HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վերաարտահանող Հայաստան. ոսկին, ադամանդն ու հեռախոսը առաջատարներն են

Վերաարտահանումների մեծ ալիքի արդյունքում Հայաստանից արտահանվող ապրանքների առաջատարների պատկերը 2023 թվականին հիմնովին փոխվել է։ Ոսկին, ադամանդն ու բջջային հեռախոսները պատվավոր եռյակում են։ Երեք ապրանքախմբերի դեպքում էլ գործ ունենք վերաարտահանման հետ. ապրանքները ներմուծվել են Հայաստան և այստեղից արտահանվել:

Մաքսային ծառայությունը վերջապես հրապարակել է Հայաստանի արտաքին առևտրի տարեկան տվյալները լայն բացվածքով՝ երկիր-ապրանք կտրվածքով։

2023 թվականին Հայաստանից արտահանվել է աննախադեպ ծավալի՝ 29.1 տոննա կիսամշակ կամ անմշակ ոսկի: Սա վերջնական մշակում չանցած ոսկին է, որն արտերկրում մշակվում է և զտվում։ Ոսկու գերակշիռ մասը՝  71%-ը, արտահանվել է Արաբական Միացյալ Էմիություններ՝ ԱՄԷ։ Այս ոսկին Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից։ Արտահանված ոսկու ընդհանուր արժեքը կազմել է 1.8 միլիարդ դոլար, որը 2022 թվականի համեմատ 4.4 անգամ աճել է։ 

Արտահանման առաջին տասնյակի երկրորդ տեղում ադամանդն է։ Այստեղ ևս ծավալներն աննախադեպ են՝ մոտ 4.5 մլն կարատ, 593 մլն ԱՄՆ դոլար: «Հետքի» հետաքննությունը ցույց է տվել, որ խոսքը, մեծամասամբ, Ռուսաստանից բերված ալմաստի մասին է, որն արտահանվում է չմշակված վիճակում՝ դեռևս ադամանդ չդարձած։ Այս բիզնեսում ներգրավված են հայ, ռուս և արաբ գործարարներ։ Հայկական կողմից ակտիվորեն աշխատում են Աբովյանում գտնվող ADM Diamonds գործարանը և նրանց գործընկերները։ Գործարանի անունը կապվում է ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ՝ թեև գործարանը փաստացի կառավարող Արտակ Բաղիկյանը հերքում է դա։

2022 թվականից Հայաստանը դարձել է Ռուսաստանի համար եվրոպական, ամերիկյան և այլ երկրների արտադրության բջջային հեռախոսների, տարատեսակ կենցաղային տեխնիկայի և ավտոմեքենաների մատակարար։ 2022 թվականի փետրվարից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ Արևմուտքը խզեց կամ սահմանափակեց տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Հայաստանը դարձավ մի շարք ապրանքների վերաարտահանման տարանցիկ երկիր։ Եթե ոսկու, ոսկերչական իրերի և ադամանդի պարագայում դրանց ծագման երկիրը Ռուսաստանն է, և Հայաստանի միջոցով դրանք այլ երկրներ են արտահանվում, ապա բջջային հեռախոսների, կենցաղային տեխնիկայի, ավտոմեքենաների պարագայում հակառակ սխեման է գործում։ Դրանք արևմտյան երկրներից են գալիս և Հայաստանի միջոցով հասնում Ռուսաստան։

2023 թվականին Հայաստանից արտահանվել է շուրջ 1.7 մլն հատ բջջային հեռախոս (հեռախոսային ապարատ բջջային ցանցի կամ այլ կապի), որի ընդհանուր արժեքը կազմել է 535 մլն ԱՄՆ դոլար։ Նախորդ տարվա համեմատ թե՛ քանակը, թե՛ արժեքը կրկնապատկվել են։ Դրանք հիմնականում ներմուծվում են Վիետնամից և արտահանվում Ռուսաստան։ Այս վերաարտահանումների արդյունքում Հայաստանում տեխնիկայի առևտրով զբաղվող ընկերությունների մի մասը հանրապետության խոշոր հարկատուների ցանկում թռիչքային աճ են գրանցել։ 

  • Տեխնիկա վերաարտահանող ընկերությունները թռիչքային աճ են գրանցում խոշոր հարկատուների ցանկում
    2023 թվականին Հայաստանի արտահանման առաջատար տասնյակում են ոսկերչական իրերը, ավտոմեքենաները, պղինձը, ծխախոտը, կոնյակը, ֆեռոմոլիբդենը (երկաթահամահալվածք) և հեռուստացույցը։ 

    Ինֆոգրաֆիկայում կարելի է տեսնել, թե ինչպես է վերջին հինգ տարիներին փոխվել Հայաստանի արտահանման առաջատար տասնյակը։ Վերաարտահանումների հաշվին տասնյակում դիրքերը բարելավել են ինչպես ոսկին, այնպես էլ՝ ոսկերչական իրերը, ադամանդը, բջջային հեռախոսները, ավտոմեքենաները։

    Գլխավոր լուսանկարը՝ pixabay.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter