«Արթուր Օսիպյանը հյուծված վիճակում է»․ փաստաբան
Արդեն 14 օր արցախցի Արթուր Օսիպյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլի մեջ է։ Նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հացադուլից դուրս գալու հստակ ժամկետ հնարավոր չէ ասել, քանի որ այն պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծով։ Մասնավորապես, ըստ փաստաբանի՝ Ա․ Օսիպյանը հացադուլ սկսել է վարչապետի կողմից նրա արժանապատվությունը նվաստացնելու հետևանքով և կդադարեցնի, եթե վարչապետը հրապարակային ներողություն խնդրի։
Արթուր Օսիպյանը ձերբակալվել է 2026թ․ մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, երբ քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետին և քննադատել նրան։ Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «... Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Մինչ այդ միջադեպը, Արթուր Օսիպյանը սոցիալական ցանցի իր էջում գրել էր, եթե Նիկոլ Փաշինյանի տեղն իմացող կա, ասեք` «բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։
2026թ․ մայիսի 21-ին դատարանը երկու ամսով կալանավորել է Արթուր Օսիպյանին։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
«Արթուր Օսիպյանը հյուծված վիճակում է։ Ձերբակալման պահից՝ 2026թ․ մայիսի 18-ից, արդեն 14 օր, հացադուլի մեջ է, օրգանիզմը հյուծված է։ Տրամադրված է մինչև վերջ պայքարել։ Իր անձի շուրջ ապատեղեկատվություն է տարածվել՝ պատերազմից փախչելու առումով, երբ ինքը ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմական գործողություններին սկզբից մինչև վերջ»,-ասում է Դավիթ Հովհաննիսյանը։
Փաստաբանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում պետական մարմինների կողմից ձեռնարկված գործողություններն այնքան էլ համարժեք չեն։ Նրա փոխանցմամբ՝ քրեակատարողական հիմնարկի կողմից ադեկվատ վարքագիծ կլիներ, որ պահման պայմանների հարցում ճիշտ մոտեցում ցուցաբերվեր։ Դ․ Հովհաննիսյանի խոսքով՝ հացադուլ անողների խուցն առանձին է, պայմանները բարվոք չեն, քանի որ գտնվում է կիսանկուղային հարկում։
«Լուսաթափանցելիության, խոնավության առումով խնդիրներ կան, այսպես ասած՝ պատերի վրա մի քանի տեսակի սունկ է աճում։ Միգուցե այլ նկատառումներից ելնելով են այդպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ հացադուլ չանեն, բայց մարդասիրական սկզբունքից ելնելով պիտի հակառակը լիներ, հացադուլ անողների պահման պայմանները պետք է մյուսների պահման պայմաններից չտարբերվի»,- ասում է Դավիթ Հովհաննիսյանը։
Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանի փոխանցմամբ՝ Ա․ Օսիպյանը շարունակում է հացադուլը։ Գտնվում է բժիշկների ուշադրության ներքո, առողջական վիճակը բավարար է։ Նրա փոխանցմամբ՝ հացադուլ հայտարարողների խուցը չի տարբերվում քրեակատարողական հիմնարկի խցերից։
Նշենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքային ընդհանուր պայմանները բարվոք չեն։ Հիմնարկը ենթակա է փակման, քանի որ չի համապատասխանում չափորոշիչներին։ Նախատեսվում է նոր քրեակատարողական հիմնարկ կառուցել։
Արթուր Օսիպյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանը։ Նա նշել է, որ Քրեական վարույթ նախաձեռնելու և վերջինիս ազատությունից զրկելու հիմքերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն նաև իրավասու պետական մարմիններից:
Այսօր էլ 16 հասարակական կազմակերպություն հայտարարություն է տարածել՝ ուղղված Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին։
Այժմ էլ ի պաշտպանություն Արթուր Օսիպյանի, նստացույց է իրականացվում նախագահական նստավայրի դիմաց։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել