HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությանը Արթուր Օսիպյանին ազատ արձակելու նամակ-պահանջ փոխանցվեց

Մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատներ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջ են ներկայացրել

Նրանց ներկայացուցիչները այսօր՝ հունիսի 2-ին, հավաքվել էին դատախազության առջև և ցանկանում էին հանդիպել գլխավոր դատախազին։ Սակայն, դատախազության մուտքը հսկող ոստիկանը թույլ չտվեց նրանց մտնել շենք, փոխարենը հորդորեց մոտենալ քաղաքացիների ընդունարան: 

Թեև քաղաքացիները նշեցին, որ ցանկանում են հանդիպել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, աշխատակիցը կիսաբաց դռան հետևից կրկնեց՝ «մոտեցեք քաղաքացիների ընդունարան»:

Գլխավոր դատախազին հանդիպել չհաջողվեց, սակայն քաղաքացիներն իրենց նամակ-պահանջը հանձնեցին ընդունարան։ Հավաքվածները նշեցին, որ իրենց պահանջը որպես դիմում են ընկալել և հայտնել են, որ կարող են պատասխանել 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կարիք լինի՝ նույնիսկ մինչև 30 օրվա։

Հավաքվածներն ասացին, որ գրավոր կդիմեն և հանդիպում կխնդրեն գլխավոր դատախազի հետ։

«Խոսքն անձի կյանքի և առողջության մասին է, ով 15 օր հացադուլ է անում, և սա 5-30 աշխատանքային օրերի ընթացքում դիտարկվող նամակ չէ, հուսով եմ՝ աբսուրդի այս աստիճանի չի հասնի։ Սա, նախ, պահանջ է, էստեղ չկան խնդրանքներ կամ հարցադրումներ, սա ՀՀ  քաղաքացիների պահանջն է, հուսով եմ, որ դա հստակ է նաև ստացող կողմի համար»,- նշեց Անահիտ Սիմոնյանը։

Քաղաքացի Իզաբելլա Սարգսյանն ասաց, որ իրենք Արթուր Օսիպյանին չեն ճանաչում, բայց քրեական մեղադրանքը և արարքը միմյանց հետ կապ չունեն։

Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է 2026թ․ մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, երբ քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետին և հարցեր ուղղել։ Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «... Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»,- ասել էր վարչապետ Փաշինյանը: 

Մինչ այդ միջադեպը, Արթուր Օսիպյանը սոցիալական ցանցի իր էջում գրել էր՝ եթե Նիկոլ Փաշինյանի տեղն իմացող կա, ասեք` «բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։

2026թ․ մայիսի 21-ին դատարանը երկու ամսով կալանավորել է Արթուր Օսիպյանին։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Արթուր Օսիպյանի փաստաբանն ահազանգում է՝ նա հյուծված է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter