HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հայկական ավիաուղիները» Երեւան է տեղափոխել իր առաջին Boeing 737-800 տիպի ինքնաթիռը

2025 թ. ապրիլին թռիչքային գործունեությունը ժամանակավոր դադարեցնելուց մեկ տարի անց՝ 2026-ի մայիսի 22-ին, «Հայկական ավիաուղիները» Ստամբուլից Երեւան է տեղափոխել Boeing 737-800 տիպի ինքնաթիռ: 

2021-ի փետրվարին հիմնադրված «ՀԱՈւ»-ն, որը ոչ մի կապ չունի Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիների» հետ (լուծարվել է 2020-ին), չնայած օգտագործում է վերջինիս անունն ու տարբերանշանը, 2022-ի դեկտեմբերին ստացել է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), իսկ թռիչքները մեկնարկել է 2023-ի մարտին: 

Ավիաընկերությունը 2023-2025 թթ. շահագործում էր Airbus A321 տիպի օդանավեր: Նախորդ տարվա մարտի 17-ին օպերատորը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այդպես էլ եղավ: 2025-ի մարտին ու ապրիլին «ՀԱՈւ»-ի 2 օդանավերը Երեւանից թռան Թուրքիա, որտեղ ներկայում շահագործվում են: 

Տեւական ժամանակ ավիափոխադրողը չուներ ինքնաթիռ, ինչի պատճառով Քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) 6 ամսով կասեցրեց նրա ՕՇՎ-ի գործողությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «ՀԱՈւ»-ն Airbus A321-երի փոխարեն այսուհետ շահագործելու է Boeing 737-800-ներ: 

Կառավարության կողմից ընդունված ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր: 

Եվ ահա 2025-ի աշնանը, այն բանից հետո, երբ «Հայկական ավիաուղիները» կրկին բավարարում էր այս պայմանը, ՔԱԿ-ը վերականգնեց նրա ՕՇՎ-ի գործողությունը:

Երեկ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից «Զվարթնոց» տեղափոխված բորտն, ըստ planespotters.net-ի, արտադրվել է 2006-ին, 2006-2024 թթ. շահագործվել է Հնդկաստանում տեղական տարբեր ավիաընկերությունների կողմից: Շահագործումից հանվել է 2024-ի փետրվարին եւ ավելի քան մեկ տարի՝ մինչեւ 2025-ի հունիս, կանգնած էր Դելիի օդանավակայանում: 2025-ի հունիսից մինչեւ 2026-ի հունվար օդանավը կայանված էր հնդկական Հայդաբարադի օդանավակայանում, իսկ փետրվարին տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ գտնվում էր մինչեւ մայիսի 22-ը: 

Ըստ planespotters.net-ի՝ 2024-ի սեպտեմբերից Boeing 737-800-ը գրանցված է բրիտանական գահին պատկանող օֆշորային Գերնսի կղզու օդանավերի ռեգիստրում որպես 2-TWCA: Այս ռեգիստրի համաձայն՝ բորտի սեփականատերը իռլանդական TWC Aviation Capital-ն է: Առաջիկայում սպասվում է այս օդանավի գրանցումը ՀՀ օդանավերի ռեգիստրում:

Տարածելով օդանավի՝ Երեւան ժամանելու տեսանյութը՝ «Հայկական ավիաուղիները» երեկ հայտարարել է, որ չվերթերի վերագործարկման, թռիչքների ժամանակացույցի եւ ուղղությունների մասին կհայտնի առաջիկայում։

Լուսանկարում՝ Ստամբուլում կայանված 2-TWCA-ն, 08.03.2026, հեղ.՝ Ույգար Զորլու, jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter