HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ են հայտարարագրել Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության թեկնածուները

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության թեկնածուների 52%-ը գործազուրկ է, 34 հոգի եկամուտ չունի, 51-ը նաև դրամական միջոց չի հայտարարագրել։

«Հետք»-ն ուսումնասիրել է կուսակցության 82 թեկնածուների հայտարարագրերը։

Հայտարարագրերում արտացոլված են ներկայացման օրվան նախորդող 12 ամսվա գույքի, եկամուտների ու դրամական միջոցների վերաբերյալ տվյալները։

Կուսակցության վարչապետի թեկնածուն, ցուցակի առաջին համարը քաղաքագետ Լևոն Շիրինյանն է։ Նախորդ խորհրդարանական ընտրություններում նա մասնակցում էր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի կազմով։

73-ամյա Շիրինյանը աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայում որպես բաժնի վարիչ։ Նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ 56 քմ մակերեսով։ Նրա եկամուտը կազմել է 392 հազ. դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ չունի։

Ցուցակի 2-րդ համար Արգիշտ Թադևոսյանը «Բիզնես Փարթնըր» ՍՊԸ-ում վաճառքի տնօրեն է։ 80 քմ մակերեսով բնակարանի համասեփականատեր է։ Հայտարարագրել է 2023թ. և 2024թ. արտադրության 2 BYD մակնիշի մեքենա։

Նա 500 հազար դրամ եկամուտ և 2 մլն դրամ գումար է հայտարարագրել։

Ցուցակի 3-րդ համար Սիլվա Սահակյանը ոչինչ չի հայտարարագրել։

4-րդ համար Արտյոմ Աբրոյանը գործազուրկ է, հայտարարագրել է 1 հողամաս և 1 ավտոմեքենա՝ 2019թ. արտադրության Nissan Altima։ Եկամուտ չի ունեցել, հայտարարագրել է 280 հազ. դրամ գումար։

Թեկնածուների հնգյակն եզրափակում է Կարապետ Թրունին։ Հայտարարագրել է 2 բնակարան Երևանում (52քմ, 102քմ), որոնցից մեկի համասեփականատերն է, մյուսի՝ սեփականատերը։ Նա Գիտությունների ազգային ակադեմիայում առաջատար գիտաշխատող է, որպես եկամուտ հայտարարագրել է 633 065 դրամ։ Դրամական միջոցները կազմել են 4 մլն 800 հազ. դրամ։

Ամենաշատ եկամուտ ունեցողները

Թեկնածուներից ամենաշատ եկամուտը հայտարարագրել է ցուցակի 11-րդ համար Սարգիս Հարությունյանը։ Չնայած նա գործազուրկ է՝ նրա ընդհանուր եկամուտը կազմել է 1 մլն 10 հազ. դրամ, որը ստացել է բնակարանների վարձակալությունից։

Հարությունյանը 6 բնակարան ունի Երևանում, 1 բնակելի տուն և հողամաս Կոտայքի մարզում, 1 ավտոմեքենա։ 

Երկրորդ ամենաշատ եկամուտը՝ 633 065 դրամ, հայտարարագրել է ցուցակի 5-րդ համար Կարապետ Թրունին։

620 հազ. դրամով երրորդ տեղը զբաղեցնում է ցուցակի 13-րդ համար Սամվել Գևորգյանը։ Նա ևս գործազուրկ է։ Հայտարարագրել է 1 բնակարան՝ համատեղ սեփականությամբ (96քմ) և 2 բնակելի տուն` 117 քմ և 232 քմ մակերեսներով։

Ամենաշատ դրամական միջոցներ ունեցողները

Թեկնածուներից ամենաշատ դրամական միջոցներն է հայտարարագրել ցուցակի 14-րդ համար Գարիկ Դեմիրխանյանը։ Նա հայտարարագրել է 13 մլն 946 հազ. դրամ։

Դեմիրխանյանը Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս է։ Հայտարարագրել է 1 բնակարան Երևանում (74քմ) և 450 հազ. դրամ եկամուտ։

Երկրորդ ամենաշատ գումարը հայտարարագրել է ցուցակի 7-րդ համար Գագիկ Հարությունյանը՝ 5 մլն 241 հազ. 228 դրամ։ Նա «ՎԱԿ մետալ» ՍՊԸ-ում կոմերցիոն տնօրեն է։ Հայտարարագրել է 1 բնակելի տուն Եղվարդում և 1 ավտոմեքենա։ Որպես եկամուտ հայտարարագրել է 500 հազ. դրամ։

Երրորդ ամենաշատ եկամուտը՝ 4 մլն 800 հազ. դրամ, հայտարարագրել է ցուցակի 5-րդ համար Կարապետ Թրունին։

Կուսակցության 82 թեկնածուներից 71-ը Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության անդամ է, 11-ն անկուսակցական է։ Թեկնածուների միջին տարիքը 47-ն է։

3.jpg (211 KB)2.jpg (263 KB)

Թեկնածուների կեսից ավելին՝ շուրջ 52%-ը, գործազուրկ է։

1.jpg (537 KB)

51 թեկնածու դրամական միջոցներ չունի, 34-ը եկամուտ չի հայտարարագրել։ Նրանցից 12-ը դատարկ հայտարարագիր է ներկայացրել։ 

Ինֆոգրաֆիկաները՝ Նարե Պետրոսյանի

Լուսանկարում՝ ձախից՝ Արգիշտ Թադևոսյանը, Լևոն Շիրինյանը, Սիլվա Սահակյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter