
Հայկական պղնձի արտահանման գլխավոր ուղղությունը դարձել է Չինաստանը
Հայաստանից արտահանվող պղնձի խտանյութի հիմնական գնորդը հիմա Չինաստանն է։ Գլխավոր գնորդների ցանկից դուրս է մնացել Շվեյցարիան, նվազել է Բուլղարիայի կշիռը։ Վարկած կա, որ ռուսաստանցի սեփականատերեր ունեցող ԶՊՄԿ-ից եվրոպական երկրները, որոնք պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ, գրեթե դադարել են խտանյութ գնել։ Սակայն, տնտեսագետներն առավել հավանական են համարում, որ պարզապես Չինաստանն ավելի լավ գին է առաջարկում։
2024 թվականին Հայաստանից արտահանվել է 342 հազար տոննա պղնձի խտանյութ (հանքաքար և խտահանք), որի ընդհանուր արժեքը կազմել է 558 մլն դոլար։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից։
2023 թվականի համեմատ արտահանվող պղնձի խտանյութի քանակն աճել է 4.5%-ով, իսկ արժեքը՝ 15.5%-ով։ Այսինքն՝ արտահանվող խտանյութի միջին արժեքը ևս բարձրացել է։ Եթե 2023-ին արտահանված պղնձի խտանյութի մեկ տոննայի միջին գինը 1479 դոլար է կազմել, ապա 2024-ին՝ 1635 դոլար։
Վերջին տասը տարիներին առավել մեծ քանակի ու արժեքի պղնձի խտանյութ Հայաստանից արտահանվել է 2021 թվականին, որից հետո այն նվազել է, բայց 2024-ին կրկին աճ է գրանցվել։
Պղինձը Հայաստանից արտահանվող առաջատար ապրանքներից է։ Մինչև 2022 թվականն այն արտահանման առաջին եռյակում է եղել, հիմնականում՝ առաջին տեղում։ Սակայն, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ Հայաստանը տարանցիկ երկիր դարձավ Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև, վերաարտահանվող ավտոմեքենաները, ոսկին, ադամանդը, ոսկերչական իրերը և տեխնիկան առաջ անցան պղնձից։
Պղնձի խտանյութը, բոլոր դեպքերում, շարունակում է էական դեր ունենալ արտահանման մեջ։
2024 թվականին Հայաստանից արտահանված 558 մլն դոլարի պղնձի մոտ 78%-ը կամ 435 մլն դոլարի պղինձ արտահանվել է Չինաստան։ Հայկական պղնձի արտահանման երկրորդ ուղղությունը Բուլղարիան է (14%-ը)։ Սերբիան, Ռուսաստանը, Իրանն ու Շվեյցարիան անհամեմատ ավելի փոքր կշիռ ունեն՝ յուրաքանչյուրը շուրջ 2%։
Մինչդեռ Շվեյցարիան մինչև 2022 թվականը հայկական պղնձի հիմնական խոշոր գնորդներից էր։ Համեմատության համար՝ 2021 թվականին արտահանման 37.5%-ն է բաժին ընկել Շվեյցարիային, նույնքան էլ՝ Չինաստանին։
Ստացվում է, որ այս ընթացքում Չինաստանը «կլանել» է նաև Շվեյցարիայի մասնաբաժինը։
Բուլղարիա արտահանման կշիռը ևս նվազել է։ Ընդ որում՝ այս միտումը սկսվել է 2022 թվականից:
Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում ենք, որ Հայաստանից պղնձի առաջին երեք խոշոր արտահանողներն են «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ), «Թեղուտ» ՓԲԸ-ն և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբ» ՓԲԸ-ն։
Կոմիտեից չեն հայտնում, թե նրանցից որն է ամենախոշոր արտահանողը, սակայն, դատելով ԶՊՄԿ-ի կայքում ներկայացված տվյալներից՝ արդյունահանում, աշխատակիցների թիվ, ինչպես նաև՝ փաստից, որ այն Հայաստանի խոշորագույն հարկատուն է, հասկանալի է, որ ԶՊՄԿ նաև ամենախոշոր արդյունահանողն ու արտահանողն է։
2024 թվականի տարեկան տվյալներով՝ ԶՊՄԿ-ն պետական բյուջե է վճարել 102 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 44%-ով։
Հիշեցնենք, որ ԶՄՊԿ-ում պետությունն ունի 22% մասնաբաժին, որի դիմաց 2023-ի համար ստացավ շահութաբաժին։ Իսկ 2022-ի տվյալները դեռևս գաղտնի են պահվում։
Ընկերության հինգ իրական շահառուները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնց պատկանում է ընկերության բաժնետոմսերի մոտ 60%-ը։
ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը չի բացառում վարկածը, որ ռուսաստանցի սեփականատերեր ունեցող ԶՊՄԿ-ից Շվեյցարիան, օրինակ, կարող է խուսափել խտանյութ գնել՝ հաշվի առնելով, որ 2022 թվականի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ԱՄՆ-ն և եվրոպական երկրները սկսեցին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Սակայն, ըստ նրա, այս վարկածը թույլ է։
«Պղինձը բորսայական ապրանք է և առավել հավանական է, որ այն վաճառվում է շուկայական հարաբերությունների արդյունքում։ Եղել են տարիներ, որ Կանադան է եղել գլխավոր գնորդը, Բուլղարիան, հիմա Չինաստանն է»,- ասում է Հայկազ Ֆանյանը։
Tvyal.com հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը ևս կարծում է, որ Չինաստանն այսօր առավել հարմար պայմաններ և ավելի բարձր գին է առաջարկում, և դա է պատճառը, որ դարձել է հայկական պղնձի խտանյութի հիմնական, խոշոր գնորդը։
«Գլխավոր արտահանող ԶՊՄԿ-ի ռուսաստանցի սեփականատերերի ազդեցությունն այս գործընթացում, կարծում եմ, մեծ չէ»,- ասում է տնտեսագետը։
Հայաստանից Չինաստան արտահանումը 2.6 անգամ աճել է, մեծապես՝ ոսկու հաշվին
Ինչպես նշվեց վերևում, 2024 թվականին Հայաստանը Չինաստան է արտահանել 435 մլն դոլարի պղնձի խտանյութ։ ՊԵԿ-ի և, մասնավորապես, Մաքսային ծառայության տվյալները վկայում են, որ նախորդ տարվա համեմատ այն աճել է մոտ 91 մլն դոլարով կամ 26%-ով։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024-ին Հայաստանից Չինաստան ամբողջ արտահանումը կտրուկ՝ 2.6 անգամ կամ 672 մլն դոլարով աճել է նախորդ տարվա համեմատ և կազմել 1.1 մլրդ դոլար։
Թեև այս աճին պղնձի խտանյութի արտահանումը ևս նպաստել է, սակայն շատ ավելի էական դեր է ունեցել ոսկին։ Ինչպես ցույց ենք տվել մեր նախորդ հետաքննություններից մեկում՝ Հայաստանից վերաարտահանվող ոսկու հիմնական ուղղություններից մեկը Չինաստանն է։ Միայն 2024-ի առաջին կիսամյակում Հայաստանից Չինաստան է արտահանվել 446 մլն դոլարի ոսկի, մինչդեռ նախորդ տարվա նույն կիսամյակում արտահանում առհասարակ չի եղել։
Գլխավոր լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (Քաջարան, Սյունիքի մարզ)
Մեկնաբանել