HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԶՊՄԿ-ից պետության ստացած շահաբաժինների հանելուկը

«Նախորդ շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ՀՀ պետական բյուջե է փոխանցել 33 մլրդ 249 մլն դրամ՝  որպես Հայաստանի Հանրապետության շահաբաժին։ Սա, կարծում եմ, մի իրադարձություն է, որն արժե ընդգծել, որովհետև, ըստ էության,  նման բան 20-ից ավելի տարի տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում»,- Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի նիստին հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Թե ինչու՞ հենց այդ ժամանակահատվածում և ինչպե՞ս է ԶՊՄԿ-ն որոշել բաշխել շահութաբաժիններ, չի մանրամասնվել (քանի որ պետական մարմինները, ի պատասխան մեր հարցումների, օգտագործում են շահութաբաժին տերմինը և ոչ թե շահաբաժին՝ հղում անելով Կառավարության որոշմանը, հոդվածում ևս կօգտագործենք այն)։

Փոխարենը փաստ է, որ դրան նախորդող երկու ամսվա ընթացքում «Հետքը» հարցումներով դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, որոնք մերժել են շահութաբաժինների մասին տեղեկությունների տրամադրումը։ 

Եվ միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ դիմելուց հետո Պետական գույքի կառավարման կոմիտեն տրամադրեց տվյալները։ Դրանից մեկ շաբաթ չէր անցել, երբ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում «ավետեց» շահութաբաժինների վճարման մասին։ Մինչդեռ, մինչ այդ շահութաբաժինների մասին տեղեկությունները գաղտնի էին պահվում։ 

Այնուամենայնիվ, ԶՊՄԿ-ից պետության ստացած շահութաբաժինների մասին բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան։ Չնայած պետական մասնակցությամբ ընկերության շահութաբաժինների մասին տեղեկություններն ակնկալվում է, որ պետք է լինեն բաց և թափանցիկ, իրականությունն այլ է։ 

Նախևառաջ հիշենք ժամանակագրությունը, թե ինչպես պետությունը դարձավ ԶՊՄԿ-ի բաժնետեր։ 

Պետությունը՝ ԶՊՄԿ-ի 21.9%-ի բաժնետեր

2021 թվականի հոկտեմբերին պարզ դարձավ, որ Հայաստանի կառավարությունը դարձել է ԶՊՄԿ 15%-ի սեփականատեր։ Հայտարարվեց, որ պետությունն այն նվեր է ստացել «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից, որը ԶՊՄԿ-ի բաժնետերերից է և պատկանում է «Գեոպրոմայնինգ Արմենիա»-ին։ «Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է»,- Կառավարությանն արված նվերն այսպես բացատրեց «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն։ 

2022-ի օգոստոսին Կառավարությունը կրկին հայտարարեց, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերից ևս 6.875% նվիրատվություն է ստացել։ Այդ անգամ նվիրողը ԶՊՄԿ-ի մյուս բաժնետերն էր՝ «ԱՄՓ» հոլդինգ ՍՊ ընկերությունը։

Պետության բաժնեմասը դարձավ մոտ 21.9% (21.875%)։

Ի սկզբանե, այն հավատարմագրային կառավարման էր հանձնվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությանը (ԱՆԻՖ)։ 

Ամիսներ անց, ԶՊՄԿ-ում պետական մասնաբաժնի կառավարումն ԱՆԻՖ-ից անցավ Պետական գույքի կառավարման կոմիտեին։ 

2021 թվականի հոկտեմբերից ի վեր, մինչև 2024-ի դեկտեմբերի 19-ը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԶՊՄԿ-ից ստացված շահութաբաժինների մասին, թվային որևէ այլ տեղեկություն դրանց մասին չկար։  

Հարցումների շղթան. ինչու՞ էին Պետգույքի կոմիտեն և ԶՊՄԿ-ն գաղտնի պահում շահութաբաժինների մասին տեղեկությունները

14 նոյեմբերի, 2024

«Հետքը» դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանին՝ խնդրելով պարզաբանել, թե որքա՞ն է  պետության շահութաբաժինը «Զանգեզուրի պղնձամոլիբդենայի կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում։

Արդյոք այդ գումարները փոխանցվել են պետությանը։ Եթե ոչ, ապա ի՞նչ են արվել։ 

21 նոյեմբերի 2024

Պետգույքի կոմիտեն մեր հարցումը վերահասցեագրել է ԶՊՄԿ-ին և ստացված պատասխանը մեզ ուղարկել: Կոմբինատից, սակայն, պատասխան նամակում հրաժարվել են մեզ տեղեկություններ տրամադրել։ 

««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, համաձայն ՀՀ գործող օրենսդրության, չի կրում Ընկերության գործունեությունից ստացված շահաբաժինների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման պարտականություն, ուստի գրությանը կից հայցվող տեղեկատվությունը Ընկերության կողմից տրամադրվել չի կարող»,- նշված է պատասխանում։

 3 դեկտեմբերի, 2024

Մեր հարցերի պատասխանները չստանալով ԶՊՄԿ-ից և Պետգույքի կառավարման կոմիտեից՝ գրավոր հարցմամբ դիմեցինք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

 Հետաքրքրվեցինք՝ արդյոք պետական մասնաբաժին ունեցող ընկերությունը կարող է թաքցնել շահութաբաժինների մասին տեղեկությունը։ Ինչու՞ Կառավարությունը չի հրապարակել դրանք՝ հաշվի առնելով, որ պետական մասնաբաժնի փաստը այդ տեղեկությունները հանրային դարձնելու հիմք է։

Եվ խնդրեցինք տրամադրել ԶՊՄԿ-ի շահութաբաժինների մասին տեղեկությունները։

09 դեկտեմբերի, 2024

ԶՊՄԿ-ից ստացված կամ ստացվելիք շահութաբաժինների մասին գրավոր հարցմամբ տեղեկություններ ենք խնդրել նաև Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից։ Խնդրել ենք պարզաբանել նաև՝ արդյոք պետությունը ստացել է շահութաբաժիններ։ Եթե ոչ, ապա ի՞նչ են արվել այդ գումարները։

13 դեկտեմբերի, 2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից մեր հարցումը վերահասցեագրել են Պետական գույքի կառավարման կոմիտե։ 

Չնայած Կոմիտեն մեր առաջին հարցման պատասխանում՝ ի դեմս ԶՊՄԿ-ի, փաստորեն, չէր տրամադրել կոմբինատի շահութաբաժինների մասին տեղեկությունները, Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջնորդությամբ տրամադրեց։ 

Պարզվեց, որ որոշվել է 2023 թվականի համար պետությանը տրամադրել 33.2 մլրդ դրամի շահութաբաժին։ 

«Ընկերության՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած բաժնետերերի արտահերթ ժողովում որոշում է ընդունվել Ընկերության՝ 2023 թվականի գործունեության արդյունքներով ընկերության կուտակված ընդհանուր զուտ շահույթից (ներառյալ նախորդ տարիները) տարեկան շահութաբաժիններ վճարել` 152 մլրդ դրամի չափով։ Հաշվի առնելով Ընկերությունում պետական բաժնեմասի չափը՝ ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետության շահութաբաժինը կկազմի շուրջ 33.2 մլրդ ՀՀ դրամ, որը կփոխանցվի համապատասխան գանձապետական հաշվին»,- պատասխանել են Պետգույքի կառավարման կոմիտեից։

Տեղեկացրել են նաև, որ 2022-ի համար որոշվել է չբաշխել շահույթը։ 

2023 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած բաժնետերերի արտահերթ ժողովում է նման որոշում ընդունվել։ 

Թե ինչու՞ է նման որոշում ընդունվել, ի՞նչ ճակատագիր է ունեցել այդ տարվա շահույթը, չի մանրամասնվում։ 

17 դեկտեմբերի, 2024

Ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ արդեն 2024 թվականի դեկտեմբերի 13-ին ԶՊՄԿ-ն ՀՀ պետական բյուջե է վճարել 33.2 մլրդ դրամի շահութաբաժին։ 

Մինչ այդ՝ 2022-2023 թվականներին, պետական բյուջե շահութաբաժինների վճարումների մասին որոշումներ չեն ընդունվել, ըստ այդմ՝ շահութաբաժիններ չեն մուտքագրվել պետական բյուջե։ 

Խոսքը հիմնականում 2022 թվականի շահութաբաժինների մասին է, քանի որ 2021-ի վերջին է պետությունը դարձել ԶՊՄԿ-ի բաժնետեր։

Ի դեպ, շահութաբաժինները կապ չունեն ԶՊՄԿ-ի վճարած մյուս հարկերի հետ, որոնք ևս մուտքագրվում են պետական բյուջե՝ շահութահարկ, եկամտային հարկ, ԱԱՀ և այլն։ 

07 հունվարի, 2025

2023 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած բաժնետերերի արտահերթ ժողովում որոշում է ընդունվել՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության՝ 2022 թվականի գործունեության արդյունքում կուտակված զուտ շահույթը չբաշխելու վերաբերյալ։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ ուղարկած հարցմամբ խնդրել ենք տրամադրել բաժնետերերի նշված ժողովի արձանագրությունը, որից պարզ կդառնար, թե ինչու է որոշվել չբաշխել շահույթը։ 

Հարցրել ենք նաև՝ 2023 թվականին մյուս բաժնետերերի շահութաբաժինները փոխանցվե՞լ են։ Եթե այո, ապա ե՞րբ եւ ո՞ր բաժնետերը որքա՞ն շահութաբաժին է ստացել։

16 հունվարի, 2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին ուղղված մեր հարցմանը կրկին արձագանքել է Պետական գույքի կառավարման կոմիտեն։ 

Հայտնում են, որ չեն կարող տրամադրել 2023 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած բաժնետերերի արտահերթ ժողովի արձանագրությունը, ինչպես նաև՝ մյուս բաժնետերերի և վերջիններիս շահութաբաժինների վերաբերյալ տեղեկությունները։ 

Կոմիտեից առաջարկել են դիմել ԶՊՄԿ-ին։ 

21 հունվարի, 2025

Նույն հարցերն ուղղել ենք ԶՊՄԿ-ին, սակայն պատասխան դեռևս չունենք։ 

Հարցումների այս ամբողջ շղթայում հատկանշական փաստ է, որ Մհեր Գրիգորյանի, ԶՊՄԿ-ի ու Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ նամակագրության ընթացքում պետական բյուջե մուտքագրվեց 33.2 մլրդ դրամ։ 

Սակայն, 2022 թվականի և 2021-ի վերջին ամիսների շահութաբաժինների մասին տեղեկությունները գաղտնի են պահվում։

Ի՞նչ են ցույց տալիս ԶՊՄԿ-ի հաշվետվությունները

Ըստ ընկերությունների պետական ռեգիստրում հրապարակված իրական շահառուների վերջին հայտարարագրի (13/10/2024 դրությամբ)՝ ԶՊՄԿ-ում այժմ, բացի պետությունից, բաժնետեր և իրական շահառու են Ռուսաստանի հինգ քաղաքացիներ՝ Սվետլանա Երշովան, Միրզաազիզ Մուսախանովը, Ալեքսանդր Տրունովը, Եվգենիա Վասիլեվան, Իրինա Գորշկովան։ Բոլորը նշված են որպես ընկերության անուղղակի մասնակիցներ, և յուրաքանչյուրն ունի 11.911% բաժնեմաս։ 

Նրանց և պետական մասնաբաժնի հանրագումարը 81.43% է։ Ամբողջից մնացած 18.57%-ի սեփականատերերը՝ իրական շահառուները, հայտարարագրում չեն երևում։ Հավանաբար, նրանց մասնաբաժինները փոքր են, և օրենքը թույլ է տվել գաղտնի մնալ։ 

Վերը նշված անձինք՝ Ռուսաստանի քաղաքացիները, ունեն անուղղակի մասնակցություն ԶՊՄԿ-ում՝ միջանկյալ ընկերության միջոցով։ Ըստ ռեգիստրում ներկայացված գծապատկերի՝ նրանց է պատկանում Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Նեո մետալս հոլդինգ լիմիթեդ»-ը, որն էլ իր հերթին ԶՊՄԿ-ի բաժնետեր է։

Այս անունները երևում են նաև Հայաստանում Սոթքի ոսկու հանքավայրի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի բաժնետերերի ցանկում։ 

ԶՊՄԿ-ի բաժնետերերի գծապատկերում մյուս միջանկյալ ընկերություններն են՝ Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն,  «Ուրբանեվենտ պլյուս» ՍՊԸ-ն և Հայաստանում գրանցված «ԱՄՓ հոլդինգս» ՓԲԸ-ն։

«2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր շահաբաժինը կազմել է ավելի քան 294 մլրդ դրամ, որից վճարվել է 152 մլրդ դրամը, դրանից Կառավարության համապատասխան մասնաբաժնով ՀՀ բյուջե է վճարվել 33 մլրդ 249 մլն դրամ։ Կա դեռևս չվճարված 142 մլրդ դրամի շահաբաժին, որից կրկին պետական բյուջե պետք է վճարվի պետության մասնաբաժնին համապատասխան»,- Կառավարության 2024-ի դեկտեմբերի 19-ի նիստին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: 

ԶՊՄԿ-ի հրապարակած վերջին ֆինանսական հաշվետվությունն ամփոփում է 2023 թվականը։ Ըստ հաշվետվության՝ 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ընկերության չբաշխված շահույթը կազմել է 294 մլրդ դրամ։ Նույն ցուցանիշն է, որը նշել է Դավիթ Խուդաթյանը։ 

«Այստեղ նրբություն կա՝ բաժնետերերը պետք է որոշեն՝ շահաբաժին վճարե՞լ, թե՞ չվճարել։ Դա առանձին վարչական որոշում է, որը նաև շուկայի ներդրումներ անելու անհրաժեշտության և տարբեր գործոնների հետ է կապված։ Բայց, կարծում եմ, այս մուտքը շատ էական է»,- Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ առանց այլ մանրամասներ հայտնելու։

Այսպիսով, Կառավարությունը դեռևս չի բացահայտել`

  • ի՞նչ է արվել մնացած 142 մլրդ դրամի շահույթը,
  • ինչու՞ է որոշվել չբաշխել այն,
  • պետությունից բացի, մնացած մասնակիցներն արդյոք ստացել են շահութաբաժիններ։

Այս տեղեկությունները ստանալու միակ հույսը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումն է։ 

Գլխավոր լուսանկարում ձախից՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter