Գործազուրկներ ու դատարկ հայտարարագրեր․ ի՞նչ են հայտարարագրել ԴՕԿ կուսակցության թեկնածուները
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության պատգամավորի 84 թեկնածուներն ընդհանուր 171․6 մլն դրամին համարժեք գումար են հայտարարագրել։ Թեկնածուների 76%-ը գործազուրկ է, 23-ը որևէ եկամուտ չի հայտարարագրել, 69 թեկնածու նշել է, որ դրամական միջոց չունի, 13-ն էլ դատարկ հայտարարագիր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Թեկնածուներից մեկի հայտարարագիրը ԿԸՀ կայքում չկա։ «Հետքն» ուսումնասիրել է կուսակցության 83 թեկնածուների հայտարարագրերը։
ԴՕԿ կուսակցության ցուցակն ի սկզբանե գլխավորում էր Լաս Վեգասի բանտում գտնող նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, մերժել է նրա և ևս 5 թեկնածուի գրանցումը, 3-ն էլ ինքնաբացարկ է հայտնել։
Ցուցակում առաջինը փաստաբան Լևոն Բաղդասարյանն է։ Նա 213 և 171 քմ մակերեսներով բնակելի տներ է հայտարարագրել, 187․3 քմ մակերեսով բնակարան, 6 հողամաս՝ ընդհանուր 5210.9 քմ մակերեսով, և սպասարկման ոլորտի օբյեկտ։ «Փաստաբանական գրասենյակ «Լև Գրուպ»» ՍՊԸ-ից Բաղդասարյանը ստացել է 1.6 մլն դրամ աշխատավարձ և 69.6 մլն դրամ փոխառություն։ Նա այս ընկերության տնօրենն է։ Թեկնածուն դրամական միջոցներ չի հայտարարագրել։
«Համահայկական ճակատ կուսակցություն» մամուլի խոսնակ Աննա Ղուկասյանը ԴՕԿ կուսակցության երկրորդ համարն է։ Նա միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող շենք-շինություն է հայտարարագրել՝ 28․29 քմ մակերեսով։ Ղուկասյանի հայտարարագրի մյուս տողերը դատարկ են։
Հաջորդը Սերոբ Գասպարյանն է։ Նա Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում գտնվող 250 քմ մակերեսով վարելահող է հայտարարագրել։ Հայտարարագրի մյուս տողերում մեկ բառ է գրված՝ չունեմ։
Թիմակիցների համեմատ ավելի ծավալուն հայտարարագիր է ներկայացրել չորրորդ համար Ռոլանդ Պողոսյանը։ Ըստ փաստաթղթի՝ նա ունի 4 ավտոմեքենա՝ 2022 թվականի արտադրության Tesla Model Y, 2017 թվականի Chevrolet Malibu, 2016 թվականի արտադրության BMW i3 և 1998 թվականի Opel Astra։ 2025 թվականի ապրիլի 1-ից 2026 թվականի ապրիլի 1-ը Պողոսյանը եկամուտ է ստացել միայն վարկերից՝ ընդհանուր 17․2 մլն դրամ։ Հայտարարագրման պահին թեկնածուն ունեցել է 18․5 մլն դրամ։
Կուսակցության ցուցակում 5-րդը «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակի աշխատակազմի ղեկավար Կարինե Կարագյոզյանն է։ Նա 75 քմ մակերեսով բնակարան է հայտարարագրել, որն իրեն պատկանում է համատեղ սեփականության իրավունքով։ 0․0595 հա մակերեսով մի հողամաս էլ ունի՝ բաժնային սեփականության իրավունքով։ Կարագյոզյանը փաստաբանական գրասենյակից 1․4 մլն դրամ աշխատավարձ է ստացել ու հայտարարագրել 1․5 մլն դրամ սպառողական վարկ։ Հայտարարագիրը լրացնելիս ունեցել է շուրջ 8․9 մլն դրամ։
Կուսակցության ցուցակում ընդգրկված 84 թեկնածուներից 72-ը «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության անդամ է, 3-ը՝ «Համահայկական ճակատ» կուսակցության, իսկ 9-ը՝ անկուսակցական։

Ցուցակում 39 կին և 45 տղամարդ կա։ Թեկնածուների միջին տարիքը 49-ն է։

84 թեկնածուներից 64-ը, ըստ ԿԸՀ-ում ներկայացված տվյալների, չի աշխատում։ Ստացվում է՝ 76%-ը գործազուրկ է։

Մեկ տարվա համար ամենաշատ եկամուտը հայտարարագրել է ցուցակը գլխավորող Լևոն Բաղդասարյանը՝ 71․3 մլն դրամ։ 69․6 մլն դրամ եկամտով նրան հաջորդում է 8-րդ համար Կարինե Պետրոսյանը։ Այս գումարի մեծ մասը՝ 50 մլն դրամը, վարկ է, 19․5 մլն դրամ թեկնածուն աշխատավարձ է ստացել Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից, 163․2 հազար դրամ էլ՝ բանկային ավանդից։
Ամենաշատ դրամական միջոցները հայտարարագրել է 9-րդ համար Հրաչյա Գրիգորյանը՝ 78․6 մլն դրամին համարժեք։ Հայտարարագրման պահին, ըստ փաստաթղթի, նա ունեցել է 175 հազար ԱՄՆ դոլար, 11 մլն դրամ և 8 հազար եվրո։ Ըստ ԿԸՀ-ում ներկայացված տվյալների՝ Գրիգորյանը չի աշխատում։
34․8 մլն դրամ էլ հայտարարագրել է 11-րդ համար Զարուհի Զուռնաչյանը։ Ըստ հայտարարագրի՝ նա բնապահպանական խորհրդատու է և զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել