HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում

«Ժամանակակից ակադեմիական երաժշտություն լսել և հասկանալը շատերի համար բարդ է, բայց երբ դա հաղթահարվում է, բացվում են երաժշտության ընկալման նոր հորիզոններ, որոնք փոխում են և մոտեցումները և նույնիսկ ապրելակերպը»,- այսպիսի խորհուրդ է տալիս կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը ոչ երաժիշտ ունկնդիրներին իր՝ «Ինչպե՞ս լսել ու հասկանալ ժամանակակից ակադեմիական երաժշտությունը» հոդվածում։ 

«Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնը նպատակ ունի զարգացնել, խթանել ժամանակակից ակադեմիական երաժշտությունը Հայաստանում։ Ամենամյա փառատոնը այս տարի սկսվեց Դիլիջանում` երիտասարդ կոմպոզիտորների ակադեմիայից։ Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը մասնակիցները հնարավորություն ունեցան  կատարելագործել արագ ստեղծագործելու իրենց հմտությունները և վարպետության դասեր անցնել  կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանի, Ռուբեն Անտոնյանի և Սերգեյ Ումրոյանի մոտ։ Իննամյա փառատոնը վերջին 2 տարիներին անցկացվում է  «Ernst von Siemens» երաժշտական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Փառատոնը Հայաստանում առաջին ծրագիրն է, որին աջակցում է  նորարարությունն ու ապագայի երաժշտությունը խթանող հեղինակավոր հիմնադրամը։

Մայիսի 24-ին` ժամը 19։30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնի բացման համերգը, որին ելույթ ունեցավ փառատոնի ռեզիդենտ «Ասոնանս» անսամբլը՝ Հայաստանում ժամանակակից ակադեմիական երաժշտության միակ անսամբլը (երաժիշտներ՝ Նարեկ Ավագյան (ֆլեյտա), Արսեն Գրիգորյան (կլառնետ), Իվետա Կորկինա (ջութակ), Թերեզա Նաչարյան (ջութակ), Միքայել Նավասարդյան (թավջութակ), Անահիտ Դիլբարյան (դաշնամուր), Գայանե Ասլանյան (դաշնամուր))։

Համերգային ծրագրում ընդգրկված էին 6 երկրներից (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Լիտվա, Լատվիա, Էստոնիա) ընտրված երիտասարդ կոմպոզիտորների նոր գործեր: 

Մեկնաբանություններ (1)

Արթուր Ավանեսով
Այո, ժամանակակից երաժշտություն կատարելն ու լսելը իրոք կարևոր է։ Բայց ֆիլհարմոնիայի նոր Սթայնվեյ դաշնամուրի լարերը մեդիատորով քերելը անթույլատրելի է և չպիտի տեղի ունենար, առավել ևս, երբ գեղարվեստական արդյունքը դա բոլորովին էլ չի երաշխավորում։ Երբ անգամ աշխարհի լավագույն համերգասրահներն են նախապես հետաքրքրվում, թե ինչպես է օգտագործվելու գործիքը արդի երաժշտություն նվագելու դեպքում, մենք մեզ նման բան չպիտի որ կարողանանք թույլ տալ։ Մեկ էլ երբ պիտի նման գործիք մտնի Հայաստան։ Որ վնասվեց, միայն այդպիսի երաժշտություն էլ կկարողանանք դրանով նվագել։ Որպես դաշնակահար ես զարմացած եմ, որ նման բան կատարվեց հենց այդ գործիքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter