«Ապրանքը լաբորատոր փորձաքննության են ուղարկել, պատասխանները դեռ չկան, բայց համոզված ենք, որ ինչպես մյուսների դեպքում, այնպես էլ մեր դեպքում, թույլ չեն տալու, որ բեռնատարները Ռուսաստան մտնեն։ Պատասխան են ուղարկում, որ ապրանքի արտահանումը արգելվում է։ Դրանից հետո էլ ոչ մի բան չի մնում անելու, ապրանքը հետ է բերվում»,- ասում է Նորայր Գևորգյանը։
Մինչ նրանք անորոշ ժամանակով սպասում են, Հայաստանում գտնվող բեռնատարները նույն անորոշությամբ ճանապարհ են ընկնում՝ հուսալով, որ մինչև հասնեն Լարսի անցակետ, հնարավոր է՝ իրավիճակը փոխվի։
Հայ արտահանողների կախվածությունը ռուսական շուկայից տարեցտարի մեծանում է
Հայաստանը, որը 2015 թվականից դարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամ, չունի ընդհանուր ցամաքային սահման ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Միության մյուս երկրների հետ։
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն անցնում է վրաց-ռուսական սահմանով։
Հայաստանի արտահանման կազմում Ռուսաստանի տեսակարար կշիռը հատկապես վերջին երկու տարվա ընթացքում էապես մեծացել է։ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանվող ապրանքների 51.7%-ը արտահանվել է Ռուսաստան։ Համեմատության համար՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում Ռուսաստանի տեսակարար կշիռը 40.4% է եղել։
Վերջին երկու տարիներին Ռուսաստանի տեսակարար կշռի մեծացումը պայմանավորված է վերաարտահանումներով, սակայն մինչև այդ էլ Ռուսաստանը Հայաստանի արտահանման ամենախոշոր շուկան է եղել։ Արտահանվում են ինչպես կոնյակ, պտուղ-բանջարեղեն, այնպես էլ՝ սնունդ, ձուկ, պանիր և տարատեսակ ապրանքներ, որոնք արտադրվում են Հայաստանում։
Մեկնաբանել