Քվեարկելու իրավունք ունի 1465 դատապարտյալ և կալանավորված անձ
2026թ. հունիսի 1-ի դրությամբ 9 քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող 1465 անձ իրավունք ունի մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին: Այս մասին «Հետք»-ին հայտնել է Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Արայիկ Ավետիսյանը:
«Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում են պահվում քվեարկելու իրավունք ունեցող ամենաշատ դատապարտյալները, իսկ ամենաքիչը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում:
Ընտրական իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք։
Քրեակատարողական ծառայությունից հետաքրքրվել ենք, թե ազատությունից զրկված անձինք ինչպես են ծանոթացել ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերին: Ի պատասխան, նշել են, որ քրեակատարողական հիմնարկներում ընտրությունների նախապատրաստման, անցկացման կարգը սահմանել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ըստ որի՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկությունից 10 օր առաջ քրեակատարողական հիմնարկ է ուղարկում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության վերաբերյալ հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող նյութերը:
«Քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձինք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դրանց թեկնածուների և ընտրական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթանում են նաև հեռուստատեսայինհաղորդումների, նյութերի և ռադիոյով փոխանցվող տեղեկատվության միջոցով»,- տեղեկացնում է ՔԿԾ շտաբի պետ Արայիկ Ավետիսյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026թ. մայիսի 28-ի արտահերթ նիստում սահմանել է ԱԺ հերթական ընտրություններին քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը։ Ըստ որի՝
- «Երևան-Կենտրոն» ՔԿՀ (9/61 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 17։00
- «Նուբարաշեն» ՔԿՀ (10/56 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 11։00
- «Վարդաշեն» ՔԿՀ (10/57 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 14։00
- «Արմավիր» ՔԿՀ (14/65 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 11։00
- «Վանաձոր» ՔԿՀ (23/64 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 14։00
- «Սևան» ՔԿՀ (26/41 տեղամաս), քվեարկության սկիզբ՝ 11։00
- «Աբովյան» ՔԿՀ (29/51 տեղամաս), քվեարկության սկիզբ՝ 15։00
- «Արթիկ» ՔԿՀ (33/55 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 12։00
- «Գորիս» ՔԿՀ (34/75 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 15։00
Վերոնշյալ բոլոր ՔԿՀ-ներում ձևավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներ: Քվեարկությունն ավարտվելու է 20։00-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել