HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուսաստանի կշիռը մեծանում է, ԵՄ-ինը՝ նվազում. Հայաստանի արտահանման շուկաները

Հայաստանի արտահանման գլխավոր շուկան մնում է Ռուսաստանը։ Տարիների ընթացքում այս երկրի տեսակարար կշիռը արտահանման մեջ մեծացել է։ Փոխարենը Եվրամիությունը գնալով ավելի փոքր տեղ է զբաղեցնում։ Վերջին երեք տարիներին Արաբական Միացյալ Էմիրություններն է դարձել արտահանման առաջնային շուկաներից մեկը։ Սակայն, սա խոսում է ոչ թե դիվերսիֆիկացման մասին, այլ վերաարտահանման ազդեցության։  

Անկումային 2025-ը

2025 թվականին Հայաստանը աշխարհի հետ 21.4 մլրդ դոլարի առևտուր է արել։ Մասնավորապես, արտահանել է 8.4 մլրդ դոլարի ապրանք և ներմուծել 13 մլրդ դոլարի։ Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։ 

2024 թվականի համեմատ Հայաստանի արտահանումը կրճատվել է 36.1%-ով, իսկ ներմուծումը՝ 23.6%-ով։ 

Մինչև 2020 թվականը Հայաստանի արտահանումն ու ներմուծումը դանդաղ աճել են։ 2015-ին Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը։ Կառավարության գնահատմամբ, անդամակցությունը նպաստել է այդ աճին։ 

2020 թվականին՝ կորոնավիրուսի տարածման և Արցախում 44-օրյա պատերազմի ֆոնին, անկում ապրեց ինչպես ամբողջ տնտեսությունը, այնպես էլ՝ ապրանքների արտահանումը։ 

Հաջորդ շոկը Հայաստանի տնտեսության համար՝  որպես դրական գործոն, դարձավ 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմը։ Ռուսաստանի և արևմտյան երկրների միջեւ առևտրի համար տարանցիկ երկիր դարձած Հայաստանի արտահանումն ու ներմուծումը 2024 թվականին հասան գագաթնակետին։ 

2025-ին, սակայն, այս դինամիկան չպահպանվեց։ 

Եվրամիության կշիռը Հայաստանի արտահանման մեջ նվազում է՝ ի հաշվիվ Ռուսաստանի և մյուս երկրների կշիռների ավելացման

2025 թվականի տվյալներով՝ Հայաստանի արտահանման 38.4%-ը բաժին է ընկել ԵԱՏՄ երկրներին, 7.9%-ը՝ ԵՄ երկրներին, 53.7%-ը՝ այլ երկրներին։ 

Վերջին տասը տարիներին Հայաստանի արտահանման կառուցվածքում ԵՄ-ի կշիռը խիստ նվազել է։ Համեմատության համար՝ տասը տարի առաջ ԵՄ-ին բաժին էր ընկնում արտահանման մոտ 28%-ը։ Տարիների ընթացքում ավելացել է ԵԱՏՄ-ի կշիռը, վերջին երեք տարիներին այլ երկրների մասնաբաժինն է կտրուկ մեծացել՝ ի հաշիվ ԱՄԷ կատարվող վերաարտահանումների։ 

Այս ինֆոգրաֆիկայում Հայաստանի արտահանման կառուցվածքն է 2017-2025թթ.: Տվյալները ներկայացված են 2017 թվականից, քանի որ Վիճակագրական կոմիտեն ԵԱՏՄ-ն առանձնացնում է այդ ժամանակից։ 

«Այլ երկրներ» տողի ներքո հիմա պետք է հասկանալ առաջին հերթին Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչպես նաև՝ Չինաստանը։ Իսկ մյուս երկրները, ինչպիսիք են Շվեյցարիան, Իրաքը, Վրաստանը, զգալի զիջում են նրանց, դա կտեսնենք հոդվածի մյուս հատվածում։ 

2022 թվականից Հայաստանը չի հանդիսանում ԵՄ «GSP+» արտոնյալ առևտրային համակարգի շահառու երկիր, քանի որ Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն (ՀՆԱ մեկ շնչի հաշվով): Սակայն, ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, մինչեւ այդ էլ ԵՄ-ի կշիռը Հայաստանի արտահանման մեջ նվազում էր։  

Երբ դեպի ԵՄ արտահանումը դիտարկում ենք ոչ թե ընդհանուրի մեջ ունեցած մասնաբաժնով, այլ՝ բացարձակ թվով, ապա 2017-ին այն կազմել է 629 մլն դոլար,  2025-ին՝ 667 մլն դոլար։ Սա նշանակում է, որ ոչ թե դեպի ԵՄ արտահանումն է անգամներով նվազել (բացառությամբ 2020-ի, երբ այն կտրուկ իջել է), այլ՝ դեպի մյուս երկրներ արտահանումները շատ ավելի մեծ տեմպով են աճել և փոքրացրել ԵՄ-ի կշիռը։  

Համեմատության համար՝ 2017-ին արտահանումը Ռուսաստան կազմել է 557 մլն դոլար, 2025-ին՝ 3 մլրդ դոլար։  

Այս պատկերը միանգամից հերքում է այն պնդումները, որ Հայաստանից արտահանման շուկաները դիվերսիֆիկացվել են։ Հակառակը՝ այն ավելի է կենտրոնացվել։ 

«Հնացած արտադրական պրակտիկան բացասաբար է ազդում արտադրանքի որակի և ստանդարտներին համապատասխանության վրա: Մակնշման և փաթեթավորման միջազգային չափանիշներից շեղումները դժվարացնում են արտահանումը»,- այս մասին նշված է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրում, որը Կառավարությունը հաստատել է 2025-ի հուլիսին։ 

Նաև նշվում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում էապես բարդացել, անգամ գրեթե անհնար են դարձել ՌԴ և Բելառուսի տարածքով ապրանքափոխադրումները դեպի ԵՄ:

Ռուսաստան, ԱՄԷ, Չինաստան. Հայաստանի արտահանման գլխավոր շուկաները

Ըստ երկրների՝ 2025 թվականին Հայաստանի արտահանման ամենախոշոր շուկան Ռուսաստանն է։ Վերը հրապարակված ինֆոգրաֆիկայում ԵԱՏՄ-ի ներքո պետք է հասկանալ հիմնականում Ռուսաստանը, քանի որ Հայաստանից դեպի ԵԱՏՄ մյուս երկրներ՝ Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, արտահանումը բավականին քիչ է։ 

2025 թվականին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել մոտ 3 մլրդ դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 6.9%-ով։ Այդպիսով, Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման կազմում 35.3% է։ Համեմատության համար՝ 2015 թվականին այն 16.5% էր։

Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ թռիչքային աճեց 2022 թվականին, երբ Հայաստանը դարձավ արևմտյան արտադրանքը Ռուսաստան վերաարտահանող, քանի որ Ուկրաինայի հետ պատերազմի հետևանքով ՌԴ-ն հայտնվել է արևմտյան պատժամիջոցների տակ։ 

Այլ խոսքով՝ Հայաստանի արտահանումը՝ հատկապես 2022 թվականից, ոչ միայն չի դիվերսիֆիկացվել, այլև արտահանման շուկաների կենտրոնացվածությունն էլ ավելի է խորացել։ Դա իր հերթին մեծացնում է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ 

«Մեր խոշորագույն հարկատուն այս պահին «Մոբայլ սենթր արթ»-ն (Mobile Centre) է, որը նշանակում է, որ այս պահին այն բավարարում է ոչ թե Հայաստանի բնակչության պահանջարկը, այլ՝ շատ ավելի լայն զանգվածների։ Բնականաբար, վերաարտահանում է։ Վերաարտահանման ծավալները նվազում են, սակայն այնպես չէ, որ մի շարք ապրանքների վերաարտահանումը դադարելու է։ Նշանակում է՝ այս ոլորտը կունենա որոշակի կայուն մակարդակ, վերաարտահանման ծավալների էական ավելացում չեմ դիտարկում»,- «Հետք»-ի տաղավարում ասել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի գործարարության և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ 

2025-ի տվյալներով՝ Հայաստանի արտահանման երկրորդ շուկան Արաբական Միացյալ Էմիրություններն է (ԱՄԷ)՝ 24.5% տեսակարար կշռով։ Եթե Հայաստանից Ռուսաստան արտահանումը քիչ թե շատ դիվերսիֆիկացված է, ապա դեպի Էմիրություններ արտահանումը ձևավորված է հիմնականում ոսկու շուրջ։ 

Խոսքը միլիարդավոր դոլարների ոսկու մասին է, որը Հայաստանը 2022 թվականից ներմուծում է Ռուսաստանից և վերաարտահանում Արաբական Միացյալ էմիրություններ։ Այս երևույթի համատեքստում Էմիրությունների դերը Հայաստանի արտահանման մեջ թռիչքային կերպով աճել է և գագաթնակետին հասել 2024 թվականին (40% տեսակարար կշիռ)` մեծ տարբերությամբ առաջ անցնելով Ռուսաստանից։ Մինչ այս վերաարտահանումները, հայկական ծագման ապրանքները ԱՄԷ-ին շատ քիչ են հետաքրքրել։ 

Քանի որ 2025-ին ոսկու վերաարտահանումը կրճատվել է, մեխանիկորեն կրճատվել է նաև ԱՄԷ-ի կշիռը Հայաստանի արտահանման կազմում։ Նշված տարում Հայաստանից ԱՄԷ է արտահանվել մոտ 2.1 մլրդ դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ 60.9%-ով նվազել է։ 

Մյուս երկրները, որտեղ Հայաստանը ապրանք է արտահանում, իրենց տեսակարար կշռով մեծ տարբերությամբ զիջում են Ռուսաստանին և ԱՄԷ-ին։ 

Չինաստանին, որը հայկական ապրանքների արտահանման երրորդ շուկան է մեծությամբ, բաժին է ընկնում 9.1%-ը՝ 763 մլն դոլար։ 

Ասել, որ հայկական ապրանքները հետաքրքրում են չինական շուկային, կրկին չափազանցություն կլինի։ ՄԱԿ-ի համաշխարհային առևտրի տվյալների բազայից երևում է, որ արտահանվող հիմնական ապրանքը պղնձի խտանյութն է (ՀՀ մաքսային ծառայության տարեկան տվյալները դեռևս հրապարակված չեն)։ Ավելի վաղ գրել ենք, որ Հայաստանից արտահանվող պղնձի խտանյութի գլխավոր գնորդների ցանկից դուրս է մնացել Շվեյցարիան, նվազել է Բուլղարիայի կշիռը։ 

Վարկած կա, որ ռուսաստանցի սեփականատերեր ունեցող ԶՊՄԿ-ից եվրոպական երկրները, որոնք պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ, գրեթե դադարել են խտանյութ գնել։ Տնտեսագետները հավանական են համարում նաև, որ Չինաստանն ավելի լավ գին է առաջարկում։ 

Հայաստանը Չինաստան է արտահանում նաև ծխախոտ և կիսամշակ կամ անմշակ պլատին, որոնց ծավալները, սակայն, զգալիորեն զիջում են պղնձին։ Հայաստանի առևտրին՝ ըստ առանձին երկիր-ապրանք կտրվածքի կանդրադառնանք առաջիկայում։ 

Հայաստանի արտահանման կազմում հաջորդը Իրաքն ու Բելառուսն են՝ շատ ավելի փոքր տեսակարար կշիռներով։ 

Ընդհանուր առմամբ՝ արտահանման տասնյակում են Շվեյցարիան, Նիդերլանդները, Բելգիան, Վրաստանն ու Գերմանիան` կրկին ոչ մեծ  կշիռներով։ 

Ստորև ինֆոգրաֆիկայում Հայաստանի արտահանման առաջատար  շուկաներն են՝ 2015 և 2025 թվականներին։ Ինչպես երևում է, Ռուսաստանի կշիռը կտրուկ ավելացել է, ինչն առավել տեսանելի էր 2022 թվականին և դրանից հետո, նույնը վերաբերում է նաև ԱՄԷ-ին։ 

Այս ցուցակում է մնացել Չինաստանը, որի կշիռը շատ չի տատանվել։ 

Եվրոպական երկրներից կտրուկ նվազել է Գերմանիայի կշիռը։ Նախկինում Հայաստանը Գերմանիային վաճառում էր հիմնականում պղինձ, ֆերոմոլիբդեն ու ալյումինե նրբաթիթեղ։  Այսօր արտահանում է հիմնականում ալյումինե նրբաթիթեղ և տղամարդու հագուստ։ Ուշագրավ է, որ չնայած ունեցած փոքր տեսակարար կշռին՝ բացարձակ թվով Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025-ին մոտ 77%-ով աճել է։ Այն կազմել է 112 մլն դոլար, որը թեև ընդհանուր արտահանման մեջ փոքր թիվ է, սակայն աճը տեսանելի է։ 

Թանկարժեք քարերի ու մետաղների արտահանումը 64.5%-ով նվազել է 

Ըստ խոշորացված ապրանքախմբերի՝ 2025 թվականին Հայաստանից ամենից շատ արտահանվել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ։ Արտահանումը կազմել է  2.8 մլրդ դոլար, որը 2024 թվականի համեմատ նվազել է 64.5%-ով։ Այստեղ կրկին ոսկու ֆենոմենն է, որի վերաարտահանումը նվազել է և արտացոլվել է անգամ արդյունաբերության մեջ։ 

Այս ապրանքախմբի ներքո են նաև ադամանդը և արծաթը։ 

Հայաստանից արտահանվող հաջորդ խոշոր ապրանքախումբը, 2025 թվականի տվյալներով, մեքենաները, սարքավորումներն ու մեխանիզմներն են։ Արտահանվել է 1.3 մլրդ դոլարի, որը նախորդ տարվա համեմատ գրեթե չի փոփոխվել (-0.3%)։ Այս ապրանքախմբում են բջջային հեռախոսները, կենցաղային տեխնիկան՝ ջեռուցման կաթսաներ, սառնարաններ, հեռուստացույցներ, ինչպես նաև՝ տուրբինները, շարժիչները, պոմպեր և այլն։ Այսինքն՝ այն ամենն, ինչը Հայաստանում չի արտադրվում, ուստի սա վերաարտահանում է:

 28.7%-ով աճել է պատրաստի սննդի արտադրանքը՝ կազմելով մոտ 1.3 մլրդ դոլար։ Պատրաստի սնունդը, ըստ խոշորացված խմբերի, երրորդ ամենաշատ արտահանված ապրանքն է։ Այս խմբում են ինչպես պահածոները, երշիկեղենը, խավիարները, հրուշակեղենը և այլն, այնպես էլ՝ կոնյակը, մյուս ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները։

18.9%-ով աճել է հանքահումքային արտադրանքի արտահանումը՝ կազմելով 1.3 մլրդ դոլար։ Խոսքը պղնձի խտանյութի, ֆերոմոլիբդենի, թանկարժեք մետաղի խտանյութի և այլ ապրանքատեսակների մասին է։ 

Հաջորդող ապրանքախմբերը ծավալներով մի քանի անգամ ավելի փոքր են։ 

Նրանց կազմում զգալի անկում կա ավտոմեքենաների արտահանման մասով։ 

2025-ին Հայաստանից արտահանվել է 91 մլն դոլարի տրանսպորտային միջոց, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 35.2%-ով։ 

Փոխարենը 44.1%-ով ավելացել է սարքերի և ապարատների (օպտիկական, լուսանկարչական, բժշկական և այլն) արտահանումը՝ կազմելով 215 մլն դոլար։ 

Հատկանշական է, որ մինչև 2021 թվականը հանքահումքը եղել է արտահանվող ամենախոշոր խումբը։ 2022 թվականից արտահանման կառուցվածքն էապես փոխվել է՝ կրկին ի հաշիվ վերաարտահանումների։ 

Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է, որ չնայած արտահանման ընդհանուր նվազմանը, միայն հայկական ծագման արտադրանքի արտահանումը 2025-ին աճել է։ Նախարարության հաշվարկով՝ այն կազմել է 4.5 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 10%-ով։ Երբ Մաքսային ծառայությունը հրապարակի արտահանումն՝ ըստ առանձին ապրանքների, ավելի հստակ կերևա, թե որ ապրանքների մասին է խոսքը։ 

Իսկ թե ինչպես է փոխվել Հայաստանի ներմուծման կառուցվածքը, կներկայացնենք առանձին հոդվածով, այդ թվում՝ Հայաստանի առևտուրը ոչ միայն վերը նշված երկրների, այլև՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter