HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ներմուծվող ցորենի 99%-ը ՌԴ-ից է. Հայաստանի ապրանքային «կախվածությունը» ռուսական շուկայից՝ թվերով 

Սեդա Հերգնյան

Արփի-Ստեֆանի Դեմուրչյան (Հետք Մեդիա Գործարան)

Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանում քննարկվում է որոշ ապրանքների գծով պարենային անվտանգության հարցը։ Հաշվի առնելով պատերազմական գործողությունների օրեցօր սրվող ընթացքն ու Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների խստացումը` պարենային անվտանգության վերաբերյալ անհանգստությունը լիովին արդարացված է։

Դա նախևառաջ վերաբերում է այն ապրանքներին, որոնց գերակշիռ մասը Հայաստան է ներմուծվում Ռուսաստանից և Ուկրաինայից։ Ամենավառ օրինակը ցորենն է: 

Յուրաքանչյուր ապրանքի գծով առանձին ուսումնասիրության կարիք է լինելու, իսկ այս հոդվածով պարզել ենք, թե ինչ ապրանքներ է Հայաստանն ամենաշատը ներմուծում Ռուսաստանից, և ինչ կշիռ ունի Ռուսաստանը նույն պարենային ապրանքների ընդհանուր ներմուծման կազմում։ Հաջորդիվ կդիտարկենք նաև Ուկրաինան։ Առանձին կանդրադառնանք նաև պարենային շուկաներին։

Գազ, բենզին, ցորեն, ձեթ և այլն. Հայաստանի ապրանքային «կախվածությունը» Ռուսաստանից

Թեև արտաքին առևտրի վերաբերյալ կան 2021 թվականի ընդհանուր տվյալները, սակայն Հայաստանի մաքսային ծառայությունը դեռևս չի հրապարակել ներմուծումն ու արտահանումը երկիր-ապրանք կտրվածքով, հետևաբար՝ դիտարկել ենք 2019-2020 թվականները։

Ըստ մաքսային ծառայության տվյալների՝ 2020 թվականին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 651 մլն դոլարի ապրանք։ Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի ներմուծման կազմում շուրջ 33% է։ 

Կարելի է  ասել, որ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը դիվերսիֆիկացված է։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը Ռուսաստանից ներմուծում է 1200-ից ավելի անուն ապրանք։ 

Քանի որ հնարավոր չէ մեկ հոդվածում անդրադառնալ բոլոր ապրանքախմբերին, առանձնացրել ենք այն ապրանքները, որոնք արժեքով ամենաբարձրն են ընդհանուրի մեջ։

Այսպես, Ռուսաստանից Հայաստան ներմուծման կազմում ամենամեծ տեսակարար կշիռն ունի գազը։ 2020 թվականին ներմուծվել է 2.2 մլրդ խմ գազ, որի մաքսային արժեքը կազմել է 364 մլն դոլար։ Գազը Ռուսաստանից Հայաստան ներմուծման 22%-ն է զբաղեցրել։ 

Հաջորդ խոշոր ապրանքախումբը նավթամթերքն է՝ բենզինը, դիզելային վառելիքը։ Ներմուծվել է 326 հազար տոննա, որի արժեքը կազմել է մոտ 164 մլն դոլար։ 

Ներմուծվող երրորդ խոշոր ապրանքը ցորենն է։ 2020 թվականին Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել 347 հազար տոննա ցորեն՝ 72 մլն դոլարի։ 

Այս օրերին առավել շեշտադրվում է հենց հացահատիկի՝ ցորենի պարենային անվտանգության հարցը։ Թեև այս թեման առանձին ուսումնասիրության կարիք ունի, սակայն այստեղ կարևոր է հասկանալ ոչ միայն այն, թե որքան ցորեն է Հայաստանը ներմուծում Ռուսաստանից, այլ՝ թե Հայաստան ներմուծվող ընդհանուր ցորենի որ մասն է այս երկրից։ 

2020 թվականին, ընդհանուր առմամբ, Հայաստանը ներմուծել է 350 հազար տոննա ցորեն՝ 72 մլն դոլարի, որի 99%-ը Ռուսաստանից է, մնացած փոքր մասը՝ Վրաստանից։

Ռուսաստանից Հայաստան ամենաշատ ներմուծվող ապրանքների շարքում են անմշակ ալյումինը, բջջային հեռախոսները, շոկոլադը, արևածաղկի ձեթը, դեղամիջոցները, ավտոմեքենաները և այլն: 

Ներմուծվող առավել բարձր արժեք ունեցող 10 ապրանքները զբաղեցնում են ամբողջ ներմուծման գրեթե կեսը։ 

Այս ապրանքների առաջին տասնյակը գրեթե նույն պատկերն ունի նաև 2019 թվականի տվյալներով։ Միակ տեսանելի փոփոխությունը ոսկու գծով է, որի ներմուծումը Ռուսաստանից կտրուկ նվազել է։ 

Այս ինֆոգրաֆիկայում առանձնացրել ենք ինչպես Ռուսաստանից Հայաստան ներմուծվող ապրանքների առաջին տասնյակի տեսակարար կշիռները, այնպես էլ՝ առաջին քսանյակի ծավալները։

Հարկ է նկատել, որ նշված 20 ապրանքատեսակներից բոլորի գծով Ռուսաստանը Հայաստանի հիմնական կամ ամենախոշոր մատակարարներից է։ 

Հաջորդ ինֆոգրաֆիկայում առանձնացրել ենք Ռուսաստանից Հայաստան ներմուծվող արդեն թոփ 50 ապրանքների շարքում առկա պարենային ապրանքները և պարզել, թե դրանք ինչ կշիռ ունեն Հայաստան ներմուծվող նույն ապրանքների ընդհանուր կազմում։ Համեմատությունը ներկայացված է ըստ արժեքի՝ թեև քանակով համեմատության պարագայում ևս համամասնությունները մեծամասամբ մոտ են։ 

Օրինակ՝ Հայաստան ներմուծվող ձեթի 97%-ն (ըստ արժեքի) է 2020 թվականին ներմուծվել Ռուսաստանից, մարգարինի՝ 72%-ը, հրուշակեղենի` 67%-ը: Հացահատիկի պարագայում, ինչպես նշեցինք, ցուցանիշը 99% է։

 

Դեղամիջոցների պարագայում պատկերը տարբերվում է. թեև ըստ քանակի ներմուծված դեղամիջոցների (կշռածրարած) 56%-ի աղբյուրը Ռուսաստանն է, սակայն երբ արժեքով ենք դիտարկում, ապա Ռուսաստանին բաժին է ընկնում դեղերի միայն 19%-ը։ Սա նշանակում է, որ քանակով ռուսական դեղերը շատ են, բայց արժեքով՝ փոքր։ Մինչդեռ մյուս երկրներից ստացվող դեղերի քանակն ավելի փոքր է, սակայն արժեքը՝ անհամեմատ ավելի բարձր։

Ռուսաստանից Հայաստան ներմուծվող պարենային ապրանքների կազմում կան նաև այնպիսի ապրանքներ, որոնք թեև ամենաբարձր արժեք ունեցողների շարքում չեն, սակայն դրանց գծով Ռուսաստանը գլխավոր կամ հիմնական մատակարարներից է: Օրինակ՝ ձավարեղենը, թռչնամիսը և այլն: 

 Հայաստանից Ռուսաստան արտահանման «առաջամարտիկը» կոնյակն է

Ռուսաստանը հայկական ապրանքների արտահանման ամենամեծ շուկան է։

Ըստ մաքսային ծառայության տվյալների՝  2020 թվականին դեպի Ռուսաստան արտաահանվել է 673 միլիոն 171 հազար ԱՄՆ դոլարին համարժեք արտադրանք, որը նախորդ տարվա համեմատ պակասել  է 8%-ով։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ կազմել է մոտ 27%: 

Արտահանվող ապրանքատեսակների ցանկում հայտարարագված է 800-ից ավելի ապրանք:

Ռուսական շուկայում ամենապահանջված հայկական արտադրանքը կոնյակն է։ 2020 թվականին արտահանվել է 20.5 մլն լիտր կոնյակ, որը կազմում է Հայաստանից Ռուսաստան արտահանման մոտ  24%-ը, շուրջ՝ 159 միլիոն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով։ 

2020 թվականին Հայաստանից արտահանված կոնյակի 78%-ը (ըստ արժեքի) բաժին է ընկել Ռուսաստանին։

Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների առաջին տասնյակում էական դեր ունի գյուղատնտեսական արտադրանքը, ինչպես  ձուկը, լոլիկը, մրգերը և այլն (տես ինֆոգրաֆիկան)։ 

Ադամանդը, ֆերոմոլիբդենը և հայկական ծխախոտը ևս պահանջարկ ունեն ռուսական շուկայում։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter