Հայաստանի ժողովրդագրության մտահոգիչ վիճակը. ինչ լուծում են առաջարկում քաղաքական ուժերը
Հայաստանի ժողովրդագրության խիստ մտահոգիչ վիճակի մասին մասնագետների բացատրություններն առարկայական դարձան բոլորովին վերջերս, երբ սկսեց քննարկվել դպրոցներ լուծարելու մասին ԿԳՄՍ նախարարի` 2023թ․-ին ընդունած հրամանը։ Առաջիկա ուսումնական տարում մարզերում 229 դպրոց է փակվելու։ Հայաստանի բոլոր մարզերը ներառված են ցանկում, առաջին եռյակում Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերն են։ Առաջին երկու մարզերում փակվելու է 48-ական դպրոց, Լոռիում՝ 47 դպրոց, մյուս մարզերում՝ ավելի քիչ։
Գյուղացիները դպրոցների լուծարումը համարում են գյուղի լուծարում։ Նախընտրական հանդիպումների ժամանակ քարոզարշավի դուրս եկած վարչապետ Ն․ Փաշինյանին գյուղացիներն ամենից շատ այդ հարցում են ընդդիմանում։
2023թ․ մարտին Երևանում հրավիրված «Ապագա հայկականը» եռօրյա համաժողովի մասնակիցները հատկապես զարմացած էին վիճակագրական այն տվյալներից, որ մարզերում ծնելիության մակարդակը Երևանի համեմատությամբ ցածր է։ Սովորաբար ծնելիությունը բարձր է լինում գյուղական բնակավայրերում, ոչ թե մեծ քաղաքներում։
Համաժողովի մասնակիցների 74,67%-ի քվեարկությամբ անհրաժեշտ համարվեց՝ ժողովրդագրական քաղաքականությունը Հայաստանում հռչակել քաղաքականության գլխավոր ուղղություն։
Համաժողովի նախապատրաստական փուլում բնակչության աճի փորձագիտական հանձնախումբը ուսումնասիրություն էր իրականացրել միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների, դեմոգրաֆների և ոլորտային գիտական շրջանակների այլ փորձագետների մասնակցությամբ: «Եթե մոտ ապագայում հնարավոր լինի կանխել ժողովրդագրության անդառնալի կետին հասնելը, ապա դա մեծ ձեռքբերում կլինի»,- հայտարարվեց Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը քննող փորձագետների խմբի անունից։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) 2024թ․-ին մշակել եւ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրել (2024թ․ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 8–ը) «Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման 2024-2030 թվականների ռազմավարությունը», բայց այն չի ընդունվել։
ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը հայտնեց, որ նախագիծն ուղարկվել է լրամշակման։ Այդ օրից անցել է 1 տարի 7 ամիս և մինչ օրս լրամշակված փաստաթուղթը չի ներկայացվել։ Նշանակում է, գործող իշխանության համար մտահոգիչ չէ տարածքային անհամաչափությունը, որն ուղղակիորեն կապակցված է ժողովրդագրության հետ։
Ռազմավարության նախագիծը մշակվել է Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների հիման վրա («Հայաստանի ժողովրդագրական ժողովածու», 2015-2022թթ․ հրապարակումներ և «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2023»)։ Այն շատ ուշագրավ տեղեկություններ է բովանդակում տարածքային անհամաչափության մասին, նաև առաջարկներ է ներկայացնում դրանք հարթելու համար։
Ըստ նախագծի՝ տարածքային տնտեսական զարգացման անհամաչափությունների հիմնական պատճառը աշխատանքի արտադրողականության տարբերություններն են, որոնք իրենց հերթին հիմնականում պայմանավորված են տնտեսությունում գյուղատնտեսության բարձր մասնաբաժնով։ Հաշվի առնելով համայնքների ֆիսկալ հնարավորությունների սահմանափակությունը՝ այս խոչընդոտների վերացման կամ մեղմման համար կպահանջվի պետական զգալի և ուղղորդված միջամտություն, որն ուղղված է լինելու առավել խոցելի տարածքների համար մասնավոր ներդրումների գրավչության ավելացմանը։
Թե ինչու է մարզերում ծնելիության մակարդակը ցածր, հարցին պատասխանում է նախագծում ամփոփված վիճակագրությունը․ 2015-2022թթ․ ընթացքում Հայաստանի մշտական բնակչությունը կրճատվել է մոտ 49 հազար մարդով կամ 1․6 %-ով։ «Մշտական բնակչության թվաքանակի տվյալները, որոնք հիմնված են 2011թ․ -ի մարդահամարի վրա և հաշվի են առնում բնակչության բնական աճն ու արտաքին և ներքին միգրացիան, վկայում են բնակչության թվաքանակի աճի հսկայական տարածքային անհամաչափությունների մասին։ Եթե Երևանում բնակչության թվաքանակը նույն ընթացքում աճել է մոտ 21 հազար մարդով (2 %), ապա բոլոր մարզերում այն կրճատվել է։ Ամենամեծ կրճատումը տեղի է ունեցել Վայոց Ձորի մարզում՝ 7․4 %, Լոռիում՝ 7․1 %, Շիրակում՝ 6․5 %, Տավուշում՝ 5․5 %, Արագածոտնում՝ 5․1 %։
2015-2022թթ․ ընթացքում բնակչության գումարային բացարձակ բնական հավելաճը կազմել է ընդհանուր առմամբ շուրջ 70 հազար մարդ։ Երևանն ապահովել է այդ հավելաճի 53 %-ը։ Երևանում 2015-2022 թթ․ արձանագրված գումարային բնական հավելաճը 13 %-ով գերազանցել է Հայաստանի 10 մարզերի ընդհանուր բացարձակ բնական հավելաճին։ Լոռու և Տավուշի մարզերում 2015-2022 թթ․ ընթացքում բնական հավելաճը եղել է բացասական։ Ամենափոքր դրական բնական հավելաճը դիտվել է Սյունիքի, Վայոց Ձորի և Շիրակի մարզերում։
Բնակչության թվաքանակի կրճատման հետ միասին առկա են նաև բնակչության ծերացման միտումներ, որոնք դրսևորում են տարածքային էական անհամաչափություններ։ 2015-2022թթ․ ընթացքում աշխատունակ բնակչության թվաքանակի հարաբերական ցուցանիշը (1,000 բնակչի հաշվով) երկրում կրճատվել է 5․7 %–ով, աշխատունակ տարիքից բարձր բնակչության նույն ցուցանիշն աճել է 23 %–ով, իսկ 0-15 տարեկան երեխաների ցուցանիշն աճել է ընդամենը 4․6 %–ով։ Աշխատունակ տարիքից բարձր բնակչության հարաբերական ցուցանիշի ամենամեծ աճը դիտվել է Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում՝ 28-30 տոկոս։ 0-15 տարեկանների հարաբերական թվաքանակը նվազել է Սյունիքի մարզում՝ 5 %, Տավուշում՝ 2․3 %, Գեղարքունիքում՝ 1․5 % և Արմավիրում՝ 1․3 % և այլն։
«Բնակչության թվաքանակի նվազման, ինչպես նաև ծերացման այս միտումներն էապես կրճատում են նշված մարզերում առկա մարդկային ներուժը և խոչընդոտում մարդկային կապիտալի կուտակմանը՝ նպաստելով նաև տնտեսական զարգացման հնարավորություններին և դրա տարածքային անհամաչափությունների հետագա խորացմանը»,– ասվում է ռազմավարական նախագծում։
Տարածքներում մարդկային ներուժը բնութագրող բնակչության թվաքանակի և բնական հավելաճի ցուցանիշների անկումը ժամանակի մեջ մեծապես պայմանավորված է ծնունդների և ամուսնությունների ցածր ցուցանիշներով, ինչպես նաև ամուսնանալու ու մայրանալու միջին տարիքի աճով։ 2022 թ․ Հայաստանում 1,000 բնակչի հաշվով ծնվել է 12․2 մարդ և 2015 թ․ նկատմամբ այս ցուցանիշը նվազել է 12․4 տոկոսով։ Նկատի ունենալով բնակչության ծերացումը և դրա հետ կապված մահացությունների թվի հետագա սպասվող աճը՝ ծնունդների քանակի այս միտումը կարող է բերել բնակչության բնական հավելաճի է՛լ ավելի կրճատման։ Ծնունդների հարաբերական ցուցանիշն ու դրա շարժընթացն ունեն էական տարածքային անհամաչափություններ։
Նկատի ունենալով, որ Հայաստանում ծնվածների մեկ երրորդը առաջին ծնունդներն են, ծնունդների թվի ավելացումը մեծապես պայմանավորված է ամուսնությունների թվով։ 2022թ․ ամուսնության ընդհանուր գործակիցը կազմել է 5․6՝ 1,000 բնակչի հաշվով, 2015 թ. նկատմամբ նվազելով 3․9 տոկոսով։ Ամենամեծ անկումը գրանցվել է Երևանում՝ 11․9 %, Արմավիրում՝ 8․3 % և Վայոց Ձորի մարզում` 6․5 %։
«Անդառնալիության կետին» չհասնելու համար նախագծի հեղինակներն առաջարկում են հիմնական քաղաքականություններն ու միջոցառումներն ուղղել ծնելիության և ամուսնությունների աճի խրախուսմանը՝ համայնքի հարկային դաշտի փոփոխությունների օգտագործմամբ։ Նախատեսել են՝
- Գյուղական բնակավայրերում նորաստեղծ ընտանիքներին ոչ գյուղատնտեսական, պահուստային հողերի տրամադրման մեխանիզմների մշակում՝ բնակարանաշինության նպատակով։
- Նշված ցուցանիշների գծով լավագույն առաջընթաց ունեցող համայնքների խրախուսման մեխանիզմների մշակում և ներդրում։
Այս նախագիծը կարող էր լինել իշխող քաղաքական ուժի՝ տարածքային անհամաչափությունը վերացնելու գործողությունների ծրագիրը, բայց չեն ցանկացել։ Իշխանությունը պահպանելու հավակնություն ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը նախընտրական ծրագրում երկրի տարածքային անհամաչափությանը և ժողովրդագրական վիճակին անդրադարձել է մեկ նախադասությամբ։ Ծրագրի 17-րդ կետում, որն անվանել են «Հայաստանի գյուղեր», գրում են․ «Ցեխի միջից դուրս բերելը կշարունակի մնալ կարևոր խնդիր մարդկանց հարմարավետությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելու տեսակետից»։ Խոստանում են նաև 3000 նոր տուն կառուցել սահմանամերձ և այլ գյուղական բնակավայրերում։
Ի՞նչ են առաջարկում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական մյուս ուժերը՝ տարածքային անհամաչափությունը վերացնելու համար
Ազգային ժողովի ընտրություններին մասնակացող 18 կուսակցություններն ու ընտրական դաշինքները որքանո՞վ են կարևորում ժողովրդագրության հարցը, ի՞նչ առաջարկներ ունեն Հայաստանի ժողովրդագրական վիճակը բարելավելու, արտագաղթը կասեցնելու և հանրապետությունում տարածքային համաչափություն ապահովելու համար։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրում 7 էջ է զբաղեցնում տարածքային անհամաչափության հարցը, ներկայացված են նաև պատճառներն ու լուծումները։ Ծրագրում քննարկվում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ներկայիս վիճակը, ոլորտը զարգացնելու վերաբերյալ իշխող ՔՊ կուսակցության ստանձնած պարտավորություններից հրաժարումը, ծառայությունների կենտրոնացումը տեղական իշխանության ձեռքին, տարածքային անհամաչափության խորացումն ու դրա հետևանքները։
«Ուժեղ Հայաստանը» հայտնում է, որ իրենց գործողություններն ուղղակիորեն փոխկապակցված են լինելու մարզերում զբաղվածության ընդլայնմանը, մասնավորապես՝ մշակող արդյունաբերության ոլորտում։ Առաջարկվում է՝
- գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական զբաղվածության ընդլայնում,
- երեխա ունեցող ընտանիքների աղքատության վերացում։
«Աղքատության 21 %-ի պայմաններում երեխա ունեցող ընտանիքների մոտ 31 %-ն աղքատ է։ «Սա ոչ միայն սոցիալական, այլև ժողովրդագրական խնդիր է, և դրա լուծումը լինելու է մեր առաջնահերթություններից մեկը»,- ասվում է կուսակցության ծրագրում։
«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրում ժողովրդագրական վիճակը փոփոխելու համար նախատեսում են ստեղծել Համահայկական ժողովրդագրական հիմնադրամ։ Այն հնարավորություն կտա՝
- Աշխարհասփյուռ ներուժով սնվող սոցիալական աջակցության համակարգի ստեղծում՝ խթանելու ծնելիությունը և զարգացնելու սակավաբնակ բնակավայրերը:
- Երիտասարդ ընտանիքների համար անշարժ գույք ձեռք բերելու նպատակով եկամտահարկի վերադարձի վերականգնում և «Աճող ընտանիքի» մոդելի ներդրում (երկրորդ երեխայից սկսած եկամտահարկի 3-ական տոկոսային կետով նվազեցում):
- «Հայաստան» հիմնադրամի վերածնունդ,
- Վստահության վերականգնում՝ թափանցիկության միջազգային խիստ ստանդարտների կիրառմամբ և միջոցների նպատակային ուղղմամբ դեպի սահմանամերձ բնակավայրեր:
- «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունում և «Մեկ պատուհան» կենտրոնի ստեղծում՝ գործընթացը դյուրացնելու և իրավական աջակցություն տրամադրելու համար:
Ժողովրդագրության հարցը կարևորել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Սփյուռքի երիտասարդ մասնագետներին դեպի Հայաստան գրավելու համար առաջարկում են ստեղծել «Սփյուռքի տաղանդների և գիտելիքի փոխանցման ցանց»: «Պետք է ստեղծվի միջազգային հարթակ, որը սփյուռքի հայ երիտասարդ մասնագետներին կկապի Հայաստանում իրականացվող գիտակրթական, տեխնոլոգիական, մշակութային, սոցիալական նախագծերին»,- ասվում է ծրագրում։ Առաջարկում են՝
- «Վերադարձի աջակցության համապարփակ փաթեթ». մշակել անհատականացված աջակցության ծրագիր՝ հայրենադարձ երիտասարդների համար,
- հայրենադարձ երիտասարդների բնակարանային ապահովման ծրագիր, որը ենթադրում է նրանց իսկ մասնակցությամբ արտոնյալ բնակարանաշինության ծրագիր, կամ՝բնակվարձի որոշակի փոխհատուցում։
«Միասնության թևեր» կուսակցությունը երկրի տնտեսական աճին ուղղակիորեն խոչընդոտող երևույթ է համարում տարածքային անհամաչափ զարգացումը։ «Տարածքներում առկա և տնտեսական շրջանառությունից դուրս մնացած ներուժը պետք է ներառվի մեր տնտեսական ծրագրերում»,- ասվում է կուսակցության նախընտրական ծրագրում։
Նախատեսում են՝ երիտասարդ գիտնականների, ինժեներների և արհեստական բանականության մասնագետների համար ստեղծել «առաջին տեխնոլոգիական աշխատատեղ» ծրագրեր, նպատակային կրթաթոշակներ և հետազոտական հնարավորություններ։ Արդյունքում՝ մինչև 2028թ․ բարձր տեխնոլոգիական ոլորտներում զբաղվածությունը կաճի առնվազն 15%-ով, իսկ մասնագիտական արտահոսքը կնվազի առնվազն 30%-ով։
«Հանրապետություն» կուսակցությունը տարածաշրջանում և աշխարհում Հայաստանի դիմակայունության, ռազմական, քաղաքական, տնտեսական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է համարում ժողովրդագրական պատկերի փոփոխությունը։ Ծրագրում են այն իրականացնել՝ արտասահմանից ներգաղթի, ծնելիության աճի և երիտասարդ ընտանիքների խրախուսման, բարձր աշխատավարձով աշխատատեղերով արտագաղթը կանխելու, որակյալ կրթության, առողջապահության և այլ միջոցներով:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը տարածքային անհամաչափության հարցին հակիրճ անդրադարձել է ծրագրի «Արցախի և արցախցիների խնդիրները» բաժնում։ «Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի մարզերում բնակեցմանը՝ բնակարանային ծրագիրը փոխկապակցելով տնտեսական գործունեության, զբաղվածության ծրագրերի հետ՝ ապահովելով աշխատանք, դպրոց, բուժծառայություն եւ համայնքային ենթակառուցվածքներ, որպեսզի մարզ տեղափոխվելը դառնա ոչ թե պարտադրված, այլ գրավիչ ընտրություն»,- նշված է ծրագրում։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը պետության առաջնահերթություններից է համարում՝
- դեմոգրաֆիական կտրուկ աճի ապահովումը,
- Հայաստանի Հանրապետության համաչափ զարգացումը՝ առանցքային նշանակություն տալով գյուղական և սահմանապահ համայնքների զարգացմանը։
«Ռեֆորմիստներ» կուսակցությունն իր կես էջանոց ծրագրում նաև ժողովրդագրությանը վերաբերող մի առաջարկ է ներառել․ «Ձևավորվող դեմոգրաֆիկ սպառնալիքների պայմաններում մշակել դրա կանխման պետական ծրագիր՝ ներառելով ներգաղթի կազմակերպում»։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ», «Լուսավոր Հայաստան», «Բոլորին դեմ եմ», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություններն այս հարցը չեն կարևորել իրենց ծրագրերում։ «Հանուն Հանրապետության», Շնորհապետական, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգային զարթոնք» և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություններն ուսումնասիրության պահին նախընտրական ծրագիր չեն հրապարակել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել