ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը, որով պահանջվում էր անվավեր կամ ուժը կորցրած ճանաչել 2026թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը, իսկ դիմումը չբավարարելու դեպքում՝ նույն պահանջով դիմել Վարչական դատարան:
ԿԸՀ-ն նշեց, որ դիմումում վկայակոչված պնդումները ենթադրություններ են և հիմնված են հաղորդագրությունների վրա: Նախընտրական հիմնադրամների ստուգման արդյունքներով ևս հաստատվել են, որ ֆինանսական խախտումներ չեն հայտնաբերվել, հետևաբար ցուցակն անվավեր ճանաչելու հիմքեր չկան։ Բացակայում են նաև Վարչական դատարան դիմելու հիմքերը:
ԿԸՀ որոշումը դատական կարգով կարող է բողոքարկվել 3 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը դիմումում նշել է, որ դաշինքի և դրա հետ փոխկապակցված անձանց կողմից ենթադրաբար իրականացվել են ընտրակաշառքի բաժանման և ընտրողների գույքային շահագրգռվածության ձևավորմանն ուղղված գործողություններ, որոնք արձանագրվել են իրավապահ մարմինների կողմից։
Դիմումում նաև նշվել է, որ դաշինքի օգտին եղել են ընտրական գործընթացի վրա էական ազդեցություն գործադրելուն միտված արտաքին միջամտության դեպքեր, իսկ դաշինքի առաջին համարի թեկնածուի՝ ՀՀ քաղաքացիության վերաբերյալ առկա են սահմանադրական պահանջներին համապատասխանության կասկածներ, որոնց առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բացի այդ, հղում է կատարվում մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ Հայաստան են ներթափանցել մեծածավալ դրամական միջոցներ, որոնք ենթադրաբար կապվում են դաշինքի հետ և կարող են օգտագործվել ընտրական գործընթացների վրա ազդելու նպատակով։ Դիմումին կցվել են գլխավոր դատախազին ներկայացված հանցագործության մասին հաղորդումը, ընտրակաշառքի վերաբերյալ հրապարակված նյութեր և միջազգային փորձին վերաբերող տեղեկանք։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդևանյանն ու Գոհար Մելոյանը ԿԸՀ նիստում հայտարարեցին, որ «Հանրապետություն» կուսակցության դիմումը չի պարունակում բավարար փաստական և իրավական հիմքեր, որոնք կվկայեն այնտեղ նշված խախտումների կամ մեղադրանքների առկայության մասին, և, ըստ նրանց, ներկայացված պնդումները հիմնավորված չեն համապատասխան ապացույցներով։ Ավելին՝ դաշինքի առաջին համարի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնված չէ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել