ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակն անվավեր ճանաչելու մասին «Հանրապետություն» կուսակցության դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) քննում է «Հանրապետություն» կուսակցության դիմումը, որով պահանջվում է անվավեր կամ ուժը կորցրած ճանաչել 2026թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը, իսկ դիմումը չբավարարելու դեպքում՝ նույն պահանջով դիմել Վարչական դատարան: Դիմումը ստորագրել է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նշենք, որ երեկ՝ 2026թ. հունիսի 4-ին, Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի ժամանակ, ուղիղ եթերում վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հորդորեց Արամ Սարգսյանին «Ուժեղ Հայաստանի» և «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հավանաբար, հետևելով վարչապետի հորդորին, այսօր՝ հունիսի 5-ին, Արամ Սարգսյանի թիմը դիմում է ներկայացրել ԿԸՀ:
ԿԸՀ-ում «Ուժեղ Հայաստանի» շահերը պաշտպանում է պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը, սահմանադրագետ, պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը, իսկ «Հանրապետություն» կուսակցության կողմից նիստին մասնակցում են Երևանու ավագանու անդամ, կուսակցության անդամ Անի Խաչատրյանը, փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Գրիգոր Առաքելյանը։
ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցել է 2026թ. մայիսի 3-ին:
«Հանրապետություն» կուսակցությունը դիմումում նշել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի և դրա հետ փոխկապակցված անձանց կողմից, նրանց ուղղորդմամբ, թողտվությամբ, խթանմամբ կամ համաձայնությամբ ենթադրաբար կատարվել են ընտրակաշառքի բաժանման և ընտրողների մոտ այլ եղանակով գույքային շահագրգռվածության ձևավորմանն ուղղված բազմաթիվ գործողություններ: Դրանք արձանագրվել և բացահայտվել են իրավապահ մարմինների կողմից:
Ըստ «Հանրապետություն» կուսակցության՝ դաշինքի օգտին դրսևորվել են ընտրական գործընթացի և դրա արդյունքների նկատմամբ էական ազդեցություն գործադրելուն միտված արտաքին ազդեցության բազմաթիվ դեպքեր: Իսկ առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանը (գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին), որն, ըստ ցուցակի, վարչապետի թեկնածու է, քաղաքացիության հարցով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի պահանջներին: Այդ փաստով կա նախաձեռնված քրեական վարույթ:
«Հանրապետություն» կուսակցության դիմումում որպես հիմնավորում նշված է, որ զանգվածային լրատվական դաշտում կան բազմաթիվ հրապարակումներ ապօրինի եղանակով Հայաստանի Հանրապետություն ներթափանցող «ահռելի քանակով դրամական միջոցների մասին, որոնք ենթադրաբար փոխկապակցվում են «Ուժեղ Հայաստան»-ի հետ»: Ըստ դիմումատու կուսակցության, դրանք ընտրական գործընթացների վրա ազդելու համար են եւ կասկածի տակ են առնում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում դաշինքի ֆինանսական թափանցիկությունն ու ներգրավված արտաքին ֆինանսավորման աղբյուրները:
Դիմումին կցվել են գլխավոր դատախազին ներկայացված հանցագործության մասին հաղորդում, օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակում հավաքված և հրապարակված՝ ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդագրություններ և նյութեր, ինչպես նաև տեղեկանք՝ միջազգային փորձի վերաբերյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել