HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան-Գերմանիա. առևտուրը ԵՄ թիվ մեկ գործընկերոջ հետ

Սեդա Հերգնյան

Գերմանիան այսօր Հայաստանի չորրորդ առևտրային գործընկերն է։ Հայաստանն ավելի մեծ առևտրաշրջանառություն ունի միայն Ռուսաստանի, Չինաստանի ու Շվեյցարիայի հետ։ Իսկ եթե դիտարկում ենք Եվրոպական միության երկրների կտրվածքով, ապա Գերմանիան Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է ԵՄ երկրների շարքում։

Վերջին տասը տարիներին Հայաստան-Գերմանիա առևտրաշրջանառությունը 300-400 մլն դոլարի շրջանակում է եղել։ Հայաստանից Գերմանիա արտահանվող ապրանքների ցանկը սահմանափակ է, իսկ ներմուծումը՝ բավականին լայն։

2017 թվականին Հայաստան-Գերմանիա առևտրաշրջանառությունը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ), կազմել է 339 մլն դոլար։ Դա Հայաստանի` այդ տարվա ամբողջ արտաքին առևտրաշրջանառության 5.3%-ն է։

Վերջին տասը տարում Հայաստան-Գերմանիա առևտրաշրջանառության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2014 թվականին, որից հետո նվազել է։ Ընդ որում՝ 2015-ին կրճատվել է ինչպես Հայաստանից Գերմանիա արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Հայաստանն ավելի շատ ներմուծում է, քան արտահանում։

Հայաստանի արտահանման կազմում, 2017-ի տվյալներով, Գերմանիայի տեսակարար կշիռը 5.9%  է։ Այս ցուցանիշով Գերմանիան հինգերորդ տեղում է։

2017 թվականին Հայաստանից Գերմանիա է արտահանվել 132.5 մլն դոլարի ապրանք, որը 2016 թվականի համեմատ նվազել է 4.7%-ով։

Հանքահումք և ալյումինե նրբաթիթեղ՝ դեպի Գերմանիա

Հայաստանը Գերմանիային վաճառում է հիմնականում պղինձ, ֆերոմոլիբդեն ու ալյումինե նրբաթիթեղ։ Նշված երեք ապրանքախմբերը կազմում են արտահանման առյուծի բաժինը։ Վերջին տարիներին ոչ մեծ ծավալի հագուստ է արտահանում և այլ իրեր։    

Մետաղաձուլությունը Գերմանիայի արդյունաբերության և առհասարակ տնտեսության առաջատար ճյուղերից է, ուստի պատահական չէ, որ այս երկիրը մեծ քանակի հանքանյութ է ներմուծում տարբեր երկրներից։ Սակայն, գերմանական տնտեսությունը շատ ավելի դիվերսիֆիկացված է, և Գերմանիան աշխարհի խոշորագույն ներկրող երկրներից է, ունի մեծ շուկա։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ Գերմանիայի բնակչության թիվը գերազանցում է 82 միլիոնը։ Իսկ Համախառն ներքին արդյունքով՝ Գերմանիան աշխարհում չորրորդ խոշորագույն տնտեսություն ունեցող երկիրն է։

Հայկական ապրանքների այն ցանկը, որոնք արտահանվում են Գերմանիա, ցույց է տալիս, որ բացի հանքահումքից և մի քանի այլ ապրանքներից, խոշոր ներկրող հանդիսացող Գերմանիայում հայկական այլ ապրանքներ մրցունակ չեն։

Հայաստանում գործում են գերմանական կապիտալով ընկերություններ։ Հայ-գերմանական ամենախոշոր ծրագրերից է գերմանական «Քրոնիմետ» ընկերության հետ համագործակցությունը։ «Քրոնիմետ» ընկերությունների խումբը իր գործունեությունը Հայաստանում սկսել է 90-ականների կեսերից՝ 1998 թվականին «Մաքուր երկաթի գործարան» ընկերության հետ ձևավորելով համատեղ ձեռնարկություն, որը զբաղվում է մոլիբդենի և ֆերոմոլիբդենի արտադրությամբ: Իսկ 2004-ից սկսել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի»' ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի ձեռք բերման բանակցությունները և 2005-ի սկզբին իրականացրել գործարքի վերջնական ձևակերպումը: Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանից պղինձ արտահանող հիմնական ընկերություններից մեկը «Զանգեզուրի ՊՄԿ»-ն է։

Հայաստանից պղնձի արտահանումն աննախադեպ ծավալների է հասել

Ինչպես արդեն նշեցինք, Հայաստանն ավելի շատ ներմուծում է Գերմանիայից, քան արտահանում։ Ներմուծվող ապրանքների ցանկն էլ ավելի մեծ է և դիվերսիֆիկացված։ Մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանը Գերմանիայից ներմուծում է ավելի քան 800 անուն ապրանք։ 2017-ին Գերմանիայից Հայաստան է ներմուծվել 206.5 մլն դոլարի ապրանք, որը 10.8%-ով աճել է 2016-ի համեմատ։

Գերմանիայից ներմուծվող առավել մեծ մաքսային արժեք ունեցող ապրանքներն են մարդատար ավտոմեքենաները, դեղամիջոցները, պանիրը, կենցաղային պարագաները, տարատեսակ տեխնիկա և այլ։

Հայաստանի ներմուծման կառուցվածքում Գերմանիան 2017-ի տարեկան տվյաներով զբաղեցնում է  4.9%-ը։

Ուշագրավ է, որ Հայաստանն իր առաջին հինգ առևտրային գործընկերներից չորսին (առաջին տեղում Ռուսաստանն է, հինգերորդ տեղում՝ Բուլղարիան հիմնականում հանքահումք է վաճառում։ Խոսքը Չինաստանի, Շվեյցարիայի, Գերմանիայի ու Բուլղարիայի մասին է։ Այսինքն, եթե Հայաստանից դեպի այդ հինգ երկրներ արտահանվող ապրանքների շարքից բացառենք հանքահումքը, ապա առևտրաշրջանառության ցուցանիշները շատ փոքր կլինեն։ Այլ խոսքով՝ այդ երկրներին Հայաստանը հետաքրքրում է հանքահումքով։ Պատահական չէ, որ նշված երկրները Հայաստանի առաջնային առևտրային գործընկերներն են համարվում, քանի որ Հայաստանի արտահանման կազմում առաջատարը պղինձն է։ Ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում են ոսկին ու մոլիբդենը։

Հայաստան-Չինաստան. առևտրային երկրորդ գործընկերոջը միայն հանքահումք ենք վաճառում
Հայկական ոսկին փոխել է արտահանման ուղղությունը դեպի Շվեյցարիա

Գերմանիան Հայատանում կատարած ներդրումների ծավալով ևս առաջատարների թվում է։ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է տվյալներ, թե 1988 թվականից սկսած` որքան ներդրում է կատարել այս երկիրը Հայաստանում։ Ըստ այդմ` 1988-ից մինչև  2017թ. սեպտեմբերի վերջ Գերմանիան Հայաստանում  կատարած ներդրումների ծավալով երկրորդ տեղում է՝ Ռուսաստանից հետո։ Ներդրումների ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է, ընդհանուր առմամբ, մոտ 775 մլրդ դրամ։ Գերմանական ներդրումները հիմնականում հոսում են հանքարդյունաբերության, հիմնային մետաղների արտադրության, ոչ մեծ ծավալով էլ՝  հագուստի արտադրության և այլ ոլորտներ։

Լուսանկարում՝ Գերմանիայի դեսպանատունը Հայաստանում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter