Փաշինյանի քարոզարշավի ֆինանսավորման և թոշակների կրճատման մասին պնդումները կեղծ են
Եթե այս պահին X սոցիալական հարթակում լատինատառ որոնեք «Փաշինյան» ազգանունը, արդյունքների մեջ կարող եք տեսնել ոչ հայ օգտատերերի կողմից տարածվող նույնաբովանդակ կեղծ հրապարակումներ։ Դրանք ներկա պահին վերաբերում են Նիկոլ Փաշինյանի առողջությանը, իշխանության կողմից քվեարկության կեղծմանը և մի շարք այլ թեմաների:
X սոցիալական հարթակում տարածվող անգլերեն տեսանյութը, թե ԵԱՏՄ թվայնացման բյուջեից 11 միլիոն դոլար է վերաուղղվել վարչապետի նախընտրական արշավին, ինչի պատճառով Հայաստանում կենսաթոշակները կրճատվելու են 25 %-ով, իսկ թոշակի տարիքը բարձրանալու է մինչև 67 տարեկան, չի համապատասխանում իրականությանը։ Ֆինանսական միջոցների վերաուղղման և ընտրարշավի ֆինանսավորման վերաբերյալ պնդումը չի հաստատվում, իսկ ՀՀ իրավական և բյուջետային համակարգում կենսաթոշակների կրճատումների կամ տարիքային շեմի բարձրացման որևէ նախագիծ կամ քննարկում չկա։
Ի՞նչ պնդումներ են արվում տարածվող տեսանյութում
և ե՞րբ է սկսվել տարածումը
Համացանցում շրջանառվող տեսանյութում ասվում է, թե ՀՀ հաշվեքննիչ պալատից գաղտնի փաստաթղթի արտահոսք է եղել, որը հրապարակել են հայ լրագրողները:
«Համաձայն փաստաթղթի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական նախընտրական արշավը ֆինանսավորում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջոցներից, որոնք հատկացվել էին թվայնացման ծրագրերի իրականացման համար։ Հատկացված 48 միլիոն ԱՄՆ դոլարից առնվազն 11 միլիոնը վերաուղղվել է քարոզչական գործունեություն իրականացնելու և կառավարության գործող ղեկավարին սատարող ընտրական նյութեր պատրաստելու համար։ Իր հերթին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը հաստատել է, որ թվայնացման բյուջետային դեֆիցիտը կփակվի կենսաթոշակային համակարգի հաշվին։ Սա անխուսափելիորեն կպահանջի, որ հաջորդ տարվա սկզբից կենսաթոշակային տարիքը բարձրացվի մինչև 67 տարեկան, իսկ կենսաթոշակները կրճատվեն 25%-ով։ Ըստ նախարարի տեղակալի՝ նման միջոցառումները հարկադրված են և անհրաժեշտ՝ առկա բյուջետային դեֆիցիտը փակելու համար»։
Տեսանյութն առաջին անգամ տարածվել է DK (@1Nicdar) անվամբ օգտատիրոջ կողմից մայիսի 16-ին՝ ժամը 2:09-ին: Իբրև ԱՄՆ նախագահ Թրամփի աջակից ու «հպարտ ամերիկացի» ներկայացող այս օգտատիրոջ էջում, որն ունի մոտ 458 հազ. հետևորդ, հրապարակումն արձանագրել է շուրջ 1,3 միլիոն դիտում:
Ընդամենը մեկուկես ժամ անց՝ 3:26-ին, նյութը նույնությամբ տարածվել է THE REAL DARK JUDGE (@ROYALMRBADNEWS) էջով, որտեղ հավաքել է 2,1 միլիոն դիտում (այս օգտատերն էլ ներկայանում է Լոնդոնից, ունի մոտ 84 հազ. հետևորդ):
Այս էջում տեսանյութը կրկին տարածվել է նաև մայիսի 19ին՝ հավաքելով ավելի քան 700 հազ․ դիտում։
Նույն օրը՝ ավելի ուշ, տեսանյութը տարածվել է Nadira Ali անվամբ օգտատիրոջ էջում, որը ներկայանում է Պաղեստինի դրոշով ու իր նկարագրության մեջ նշում է, թե անդրադառնում է Մերձավոր Արևելքի խնդիրներին, աշխարհաքաղաքականությանը, հրատապ լուրերին և հանդես գալիս որպես «ձայնազուրկների ձայն», ունի մոտ 146 հազ. հետևորդ։ Այստեղ տեսանյութը հավաքել է 1,5 միլիոն դիտում։
Հաջորդ օրը՝ մայիսի 17-ին, տեսանյութը տարածվել է Dr.Sam Youssef Ph.D.,Ph.D.,DPT. օգտատիրոջ էջով (ներկայանում է իբրև գիտնական, հետազոտող, մարդու իրավունքների խորհրդատու, ունի ավելի քան 762 հազ. հետևորդ)․ այս էջում նյութը հավաքել է մոտ 500 հազար դիտում։
Այս հրապարակումից տասը րոպե անց տեսանյութը տարածվել է նաև @IranGulfWar օգտատիրոջ էջում՝ ստանալով ավելի քան 750 հազ. դիտում:
Մայիսի 18-ին հրապարակման տարածումը շարունակվել է՝ նմանատիպ ուղեկցող տեքստով և էմոջիներով։ Այդ օրը նյութը հրապարակվել է Ivo Toniut օգտատիրոջ էջում՝ ստանալով ավելի քան 396 հազ. դիտում: Այս օգտատերը ներկայանում է իտալացի, որն իր չափահաս կյանքի մեծ մասն անց է կացրել Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում:
Ամսի 18-ին տեսանյութը տարածել է նաև Syrian Girl անունով օգտատերը, որի էջի նկարագրության մեջ նշված է, թե լրագրող, գիտնական և վերլուծաբան է, անունը՝ Maram Susli, երկիրը՝ Ավստրալիա։ Այս էջում Փաշինյանի մասին տեսանյութն արձանագրել է ամենամեծ տեսանելիությունը՝ 2,6 միլիոն դիտում։
Syrian Girl-ի էջում նախկինում ևս հրապարակվել են Հայաստանին վերաբերող նմանատիպ տեսանյութեր: Դրանք պատրաստված են նույն ոճով, ներառյալ՝ արհեստական բանականությամբ գեներացված ձայնը և նույնատիպ մոնտաժը։ Էջը բազմիցս անդրադարձել է Սիրիայի պատերազմին ու քիմիական հարձակումների թեմային՝ առաջ տանելով Ասադի իշխանություններին աջակցող և դավադրապաշտական թեզեր։ Սիվիլնեթը գրում է, որ նա որպես մեկնաբան պարբերաբար հանդես է գալիս ռուսական պետական RT (Russia Today) հեռուստաալիքով, իսկ 2024 թվականին Մոսկվայում մասնակցել է «Ռուսասերների միջազգային շարժման» համագումարին։
Ն. Փաշինյանին վերաբերող տեսանյութի տարածման շղթան շարունակվել է մայիսի 19-ին, երբ նյութը հրապարակվել է Roberto (@UniqueMongolia) անունով օգտատիրոջ կողմից: Վերջինս նշում է իր հետաքրքրվածությունը աշխարհաքաղաքականության, պատմության, գրականության ու արվեստի նկատմամբ և հանդես գալիս որպես անգլերեն, գերմաներեն, իսպաներեն ու ֆրանսերեն գրառումներ կատարող թարգմանիչ։ Այս էջում տեսանյութն ունեցել է շուրջ 692 հազար դիտում։
Բացի հիշատակված էջերից՝ տեսանյութը տարածվել է նաև ավելի փոքր լսարան ունեցող այլ օգտատերերի կողմից։ Բոլոր էջերում արձանագրվել են մեծ թվով մեկնաբանություններ, հավանումներ և տարածումներ։
Տեսանյութում ներառված «News.am» կայքի
էկրանապատկերը կեղծ է
Տարածվող տեսանյութում կա նաև մի էկրանապատկեր, որն ունի հայկական news.am լրատվական կայքի վիզուալ ձևավորումը: Լուսանկարում պատկերված է «Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը» բաժինը, հրապարակման ժամն ու ամսաթիվը՝ «00:49 | 15 մայիսի, 2025», և հետևյալ վերնագիրը՝ «Հաշվեքննիչ պալատի փաստաթուղթը բացահայտում է՝ Փաշինյանը նախընտրական քարոզարշավը ֆինանսավորել է ԵԱՏՄ միջոցներով»։
Մինչդեռ news.am-ում 2025-ի մայիսի 15-ին՝ 00:49-ին, հրապարակվել է բոլորովին այլ նյութ՝ «պատահարներ» բաժնում։
Wayback Machine գործիքի միջոցով ևս news.am-ում հնարավոր չէ գտնել նման վերտառությամբ որևէ հոդված։ Բացի դրանից՝ Google-ով պարզ որոնում կատարելու դեպքում նման վերնագրով որևէ նյութ որևէ կայքում չի գտնվում։
Ո՞րն է կենսաթոշակային տարիքը Հայաստանում
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ-ում տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ։ Կան նաև ավելի վաղ կենսաթոշակի իրավունք ստացող անձանց կատեգորիաներ: Իսկ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը 65 տարին լրանալուց հետո ստանում է ծերության նպաստ՝ համաձայն «Պետական նպաստների մասին» օրենքի:
Քանի որ օրենքներն ընդունում, փոփոխում և լրացնում է Ազգային ժողովը, կենսաթոշակի կամ ծերության նպաստ ստանալու տարիքի փոփոխությունը ևս պետք է կատարի խորհրդարանը: Իսկ դրանից առաջ նախ պետք է կազմվի և շրջանառվի օրենքում փոփոխություն անելու մասին նախագիծ: Մինչ օրս ՀՀ կառավարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ որևէ այլ իրավասու մարմնի կողմից կենսաթոշակային տարիքը 67 տարեկան դարձնելու կամ թոշակները կրճատելու վերաբերյալ որևէ նախագիծ չի շրջանառվել, նման քննարկումներ չեն եղել։
Տարածված տեսանյութում որևէ փաստաթուղթ, ապացույց չի ներկայացվում նաև ԵԱՏՄ միջոցներից 11 մլն դոլար ներքաղաքական քարոզչությանը հատկացնելու վերաբերյալ: Նույնը վերաբերում է փոխնախարար Սմբատյանին վերագրվող հայտարարությանը, թե թվայնացման ծրագրերի բյուջետային դեֆիցիտը պետք է փակվի կենսաթոշակային համակարգի հաշվին:
Այսպիսով, X սոցիալական հարթակում տարածվող անգլերեն տեսանյութը, թե ԵԱՏՄ թվայնացման բյուջեից 11 միլիոն դոլար է վերաուղղվել վարչապետի նախընտրական արշավին, ինչի պատճառով Հայաստանում կենսաթոշակները կրճատվելու են 25 %-ով, իսկ թոշակի տարիքը բարձրանալու է մինչև 67 տարեկան, չի համապատասխանում իրականությանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել