Բլոգեր Փիղն ու «ՉԻ»-ն դատարանում են
Հուլիսի 24-ին բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ) իր ֆեյսբուքյան էջին գրել էր, որ դատի է տվել «Չորրորդ ինքնիշխանությանը»՝ «Ֆաշիստն ու փիղը. ի պաշտպանություն փղերի» հոդվածում նրա հասցեին հնչեցրած և զրպարտություն ու վիրավորանք պարունակող հայհոյանքների հիմքով:
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ կայացավ Տիգրան Քոչարյանն ընդդեմ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի նախնական դատական նիստը:
Այսօրվա նիստին ներկա պատասխանող «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը դատարանին հայտնեց, որ փոստային խնդիրների պատճառով իրենք հայցը ստացել են օգոստոսի 23-ին և ժամանակ չեն ունեցել հայցապահանջին պատասխան ներկայացնելու:
Հայցվոր Տիգրան Քոչարյանի ներկայացուցիչ Անահիտ Սարդարյանը չառարկեց, որպեսզի պատասխանողին ժամանակ տրամադրվի պատասխան գրելու, և միաժամանակ դատարանին ներկայացրեց որոշ փաստաթղթեր, որոնք վերաբերում էին հայցվորին՝ մասնավորապես նրա կրթությանը, բուհերին, որոնք նա ավարտել է:
Դատարանը նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 24-ը՝ ժամանակ տրամադրելով պատասխանողին հայցապահանջին պատասխան ներկայացնելու համար:
Լուսանկարը՝ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել